23 Նոյեմբեր 2015, 13:41
1712 |

Բրիտանական ժամանակակից բլյուզ-ռոք. Բեն Փուլը ելույթ կունենա Երևանում

Դեկտեմբերի 3-ին «Մեցցո» ակումբում ելույթ կունենա բրիտանացի հայտնի բլյուզ-ռոք երաժիշտ Բեն Փուլը (Ben Poole), ով ժամանակին գովեստի խոսքերի է արժանացել հայտնի կիթառահարներ Գարի Մուռից (Gary Moore) և Ջեֆ Բեկից (Jeff Beck): Նրա հետ հանդես կգան բենդի անդամները (բաս կիթառ, հարվածային եւ ստեղնաշարային գործիքներ):

Համաշխարհային շրջագայության ընթացքում Փուլը նաեւ ժամանակ է գտել Հայաստանի համար: Փոքր ձեւաչափով համերգի նախաձեռնողներն են Եվրոպական բլյուզ կրուիզի կազմակերպիչները (European Blues Cruise, France)՝ Բլյուզի հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Հայաստանում երաժշտության այս ոճի մեծ սիրահարներից մեկը Հայաստանի բլյուզի ասոցիացիայի նախագահ Վահան Դանիելյանն է: Imyerevan.com-ը զրուցել է նրա հետ ու որոշ մանրամասներ պարզել մոտագա համերգի մասին:

«Շուրջ երկու ամիս տեւած բանակցություններից հետո Բեն Փուլը համաձայնեց գալ հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալու: Բացի այդ, Բենը անձամբ էր հետաքրքրված Հայաստանով՝ ցանկացավ այցելել ու մի քանի օր անցկացնել այստեղ: Հավանաբար կայցելի որոշ հայտնի վայրեր, կշրջի Հայաստանով ու կբավարարի հետաքրքրասիրությունը»:

 «Եվրոպայում ու աշխարհում հայտնի երաժիշտների այցելությունները Հայաստան անգնահատելի են: Նրանք Հին Աշխարհի կողքին՝ Կովկասում, հայտնաբերում են մի երկիր, որը հարուստ երաժշտական ժառանգություն ունի ու ոչ պակաս ներդրում է ունեցել դրա զարգացման մեջ, քան իրենք՝ եվրոպացիները»:

 «Համերգի ընթացքում նախատեսում ենք նաեւ jam session կազմերպել: Դրա ընթացքում Բեն Փուլը հնարավորություն կունենա մեկ բեմում հանդես գալ հայ երաժիշտների  հետ: Թե ովքեր են ելույթ ունենալու՝ թող գաղտնիք մնա: Հանդիսատեսը բեմում վստահաբար հայտնի դեմքերի կտեսնի»:

 «Պետք է խոստովանեմ, որ նման այցեր կազմակերպելը այդքան էլ հեշտ չէ: Բլյուզի զարգացմանը նպաստելու եւ Հայաստանը ճանաչված երաժիշտների շրջագայությունների քարտեզում ընդգրկելու համար 2010-ից ձևավորվեց Բլյուզի հայկական ասոցիացիան: Վերջինս սերտ կապեր է հաստատել երաժիշտների, միջազգային հեղինակավոր բլյուզ փառատոնների, կազմակերպությունների, ձայնագրման և պրոդյուսերական կենտրոնների հետ թե ԱՄՆ-ում (օր.՝ Alligator Records) և թե Եվրոպայում: Մեզ հաջողվեց անդամակցել նաեւ Բլյուզի եվրոպական միությանը` ներկայացնելով Հայաստանը 2014 թ.-ին Լատվիայում կայացած ամենամյա միջոցառմանը:

 2013-ին համագործակցելով մեր գործընկեր՝ MEZZO-ի հետ համերգներով Հայաստանում էր Չիկագո-բլյուզի ժամանակակից վառ ներկայացուցիչ՝ Տորոնզո Քենոնը: Հանդիսատեսը շատ սիրեց Տորոնզոյին, ինչի մասին վկայում են վերջինիս կրկնվող այցերը Հայաստան: Բեն Փուլի այս այցը կարելի է համարել մեր հերթական ձեռքբերումը այդ շարքից:

 «Կցանկանայի,  որ մոտակա տարիներին նման երաժշտական հյուրեր շատ ունենանք: Լավ աշխատանքի ու համագործակցության արդյունքում ակումբային ելույթները կարող են վերածվել ավելի մեծ համերգների, իսկ առանձին դեպքերում կարող ենք նաև փորձել մեր երաժիշտներին աջակցել՝ մասնակցելու միջազգային բլյուզ միջոցառումների: Արտասահմանցի երաժիշտների այցերը տպավորիչ են նաեւ մեր փոքրաթիվ բլյուզ կատարողների համար: Առիթ է լինում ծանոթանալ ու մեծ փորձ ձեռք բերել»:

 Բեն Փուլը ճանաչված բլյուզ-ռոք կատարող է: Բրիատանացի արտիստն իր բենդի հետ ամեն տարի տասնյակ համերգներ է ունենում Եվրոպայում ու ամբողջ աշխարհում:  Guitarist, Total Guitar եւ BLUES MATTERS հեղինակավոր ամսագրերը ընդամենը 28 տարեկան արտիստին արդեն բնորոշում են որպես «բլյուզի ծագող աստղ», «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ» կամ պարզապես «հաջորդ Ջո Բոնամասա»:

 

 

Այս թեմայով