23 Մարտ 2015, 13:09
2531 |

«Պանդորայի արկղում»՝ զոհեր և դահիճներ

Արխիվներից հանվել ու ներկայացվել են 1890-1950-ականներին միջազգային մամուլում հրատարակված երգիծանկարները։ Դրանցում պատկերված են Հայոց ցեղասպանությունն իրականացնողները՝ Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը։

«Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային 3-րդ փառատոնը մեկնարկել է։ Նկարիչների միության բոլոր ցուցասրահները  մինչև մարտի վերջին օրը հարյուրավոր երգիծանկարների տրամադրության տակ են լինելու։  Այս տարվա խորագիրն է «Պանդորայի արկղը»։ Թե ինչու այդքան խորհրդավոր վերնագիր, պարզ կդառնա, երբ մտնեք առաջին հարկի ցուցասրահ։  Մեջտեղում հսկայական կապույտ փուչիկ է՝ առնված շղթայակապ քառանկյան մեջ։

Ընդհանրապես  խորհրդանշական ցուցադրություններն ամեն քայլափոխի են, օրինակ՝ բոուլինգի տապալված կեգլիներ, որոնց վրա գրված են հայոց բռնազավթած տարածքների անունները։ Եթե ցանկանաք գնալ ցուցահանդես, նկատի ունեցեք, որ առնվազն երկու ժամ է հարկավոր՝ բոլոր աշխատանքները դիտելու և ըմբռնելու համար։ Ի վերջո, յուրաքանչյուր նկար քննադատական մի ամբողջ գաղափար է արտահայտում ու  պահանջում  մանրակրկիտ ուսումնասիրություն։


Փառատոնին մասնակցում է 141 հեղինակ՝ 47 երկրից։ Տեղեկանալով հայկական փառատոնի թեմային՝ ցեղասպանություն, այլատյացություն, ահաբեկչություն, բռնություն, օտարազգի ծաղրանկարիչները համացանցով ուղարկել են իրենց աշխատանքները։ Միջազգային ժյուրին ընտրել է լավագույնները և ներկայացրել մրցույթին։ Տարբեր ազգերի երգիծանկարիչներ դատապարտում են մոլորակի հավերժական ախտանիշը՝ մարդատյացությունը։ Աշխատանքներ կան նաև Թուրքիայից. իհարկե, թուրք հեղինակները չեն անդրադարձել ցեղասպանության թեմային։

Փառատոնի առիթով Հայաստանում է Սարգիս Պաչաչին, որը 40 տարի աշխատում է Թուրքիայում հրատարակվող պարբերականներում որպես երգիծանկարիչ։ Ծաղրանկարի ժանրը, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Թուրքիայում, մեծ ժողովրդականություն ունի, այս կերպ հաճախ արտահայտվում են ամենաթունդ գաղափարներն ու քննադատական դիրքորոշումները։ Եվ ասելիքն այդպիսով ավելի արագ է տեղ հասնում։

«Պանդորայի արկղի» հաջորդ թեման պատմական բաժինն է։ Արխիվներից հանվել ու ներկայացվել են 1890-1950-ականներին միջազգային մամուլում հրատարակված երգիծանկարները։ Դրանցում պատկերված են Հայոց ցեղասպանությունն իրականացնողները՝ Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը։ Ծաղրի է ենթարկված նաև նրանց խրախուսող Եվրոպան։ Լայն իմաստով՝ ցուցահանդեսը ներկայացնում է նույն երևույթի՝ ցեղասպանության փաստի նկատմամբ 100 տարի առաջվա ու այսօրվա վերաբերմունքը։  Զարմանալի է, բայց եթե տարեթվերը չլինեն, կթվա, թե այդ երգիծանկարիչներին ամենևին էլ մեկ դարը չի բաժանում։

Պարադոքս է. ծաղրանկարը ծիծաղ չի առաջացնում, ընդհակառակը՝ մեկ-երկու խառնվածքային կերպարների միջոցով ընդհանրացնում է կյանքի չար ու դատապարտելի կողմերը։

 
Այս թեմայով