21 Ապրիլ 2016, 17:39
3629 |

Հայաստանը պետք է զարգացնի ջազային ավանդույթները. Կամո Մովսեսյան

Խորհրդային Երևանը ջազային քաղաքի համբավ ուներ ամբողջ միությունում: Այստեղ բազմաթիվ խմբեր, նվագախմբեր ու տասնյակ տաղանդավոր երաժիշտներ էին գործունեություն ծավալում: Անկախության տարիներին ջազային ալիքը գնալով նվազեց: Երևի թե դա էր պատճառը, որ ծնվեց Ջազի հայկական ասոցիացիա ստեղծելու գաղափարը: Ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը Imyerevan.com-ի հետ զրույցում պատմել է կազմակերպության գաղափարախոսության, անելիքների ու Երևանի ջազային ավանդույթները զարգացնելու մասին:

Երբ հիմնադրում էիք Ջազի հայկական ասոցիացիան, ի՞նչ ակնկալիքներ ու նպատակներ ունեիք դրած ձեր առաջ:

-Ես երևանցի եմ, անչափ սիրում եմ իմ քաղաքն ու միշտ ցանկացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Երևանը հայտնի դարձնելու գործում: Երբ հիմնադրում էինք ասոցիացիան, նպատակ դրեցինք զարգացնել ջազը որպես երևույթ ու գաղափար, այլ երկրների ասոցիացիաների հետ կապեր հաստատել ու հենց ջազի միջոցով պրոպագանդել առհասարակ լավ երաժշտությունը:

Ասոցիացիայի ամենամեծ ձեռբերումը թերևս  նախորդ տարի կայացած Yerevan Jazz Fest 2015-ն էր, ո՞րն էր փառատոնի իրականացրած առաջնային խնդիրը:

Երկրներն ու քաղաքները աշխարհին հայտնի են դառնում առավելապես փառատոների միջոցով, ինչի ուղղությամբ մենք պետք է դեռ երկար աշխատենք՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում կազմակերպելով բազմաբնույթ երաժշտական ու մշակութային ամենամյա փառատոներ: Yerevan Jazz Fest 2015-ը մեծ ձեռքբերում էր  այդ կոնտեքստում:



Ի՞նչ տվեց փառատոնը մեր քաղաքին, արդարացա՞ն սպասելիքները:

Փառատոնային երեք օրերը աշխուժացրեցին Երևանի մշակութային կյանքը: Մարզահամերգային համալիրը բոլոր օրերին մարդաշատ էր, հայ և օտարերկրացի երաժիշտների յուրատեսակ հանդիպում էր, որ շատ դրական արձագանք գտավ: Ասոցիացիայի անունից դիմել էինք աշխարհում ամենահայտնի երաժշտական հեռուստաալիքին` Mezzo TV–ին: Օրական մի քանի անգամ հեռուստաալիքը տեղեկացնում էր միջոցառման մասին: Արդյունքում Yerevan Jazz Fest 2015–ը տարածաշրջանում դարձավ առաջին ջազ–փառատոնը է, որը ներկայացրին այդ ալիքով։ Կարևոր է, որպեսզի աշխարհն իմանա, որ կա Երևանի ջազի միջազգային փառատոն։

Դրան զուգահեռ շատ ենք լսում տապալված համերգների մասին:  Ըստ Ձեզ, ո՞րն է պրոդյուսերական ընկերությունների բացթողումը:

- Հիմնական սխալները շատ են, բայց կարևորներից մեկը այն է, որ առանց վերջնական համաձայնություն ու պայմանագիր ունենալու, որոշ ընկերություններ սկսում են գովազդային արշավն ու տոմսեր վաճառում: Սխալ բանակցություններ վարելուց հետո երգիչը կամ խումբը հրաժարվում է հանդես գալ Հայաստանում, իսկ կազմակերպիչները կանգնում են խնդրի առաջ: Կարծում եմ պետությունն այս գործում կարող է կարգավորիչ դեր ունենալ:

Դուք հիմնադիրն եք նաև Mezzo Production ընկերության, որը արդեն 5 տարի կազմակերպում է մեծ ճանաչում ունեցող արտիստների ելույթները Հայաստանում: Ի՞նչ տրամաբանությամբ եք ընտրում ու հրավիրում նրանց:

-Mezzo Production-ի նպատակը գումար աշխատելուց բացի նաև հայ արվեստասերների պահանջները բավարարելն է: Որակյալ երաժշտության պակաս կա մեր երկրում, կա նաև մշակութային երկխոսության կարիքը: Ընտրում ենք ջազ, բլյուզ, ֆոլք, ռոք և այլ ժանրերում հանդես եկող խմբերի կամ երգիչների: Նրանցից շատերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում: Կարևոր ենք համարում, որ բացահայտեն նաև Հայաստանն ու հայ ունկնդրին: Որպես կանոն՝ նրանք հիացած են գնում մեր երկրից ու մեծ հաճույքով համաձայնում հետագայում նորից համագործակցություն ունենալ:




Նկատել եմ, որ դուք համերգների երթուղիներից բաց չեք թողնում նաև մարզերը:

-Այո, հնարավորության դեպքում համերգներ ենք կազմակերպում նաև Երևանից դուրս: Մշակույթը մայրաքաղաքում կենտրոնացնելը սխալ որոշում կլիներ: Ապրիլի 17-ին Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Jazz Connection նախագծի համերգը: Մեկ բեմում էին տաղանդավոր երաժիշտներ Սերգեյ Մանուկյանը(Ռուսաստան), Վահագն Հայրապետյանը (Հայաստան) և Լորեն Ռոբինը (Ֆրանսիա): Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է ու կարիք ունի լավ երաժշտության, նման նախագծերով փորձում ենք լրացնել բացը:  Վստահ եմ, որ սա հայ և արտասահմանցի երաժիշտների վերջին համագործակցությունը չի լինի «Արվեստը սահմաններ չի ճանաչում» գաղափարի ներքո:

 

Այս թեմայով