26 Նոյեմբեր 2015, 23:00
2007 |

Adele - "25". ձանձրույթից մինչև բերկրանք

Երաժշտական աշխարհը ցնծության մեջ է: Երկարատև՝ 5-ամյա դադարից հետո երգչուհի Ադելը թողարկել է իր՝ թվով 3-րդ երաժշտական ալբոմը: Բրիտանացի փոփ դիվան կրկին վերադառնում է երբեմնի փառքին ու վստահորեն փաստում, որ «վայր չի դնի թագն» ու դեռ երկար կմնա երաժշտական Օլիմպի բարձրակետում: Ասվածի վառ ապացույցը մեկ օրում ալբոմի` մեկ միլիոն օրինակից ավելի վաճառքն ու հնարավոր ու անհնարին հիթ-շքերթներում առաջատար դիրքերում մնալն է: Թերևս սա տարվա լավագույն երաժշտական ալբոմի ակնհայտ թեկնածուներից մեկն է:

"25"-ն իրենից ներկայացնում է երաժշտական էքսպերիմենտների, բազմաժանրության, «խելահեղ» ռոմանտիզմի, պաթետիկ արտահայտչամիջոցների, տեղ-տեղ՝ սուիցիդալ երանգավորումների, դրամատիկ-գեղագիտական հետաքրքիր լուծումների մի յուրօրինակ համադրություն: Նախորդ երկու ալբոմներում այս համադրությունն իսպառ բացակայում էր, ուստի երգչուհին կարծես սրանով փորձ է անում դուրս գալ միօրինակության ու միատարրության «ճիրաններից» և նոր թափով շարժվում է առաջ: Պետք է ասել, որ դա, եթե ոչ հեշտությամբ, բայց, այնուամենայնիվ, ստացվում է: Ադելի հիմնական ու գլխավոր «զենքը» եղել և մնում է ամուր վոկալը, ինչի շնորհիվ երգչուհու ողջ ստեղծագործական (դեռևս կարճ) ուղին շարունակում է ուղեկցվել աներևակայելի հաջողություններով: Հանդիսատեսն ամեն անգամ նորովի է բացահայտում 25-ամյա երգչուհու ձայնային-կատարողական հնարավորություններն ու ինչ-ինչ կարողությունները, ինչի հետևանքով երաժշտական-տեքստային կառույցը,կարծեք թե, մղվում է երկրորդական պլան: Հարկ է նշել, որ ամբողջական երաժշտական-կառուցվածքային տեսանկյունից սա այնքան էլ ճիշտ չէ, առաջացնում է աններդաշնակություն կատարողի և երգի միջև: Ադելը հնարավոր լուծումը գտել է "Million Years Ago" երգով, որն, անշուշտ, ձայնասկավառակի ամենահաջողված աշխատանքներից է:

 

Ժանրային առանձնահատկություններով ու բազմազանությամբ "25"-ն ունի մեծ առավելություններ նախորդ ալբոմների նկատմամբ. յուրաքանչյուր մարդու համար (նույնիսկ ամենաանտեղյակ մելոմանի) պարզ ու ակնհայտ է, որ երգչուհին փորձել է ստեղծել բազմաժանր աշխատանք՝ այդպիսով համադրելով փոփ, սոուլ, բլյուզ, R’n’B տարրեր: Արդյունքում ստանում ենք երաժշտական բազմազանության մի պատկեր, որը հետաքրքիր է, տպավորիչ, արդիական :

 Առանձնակի ուշադրության է արժանի ալբոմի գլխավոր երգը՝ "Hello"-ն, որն արդեն հիթ է դարձել ամբողջ աշխարհում: Այս երգում Ադելն իր ամպլուայի մեջ է, իրեն զգում է ազատ, վստահ, զարմանալի չէ, որ այն արժանացավ միլիոնավոր մարդկանց ուշադրությանն ու սիրուն: Երգչուհին անտարբեր չի մնացել երաժշտական «կենդանի» գործիքների նկատմամբ: Վերոնշյալ "Million years ago" երգում ակուստիկ կիթառի, "All i ask"-ում դաշնամուրի, "Love in the Dark"-ում սիմֆոնիկ գեղեցիկ ու ներդաշնակ հնչողությունը ևս մեկ անգամ փաստում է,՝երգչուհին զերծ է մնում ժամանակակից «աղմկոտ» ինչ-ինչ երաժշտամիջոցներից:

 

Ի վերջո, ինչի՞ մասին է երգում երգչուհին. գաղափարական առումով ոչ մի նորություն: Նույն անվերջանալի տխուր, տաղտկալի պատմություննները, որոնք կարծես անընդհատ կրկնվում են երգից երգ, արտահայտչամիջոցներում առկա պեսիմիստական ուղղվածությունը ևս մեկ անգամ հիշեցնում է որ մենք գործ ունենք հանելուկային մի «երևույթի»՝ Ադելի հետ: Թե ինչու է երգչուհին, գտնվելով երիտասարդության ամենաեռուն շրջանում, երգում ծերության մասին, ներկայացնում իր երիտասարդությունն անցյալ ժամանակով, անհայտ է, սակայն ակնհայտ է մի բան. այս ամենը գտնվում է արտիստուհու խիստ անձնական անհանգստությունների, մտորումների ու մտածմունքների սահմաններում, ուստի պետք է շնորհակալություն հայտնել նրան այդ ամենը մեզ հետ կիսելու համար. ոչ բոլորն են ունակ մատուցել իրենց անձնականն այնպես, որ հաշվի չառնելով նույնիսկ ամենապարզունակ տողը, անկացնես քո միջով այն: Սա եզակի ֆենոմեն է ժամանակակից երգարվեստում, ուստի այս ձայնասկավառակի ( առհասարակ, Ադելի ողջ ստեղծագործական գործունեության) գեղագիտական արժեքը շատ բարձր է: Հենց այս գործոնների շնորհիվ էլ կարող ենք վստահել լինել, որ այս երգչուհու ստեղծագործությունները նույն սիրով կլսեն նաև տարիներ անց:

Այս թեմայով