01 Մարտ 2016, 20:14
3267 |

3D Street Painting. 6 քայլ դեպի եռաչափ նկարչությունը

1980-ականներին Քըրթ Ուեներն (Kurt Wenner) առաջին անգամ ասֆալտին 3D (եռաչափ) կամ մեկ կետից դիտվող պատկեր նկարեց` նոր շունչ հաղորդելով վերածննդի դարաշրջանի վարպետների մշակած 500-ամյա տեխնիկային: Այսօր արդեն 3D նկարչությունն ամբողջ աշխարհում հսկայական տարածում է ստացել: Դրանց կարող ենք հանդիպել բոլոր քիչ թե շատ մեծ քաղաքների տեսարժան վայրերի ցանկում: Երևանյան ասֆալտի վրա էլ 3-4 տարի առաջ 3D պատկերների մի քանի տարբերակ հայտնվեց… և վերջ: Իսկ ի՞նչ է պետք իմանալ և ինչպե՞ս ստանալ եռաչափ պատկերներ. 6 խորհուրդ սկսնակների համար.

  1. Սկսնակներին խորհուրդ է տրվում իրենց կարողություններն առաջին հերթին փորձել հասարակ թղթի վրա. նախ ձեր (ամենայն հավանականությամբ) չստացված պարզունակ փորձերը ոչ ոք չի տեսնի և կխուսափեք ավելորդ ծաղրանքից, բացի այդ` թուղթը մարզվելու և նոր գիտելիքները յուրացնելու համար կատարյալ տարբերակ է: Ի դեպ, անգամ այս ոլորտում փորձառու նկարիչները հիմնականում առաջին էսքիզը թղթի վրա են անում, հետո նոր դուրս գալիս փողոց:

 

  1. Եռաչափ պատկերի հետ գործ ունենալու համար նախ պետք է յուրացնել հեռանկարի նրբությունները, հասկանալ ծավալի և տարածաչափության հիմնական օրենքներն ու ունենալ լավ զարգացած տարածաչափական մտածողություն:

 

  1. Որպեսզի եռաչափ պատկերն իսկապես ազդեցիկ լինի, պետք է ընտրել հստակ տեսանկյուն ու այն կետը, որտեղից էլ նայելու է դիտորդը: Հենց այս կետից է, որ ձեր նկարը եռաչափ կթվա: Լավ կանեք այն նշեք հատուկ ցուցանակով` նշելով. «Նայել և նկարել այս կետից»: Մյուս անկյուններից եռաչափ նկարը կլինի ձգված ու լղոզված անհասկանալի մի պատկեր: Ի դեպ, որքան մասշտաբային լինի ձեր ընտրած տեսարանը կամ օբյեկտը, այնքան շատ տարածք կզբաղեցնի: 3D նկարները միջինում սովորականից 2-ից 3 անգամ շատ տեղ են զբաղեցնում:

 

  1. Այնուհետև անհրաժեշտ է հստակ հասկանալ` որտեղից է պատկերի վրա լույս ընկնում, քանի որ հենց դրանից է կախված նկարի վրա շողքերի տեղն ու խտությունը: Շողքի դերն այս դեպքում գերագնահատելը դժվար է, քանի որ դրանք հարթ պատկերին ծավալ են հաղորդում: Եթե լույսը, մտահախացման համաձայն, պատկերի վրա առջևից է ընկնում, ծավալուն առարկաները պետք է նկարել եզրերից ավելի մուգ, կենտրոնում` բաց երանգներով: Իսկ եթե լույսը կողքից է լինելու, բաց երանգով պետք է ներկել համապատասխան կողմը և աստիճանաբար մգացնել երանգը: 

 

  1. Սկզբի համար ավելի լավ է սովորեք նկարել պարզ երկրաչափական պատկերների եռաչափ տարբերակները` խորանարդեր և զուգահեռանիստեր: Դրա համար երեք առանց նկարեք, ինչպես երկրաչափության դասերի ժամանակ: Աստիճանաբար վարպետանալով` կարող եք անցնել կլորավուն պատկերներին, իսկ վերջում էլ հրաժարվել առանցքներից: Առաջին աշխատանքների համար նաև խորհուրդ է տրվում հրաժարվել գույներից և նկարել սև-սպիտակ պատկերներ:

 

  1. Եվ վերջին խորհուրդը, եթե արդեն իսկ բավական վարպետացել եք և ուզում եք ձեր ուժերը փորձել ասֆալտի վրա, հրաժարվեք հստակ ուրվագծվող ուղղանկյուն սահմաններից: Հետին պլանը ցանկալի է ընտրել այնպիսին, որ ներդաշնակի այն մակերեսի գույնի հետ, որի վրա նկարելու եք:

 

Ինչպես ասում են` ի զեն. գունավորեք մեր քաղաքի փողոցները, հրապարակներն ու մայթերը, իսկ եթե չստացվի, հոգ չէ. մեզ մոտ ասֆալտը հաճախ է թարմացվում, հատկապես` Կենտրոնում:

 

Այս թեմայով