15 Մարտ 2015, 15:07
2049 |

Լռության աղաղակը

Մեծ Եղեռնի վերապրողներից Նարգիզ Ժամկոչյանի հուշերը գրառող գիտնական Վիթալի Յանկոն, ծանոթանալով հայերի ապրած ողբերգությանը, ասել է. «Այդ արհավիրքը, Եղեռնը, սովորական բառերի սահմանումից դուրս է: Այդ աղետը կարիք ունի մի նոր լեզվի, գուցե և առանց բառերի»: Այդ նոր լեզվին կյանք տալու չտեսնված մի փորձ է կատարել արվեստագետ Սահակ Պողոսյանը: «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը նա սկսել էր դեռևս 2 տարի առաջ։ Ցուցադրության բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, թեև շեշտը դրա վրա դնելն առնվազն ցինիզմ կլինի: Ցուցահանդեսի համադրողն է Նազարեթ Կարոյանը, ով նաև հեղինակել է այս առթիվ Կենտրոնի լույս ընծայած պատկերագրքի ներածականը, իսկ լուսանկարների հեղինակն է Գերման Ավագյանը:

Առանց այդ էլ բարդ ասելիքը փոխանցելու ու վերարտադրելու նոր լեզու գտնելն իսկապես ջանքեր է պահանջում, հատկապես երբ գործ ունես անձնական պատումի, անձնական ցավի վերապրումի հետ: Սահակ Պողոսյանը Մեծ Եղեռնից փրկվածների ժառանգ է։ Նա 11 օբյեկտ-պատկերներում ամփոփել է մեծ մոր երբեք չբարձրաձայնված ցավն ու չարձակած ճիչը: Պատկերները լուռ վկայություն են թվում առաջին հայացքից, բայց քիչ անց աչքիդ առաջ բացվում են շերտերը՝ նյութեղեն ու վերացական:

«Մեծ մորս աչքերի լռությունը» վերջին երկու տարիների ընթացքում արվեստագետի ստեղծած ամենախոշոր նախագիծն է, որում նա, սեփական զգացողություններն ու հուշերը արթնացնելով «համր առարկաների» միջոցով, խոսեցնում է դրանք… խոսեցնում, գուցե, Եղեռնը տեսած իր մեծ մոր փոխարեն, ով չէր պատմում, չէր խոսում այդ մասին:


Աշխատանքներից ինը մինդարներ են՝ վերմակներ, որոնք հավաքել է տարբեր գյուղերից և պատել պարաֆինով: Նախշազարդերով կտորների դրվագներից կարված մինդարները կարծես համայն հայության անցյալի դրվագներ լինեն՝ ի մի բերած, իսկ դրանք պատող, կարելի է ասել՝ զմռսող պարաֆինը շղարշում է անցյալը, վերածում կարծրացած հուշերի, որոնք այլևս հետ չես բերի: Մյուս երկու գործերում հեղինակը գործածում է ձյութը, որ մի տեղ անթափանց սևով ծածկում է գունագեղ մինդարը, իսկ մյուսում ահագնացող վտանգի պես կարծրանում ու կլանում մեծ մոր փիրուզով ականջօղերը: Դրանց փիրուզ քարը զուգորդվում է աչքերի հետ. նրանք ասես խեղդվել են մազութի մեջ կամ քարացել-սառել են, ինչպես զարհուրելի մի բան տեսնող, անասելի ցավ ապրող մարդն է աչքերը հառում ու քարանում… Նրանցից շատերը չէին խոսում անգամ տասնամյակներ անց, երբ ցավը կարծես բթացած պետք է լիներ, սարսափի ապրումը՝ փարատված, նրանք չէին խոսում, սակայն նրանց աչքերում դաջված էր անանցանելի ցավը: Նրանցից շատերի՝ մեր տաճկահայ տատիկների ու պապիկների աչքերը երկնագույն էին…

Թե՛ պարաֆինը, թե՛ ձյութը նավթային ապրանքներ են, մինչդեռ նավթը արդյունաբերական կապիտալիզմի դարաշրջան թևակոխող աշխարհի խորհրդանիշներից մեկը պետք է դառնար: Այդպես է հեղինակը նյութականացնում անձնական դրամայից մինչև աշխարհաքաղաքական իրադարձություն շղթան, մեծ մոր կյանքի չբարձրաձայնված դրվագը ներգծում մարդկության դեմ մեծագույն ոճիրի խճանկարի մեջ:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը կցուցադրվի մինչև մայիսի 31-ը: 






Այս թեմայով