25 Հունվար 2016, 19:20
2693 |

Artem Valter (Արտեմ Վալտեր)` Արցախի բարբառը, հաջողված աշխատանքի բաղատրատոմսն ու երաժշտական կոլորիտը

Արցախի բարբառի չքնաղ կոլորիտը, անպատասխան սիրո մասին յուրահատուկ կերպով արտահայտվելու ձևը, տարբերվող ռիթմերն ու սեփական աշխատանքից ստացած աներևակայելի հաճույքը. այս ամենը բնութագրում է Artem Valter (Արտեմ Վալտեր) - ին: Թերևս շատերը կհիշեն «Ալո-ալո» երգը, որը  միանգամից գրավեց համացանցն, ու, կարելի է ասել, մեծ աժիոտաժ առաջացրեց հայ հանրության մեջ: Այն ժամանակ Tim de Beatz բեմական անվամբ հանդես եկող երգիչը եկավ կոտրելու կարծրատիպերն ու ապացուցելու, որ երաժշտությունը չունի սահմաններ, լեզվամտածողություն, սահմանափակումներ ու տարանջատումներ: Եթե քո մտքին Արցախի բարբառով երգ գրելն ու երգելն է, ապա պետք է անել դա՝ առանց որևէ ավելորդ բաների մասին մտածելու:

Երգիչ, երգահան, պրոդյուսեր. այս ամենը Արտեմ Վալտերը համադրում է սիրով, առանց որևէ ջանք խնայելու : Մեզ հետ զրույցում արտիստը նշում է՝ թե պրոդյուսինգը, թե երգ գրելը, թե  այն կատարելը մի ամբողջական աշխատանքի արդյունք են և փոխլրացնում են իրար: Կարծում է՝  նշանակություն չունի, թե ում հետ և ինչպես ես աշխատում. դա էական չէ: 

«Եթե ինչ-որ մեկը պնդում է, թե գիտի հաջողված երգ գրելու բաղադրատոմսը, ուրեմն ստում է: Բոլոր երգահաններն ու պրոդյուսերները, երգը ստեղծելիս առաջնորդվում են իրենց ճաշակով և զգացմունքներով: Բայց մենք երբեք չգիտենք՝ լսողի դուրը կգա՞, թե՞ ոչ, կցանկանա՞ արդյոք նորից լսել, թե՞ մեկ անգամ կլսի ու վերջ»,- նշում է Արտեմն ու հավելում.«Ամեն մի երգ զգացմունքների տեսանկյունից ինչ-որ իրավիճակի արտացոլումն է. երբեմն դա քոնն է, երբեմն՝ ուրիշինը, երբեմն էլ՝ ինչ-որ ազդեցիկ ֆիլմից, գրքից ու նկարից ստացած տպավորությունը»:

 

Նյարդայնանում է «հայկական երգարվեստ» արտահայտությունից.  «Հայկական երգարվեստը ո՞րն է, աշուղներից մինչև Արման Հովհաննիսյա՞ն: Ես այդ ամենում չկամ»,- անկեղծանում է հեղինակ-կատարողը: Նա նաև խուսափում է «քաղցրաձայն ղարաբաղցի»  բնորոշումից ու կարծում, որ ամենաքաղցրաձայն ղարաբաղցին Վարդան Բադալյանն է: Այն հարցին, թե ինչպես առաջացավ Արցախի բարբառով ստեղծագործելու միտքը, Արտեմը կեսկատակ-կեսլուրջ պատասխանում է. «Ինչ-որ տեղից, որտեղից գալիս են բոլոր ստեղծագործական մտքերը» :

 Pop, Electronic, RnB, Hip-hop ոճերում ստեղծագործող երաժիշտն այս ասպարեզում որևէ բան փոխելու ցանկություն չունի, վստահ է՝ փոխողը ունկնդիրն է . «Ես ո՞վ եմ, որ բան փոխեմ: Ես անում եմ միայն այն, ինչ սիրում եմ, այն մարդկանց համար, ովքեր հավանում են ու ցանկանում շարունակություն»: Նա վստահորեն պնդում է՝ այս ասպարեզում եթե ֆանատիկորեն չես վերաբերում քո աշխատանքին, ուրեմն սա քո տեղը չէ...

 

Այս թեմայով