17 Ապրիլ 2015, 15:51
1464 |

Երևանի հայկական թաղամասը

«Լինելով Ցեղասպանությունը վերապրածների շառավիղ՝ մանկուց լսել եմ պատմություններ այդ մասին, որոնց տպավորությունները հետագայում փորձել եմ պատկերել իմ կտավներում: Ավելի ուշ հասկացա, որ այդ պատմությունները պատգամներ են, որոնք յուրաքանչյուրս վերապատմելով մեր ստեղծագործություններում, պետք է փոխանցենք սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չի ունեցել ցեղասպանության ճանաչում և արդար դատի կայացում».- «Հայկական թաղամաս» կտավների շարքն այս կերպ մեկնաբանեց գեղանկարիչ Սարգիս Համալբաշյանը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ մնալով 2015-ի իր կարևորագույն նախաձեռնություններից մեկի իրագործմանը, այն է՝ ներկայացնել անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներին, «Սասունցի Դավիթ» ցուցասրահում հանրության առջև բացեց Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունների ցուցադրությունը: Այն կրում է «Հայկական թաղամաս» խորագիրը և ընդգրկում հեղինակի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին։ Դրանց թվում են «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև արվեստագետի կտավների հայտնի կերպարների նախատիպերի գծանկարների շարքը:

Համալբաշյանի ստեղծագործության մեջ այս շարքը տրամաբանական շարունակություն է դիտվում, բայց և առանձնանում է իր ժանրային յուրահատկություններով, կոլաժային «միջամտություններով»: Կտավները հագեցած են առօրյա, կենցաղային տեսարաններով ու ժանրային դիմանկարներով: Վառ կարմիրի, կանաչի, դեղինի ու կապույտի հարթություններն ընդմիջվում են գորշի ու դարչնագույնի խամրած երանգներով, իսկ տրաֆարետներով ուրվագծված ֆիգուրները՝ հազիվ նշմարվող վրձնահարվածներով կերտված ֆակտուրաներով՝ փոխանցելով հայկական թաղամասի կյանքն իր ամբողջ գունապնակով:

Արվեստի քննադատ Վարդան Ջալոյանի համոզմամբ՝ Սարգիս Համալբաշյանն իր կտավներում աստվածաշնչային թեմաները, ռենեսանսյան աղերսները զուգորդում է իր հայրենի քաղաք Գյումրիի մանկական հիշողությունների հետ, նրա արհեստավորների ու արվեստագետների պատկերագրական ավանդույթների հետ, Գյումրիի ժողովրդական սովորույթների, ծեսերի, կենցաղի և կյանքի հետ. «Սարգիսը երբեք չի բացատրում իր կտավները, համարում է, որ արվեստի գործը պետք է ինքն իրեն պաշտպանի»:

Համալբաշյանի «Հայկական թաղամաս» ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ նաև կտավաշարը ներկայացնող կատալոգի շնորհանդեսը: Ցուցադրությունը բաց կլինի մինչև այս տարվա հունիսի 19-ը:

Այս թեմայով