26 Մայիս 2016, 18:34
4349 |

Երևանի SNKH-չիները

Չկա ավելի լավ բան, քան երբ երկու երիտասարդներ, ում հետ շատ պատահական ծանոթացել ես եսիմ քանի տարի առաջ Վարդավառի տոնին՝ միավորվելով ընդդեմ Կարապի լճից գրոհող մանրապճեղների ջոկատների, աչքիդ առաջ կամաց-կամաց վեր են բարձրանում իրենց իսկ (նախա)գծած աստիճաններով։ Ավելին՝ ամեն անգամ քիթդ մի քիչ վեր ցցելով գլուխ ես գովում, որ այսօր մեր ու ձեր Երևանում ճաշակ ու ոճ թելադրող, ինչ-որ տեղ քաղաքը բուժող այդ (արդեն) ամուսինները քո ընկերներն ու համախոհներն են։ Աշոտն ու Արմինեն սկզբում սիրահարվեցին ճարտարապետությանը, հետո՝ իրար, իսկ հետո ծնվեց SNKH ճարտարապետական արվեստանոցը՝ երկուսի համառության, մի քիչ էլ կամակորության արդյունքը։

ՌՈՄԱՆՏԻԶՄ ՉԿԱ՞

Չնայած, որ արվեստանոցում նրանց գլխին գործից չուշանալու մասին քարոզ կարդացող չկա, երիտասարդ ճարտարապետներն ամեն օր առավոտյան 10-ից պարտաճանաչ նստում են համակարգիչների առաջ ու անցնում գործի (և այդ գործը, որպես կանոն, ուղեկցվում է գժական երաժշտությամբ):

Արմինե. Նախկինում տարբեր արվեստանոցներում աշխատելու փորձի շնորհիվ թայմ մենեջմենթի հետ խնդիր չունենք, դրա համար և՛ ապրելը, և՛ աշխատանքը նույն վայրում կազմակերպելն էդքան էլ դժվար չի։ Իհարկե, լինում ա, որ արանքում տան գործ եմ անում (ասում է՝ փչելով թարմ-թարմ քսած մանիկյուրը), բայց մյուս կողմից էլ, օրինակ, եթե վատ ես զգում, գիտես՝ կարող ես մի կես ժամ պառկել, հանգստանալ, հետո նորից անցնել գործի։

 

 George Harrison - While my guitar gently wheeps

 

Արմինե. Ես Ռուսաստանում եմ մեծացել ու երբ օգոստոսին եկա Երևան՝ ինստիտուտ ընդունվելու, արդեն ահագին ուշ էր։ Դասերը պիտի սկսվեին սեպտեմբերի 14-ին, իսկ ես ամսի 12-ին վերջին քննությունը նոր-նոր հանձնելու էի ու կամ երկու օրից կգնայի դասի, կամ չէ։ Հիշում եմ, որ մամայիս ու քրոջս հետ ման էինք գալիս քաղաքում, հետո գնացինք կանգառ, որ մարշրուտկա նստենք, մեկ էլ կանգառում տեսա Աշոտին։ Մամային ասեցի. «Մա՜մ, հլը նայի ինչ հավես տղայա՜»։ 

Աշոտը փորձ է անում կանխել այս պատմության բարձաձայնումը, բայց արդեն ուշ է:

Արմինե. Հա, ուրեմն սեպտեմբերի 5-ն էր ինչ էր, գնացի ինստիտուտ, մեկ էլ տեսնեմ՝ Աշոտն էլ ա մտնում, մտածեցի. «Յա՜, ինքն էլ ա ստեղ սովորում»։ Հետո ընդունվեցի, առաջին օրը եկա դասի, ու ի՞նչ, ճիշտ ա, Աշոտն էլ մտավ նույն լսարանը, մտքումս ասեցի. «Պահո՜, քաշվեցի ես»։ Սեպտեմբերի 26-ին ծնունդս էր, կուրսում 75 հոգի էինք, դեռ բոլորս չէինք ճանաչում իրար։ Աշոտը սկի անունս չգիտեր, բայց եկավ պաչեց, շնորհավորեց բան... Տենց նոյեմբերին կլինի 10 տարի, որ միասին ենք։ Մեկ-մեկ ասում ա, որ խուճուճ չլինեի, չէր սիրի ինձ։

