28 Դեկտեմբեր 2014, 11:41
11069 |

Նրանց «Անահիտը»

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ հայկական երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմի՝ «Անահիտի» պրեմիերան: Ակնկալիքները մեծ էին, սպասումները՝ ահռելի: Փորձեմ ներկայացնել՝ ի՞նչ էինք ուզում ու ի՞նչ ստացանք:

«Անահիտը», հավանաբար, Ղազարոս Աղայանի ամենահայտնի հեքիաթն է, և ես, ինչպես գրեթե բոլոր հայ մանուկները, քնելուց առաջ լսում էի՝ ինչպես է տատս պատմում այն: Գլխավոր հերոսուհի Անահիտին հիշում եմ որպես թագուհի և թագավորի կին, իսկ պրեմիերայի ժամանակ ծանոթացա մի այլ` էկրանային Անահիտի հետ: Նա ամբողջ մուլտֆիլմի ընքացքում հարսնացուի կարգավիճակում էր: Գլխավոր հերոսուհու կերպարի աղճատումը, իհարկե, չարյաց փոքրագույնն էր, ինչպես պարզվեց:

Ամենացավալին այն է, որ Վաչագան թագավորի ընկեր և ծառա Վաղինակը անվանափոխվել էր և դարձել Սերոբ: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ: Բանն այն է, որ մուլտֆիլմն ունենալու է նաև ռուսական դուբլյաժ, որտեղ Վաղինակ անունն ասոցացվում է գինեկոլոգի զննման առարկայի հետ: Բնականաբար, անունները հաճախ ադապտացնում են այն երկրի պաշտոնական լեզվին և լեզվամտածողությանը, որտեղ ֆիլմի ստեղծողները ցանկանում են իրենց աշխատանքը ներկայացնել: Սակայն նույն տրամաբանությունից բխում է, որ եթե «Անահիտ» անունը վատ նշանակություն ունենար գերմաներենում, իսկ ֆիլմը ուղարկվեր գերմանական կինովարձույթ, ապա թագուհին կկոչվեր, օրինակ, «Աննա»:

Մուլտֆիլմի կոմիկ կերպարը, ջրիկ և ցանցառ էակը Անահիտի ճերմակ նժույգն է. կերպար, որն իսպառ բացակայում է հեքիաթում: Մի երկու բառով նկարագրված է հրեղեն ձի, սակայն բնօրինակում այն անանուն է և չի զբաղեցնում սյուժեի մեջ ոչ մի կարևոր դեր: Բնավ չեմ պնդում, որ հեքիաթը մեկին մեկ պետք է համապատասխանի մուլտֆիլմին, օ, ոչ: Ավելին, մուլտֆիլմի C վիտամինը հենց այս ձին էր ապահովում, սակայն անհասկանալի է՝ ինչո՞ւ էր նա ժամանակ առ ժամանակ օգտագործում ռուսերեն բառեր, օրինակ` «իսծերիկա»: Տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանը հիանալի էր խոսում ձիու դերում, դահլիճը թնդում էր: Իհարկե, մենք օբյեկտիվորեն կարող ենք ունենալ երկու առողջ և ադեկվատ կարծիք. հայկական ժողովրդական հեքիաթում չի կարող տեղ գտնել օտարալեզու բառ, իսկ մյուս ճշմարտությունն այն է, որ մեր այսօրվա խոսակցական հայերենում շատ են ռուսերեն բառերը: Հայերենի նկատմամբ նման վերաբերմունքը պատճառաբանվում է հետևյալ կերպ. որպեսզի ծիծաղի երևանյան հանդիսատեսը, զգա իրեն՝ ինչպես տանը, որտեղ գրեթե բոլորս կիրառում ենք ռուսերեն  խոսքեր:

Չնայած ռուսերենին և բազում կենցաղային մակարդակի կատակներին, ֆիլմում չկա գռեհիկ հումոր, որն այսօր հեղեղել է հայկական կինոարտադրությունը: Պարզ է, որ մուլտֆիլմն առաջին հերթին երեխաների համար է, սակայն մեր այս տարվա մյուս «սուպերֆիլմերը» նույնպես ունեն 0+ ռեյթինգ, այսինքն, դահլիճ են մտնում ցանկացած տարիքի մարդիկ: Հետևաբար, ես ինձ թույլ կտամ դնել «Անահիտը» դրանց կողքին` չառանձնացնելով այն միայն իր անիմացիոն բնույթի պատճառով:

Մուլտֆիլմը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, կարելի է խփել բռունցքով սեղանին, կարելի է սնոբիզմի և պեթետիկ շովինիզմի տեսանկյունից չընդունել սահակյանցական այս տարբերակը, սակայն Ռոբերտ Սահակյանցի որդիները, ստեղծելով ֆիլմը, չեն մոռացել իրենց հայրիկի յուրօրինակ ոճի մասին: Միայն գամփռի և նժույգի հանդիպելու տեսարանն ամեն ինչ արժե: Այն, երևի թե, ամենասահակյանցականն է` լի սյուռրեալիզմով և մեջբերումներով: Ինտեկտուալ հանդիսատեսին կզվարճացնեն Pink Floyd-ի The Wall-ն ու «Բիթլիս» դարձած The Beatles-ը, իսկ սմարթֆոնասերները կծիծաղեն գամփռի հեռախոսով չխկցնելու տեսարանների վրա: Իհարկե, կարելի է գլխավոր հերոսներին համեմատել դիսնեյական կերպարների հետ, և համարել, որ մուլտֆիլմի հերոս Շուշանը, որին, ի դեպ, հնչունավորել է Շուշան Պետրոսյանը, ինչ-որ չափից շատ է սեթևեթում, թափահարում հետույքըև մերթընդմերթ շտկում շքեղ կուրծքը: Կարծիքները հակասական են նաև չսափրված Վաչագանի և անհասկանալի, իրապես սարսափազդու ստվերներ չարքի մասին, որոնք հեքիաթում պարզապես քուրմեր էին՝ իրական, շոշափելի, ոչ միստիկ… Սակայն մուլտֆիլմը հայկական մուլտարտադրության ամենամեծ քայլերից է, որն այսօր գոնե կփորձի մի կողմ դնել ռապունցելներին ու շրեկներին: Ու, ով գիտի, գուցե այս «քայլ առաջն» օգնի մեր մուլտիպլիկատորներին առավել եռանդով էկրանավորելու հայկական հեքիաթները:

Այս թեմայով