 ՔՈՉԱՐ 13

Պարտադիր չէ նկարիչ կամ քանդակագործ լինես, որպեսզի երազես ապրել այս շենքում։ Բարձր առաստաղը, շենքից բացվող տեսարանն ու մեկի փոխարեն երկհարկանի տուն/արվեստանոց/ցուցասրահ ունենալու հեռանկարը չափազանց գայթակղիչ է ցանկացած մեկի համար, ով անտարբեր չի իր ապրելու միջավայրի կամ, ընդհանրապես, ոչ ստանդարտ նախագծով շենքերի հանդեպ։ SNKH արվեստանոցը ոչ միայն այդ շենքի մասն է, այլև Սնխչյանների թեթև ձեռքով վերածվել է իսկական դրախտի Instagram-ի ակտիվ օգտագործողների համար։

Աշոտ. Նկարիչների շենքում առաջին անգամ մեզնից ես եմ էղել. պրակտիկայի էի գալիս «ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվեստանոց։ Առաջին անգամ, որ եկա, դուր եկավ շենքը շատ, արվեստանոցների կառուցվածքն էլ։ Հետո Արմինեն էլ մի երկու անգամ եղավ, ինքն էլ հավանեց, ու որոշեցինք, որ պետք ա տուն ունենանք ստեղ։ Սկսեցինք դիզայնն անել, լրիվ մեր ուժերով վերանորոգեցինք։ Ընդ որում՝ վերանորոգումն արել ու կահույքի մեծ մասը մեր առաջին պատվերից ստացած գումարով ենք առել, որն առանձնապես շատ էլ չէր։ Ու տենց, ստացվեց, սկսեցինք ստեղ ապրել։

Jamiroquai – God Made Me Funky

SNKH

Արմինե. Ինստիտուտն ավարտելուց՝ դիպլոմայինից անմիջապես հետո միասին նախագիծ անելու պատվեր ստացանք։ Գիտեին, որ երկուսս էլ ճարտարապետ ենք, ու ուզում էին, որ երկուսով անենք։ Նախագիծը բնակելի շենք էր Ռուսաստանում, մենք էլ դե նոր ավարտած էինք ու շատ ոգևորված։ Էնքան էինք ուրախացել, որ մեզ նախագիծ են պատվիրել, մտածում էինք՝ ինչ էլ լինի, կանենք։ Աշխատեցինք, նախագծեցինք ու շատ լավ ստացվեց, չնայած մտածում էինք՝ բարդ կլինի, իրար հետ լեզու չենք գտնի կամ չենք կարողանա երկուսով մի նախագծի վրա աշխատել։ Բայց տեսանք, որ լավ էլ ստացվեց ու դրանից հետո սկսեցինք պարբերաբար պատվերներ ստանալ։ Դա 2012 թվին էր, այդ ժամանակ ամեն մեկս տարբեր ճարտարապետական արվեստանոցներում էինք աշխատում։ Բայց քանի որ երկուսով էլ էինք պատվերներ ստանում, 2 տարի հետո որոշեցինք դուրս գալ աշխատանքից ու մեր արվեստանոցը հիմնել, որ մենք մեզ համար աշխատենք։

Աշոտ. Իրականում շատ առումներով և՛ տան, և՛ արվեստանոցի մի տեղ լինելն իր բացասական կողմերն էլ ունի, որովհետև անընդհատ գործի մասին ես մտածում։

Արմինե. Հա, գործը վերջացնում ես, շուրջդ լիքը թղթեր, դափոններով գծագրեր են շարած, ու ակամա գործից հետո էլ ես գործի մասին մտածում։ Դրա համար պայմանավորվել ենք, որ 2-րդ հարկում գործից չենք խոսում. առաջին հարկը արվեստանոցն ա, երկրորդ հարկը՝ տունը։ Ու որ հանկարծ վերևի հարկում իրիկունը ինչ-որ բան եմ հիշում, Աշոտին ասում եմ, նեռվայնանում ա։

Աշոտ. Ըհը... Բայց ոչինչ, հեսա մեր մյուս տան վերանորոգումը կվերջացնենք, կտեղափոխվենք ու սա արդեն լրիվ արվեստանոց կդառնա, որ գանք, գործ անենք, հետո գնանք տուն։

Donny Hathaway – The Ghetto

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Ճարտարապետ լինելը, ինչպես պարզեցինք տեղում, դեռ չի նշանակում առավոտից երեկո շենք նախագծել կամ կառուցել։ Այս մասնագիտությունը շատ բազմաշերտ է ու ժամանակի ընթացքում յուրաքանչյուրը գտնում է այն ոլորտը, որտեղ զգում է, որ ավելի շատ անելիք ու ասելիք ունի։

Աշոտ. Հիմա մենք հիմնականում ինտերյերի դիզայն ենք անում։ Փախած, աննորմալ տարածքներ շատ են լինում, որոնց դիզայնի վրա շատ ենք գլուխ ջարդում։ Օրինակ, մի անգամ մեր ընկերոջ տան դիզայնն էինք անում, Չաուշի արձանի մոտի բարձրահարկերից մեկում էր տունը ու մի հատ տարօրինակ սուր անկյուն ուներ, որ չգիտեինք՝ դրա հետ ինչ անենք։ Մի անգամ էլ Հյուսիսային պողոտայի էն դալանում էինք նախագիծ անում։ Ոնցոր վագոն լիներ, մի ծերից մուտքն էր, մյուս կողմից՝ մի պատուհան։ Շատ անսովոր տարածք էր, որի հետ դժվար էր աշխատելը, բայց մյուս կողմից մեզ էլ էր հետաքրքիր, թե ինչ կստացվի։

Արմինե. Ինչքան բարդ ա նախագիծը, էնքան հավես ա աշխատելը ու նոր բաներ փորձելու հնարավորություն կա։

Աշոտ. Մի պահ մտածում էի, որ տենց տարօրինակ տարածքներ են տալիս, շատ ենք գլուխ ջարդում ամեն նախագծի վրա։

Արմինե. Աշը առանց էդ էլ շատ չի սիրում տան ինտերյեր անել, տանել չի կարողանում։

Աշոտ. Միսակի (ճարտարապետ Միսակ Խոստիկյան – խմբ.) հետ խոսեցինք, իր կարծիքն էինք ուզում իմանալ, ինքն էլ մի կարևոր բան շեշտեց մեզ համար՝ ասելով, որ մենք, միևնույն է, ցանկացած հաջորդ նախագծի համար էքսպերիմենտների ենք գնում, ու մեծ հաշվով մեզ համար տարբերություն էլ չպիտի լինի, թե ինչ տարածքում ենք այդ էքսպերիմենտները անում։ Դրանից հետո մի տեսակ փոխվեց մեր վերաբերմունքն աշխատանքին ու ավելի շատ հաճույք սկսեցինք ստանալ նախագծելու, դիզայնը մշակելու ընթացքից։


Black Sugar – The Loser

 

---

 

Աշոտ. Արմ, ի՞նչ ուտենք, պիցցա, չէ՞

Արմինե. Չէ էլի, արի բուրգեր

Աշոտ. Չէ՜, պիցցա, ի՞նչ պիցցա բայց

Արմինե. Չէ բուրգեր, ես բուրգեր եմ ուզո՜ւմ

Աշոտ. Պիցցա

Արմինե. Բուրգեր

Աշոտ. Հա լավ... Բայց ի՞նչ բուրգեր ուտենք...

  Stevie Wonder - For Once In My Life

 Շարունակությունը`  «ԵՐԵՎԱՆ» ամսագիրի հատուկ թհամարում

 

Այս թեմայով