Փոքրացած շորերի գրպաններում ու գրքերի արանքում սև օրվա համար պահած հին թղթադրամներն անհավանական հիշողություններ են արթնացնում:
Շրջանառությունից ամբողջությամբ դուրս եկած թուղթ փողերի տեսքը արդեն վաղուց մոռացել ենք: Հիշում ենք, թերևս միայն գույները (100 դրամանոցը կապույտ էր, հիսունը՝ բաց վարդագույն): Չգիտեմ՝ ինչու որոշեցին օգտագործումից հանել 500 դրամանոց թղթադրամները, դրանք, ախր, մի տեսակ վստահության ու գրպանումդ ինչ-որ արժեքավոր բան ունենալու էֆեկտ էին ստեղծում: Դպրոցում (առաջին դասարան գնացել եմ 1999-ին) բուֆետ ունեինք, երկու օրը մեկ անգամ առավոտյան մի կապույտ վիկտորհամբարձումյան տալիս էին ձեռքս՝ կամ միանգամից էի ծախսում, կամ էլ կես-կես (բուլկին 50 դրամ էր, լուրջ հոթ-դոգը' 100): Այս դրամները հիմիկվաններից ավելի բարակ էին ու հաճախ էին պատռվում (իրոք, վերջին անգամ երբ եք տեսել սկոչով կպցրած փող)։ Կպցնում էինք իրար ու դասամիջոցին խառնաշփոթի մեջ մեկնում Սվետա մորքուրին, վայներս եկել էր, եթե բռներ:
Էս փողերից նաև հայոց լեզու սովորեցինք ու համակարգչով ճիշտ տեքստ հավաքել: Տասը դրամանոցի վրա տառասխալ կար (գրված էր' ՏԱՍ): Հիսուն դրամանոցի վրա էլ «հիսունը» գրված էր ՀՒՍՈՒՆ( վյուն-ի մասնիկով, ճիշտը Ի-ով էր' ՀԻՍՈՒՆ):
Հազար դրամանոցի վրա Չարենցի խոսքերն էին' էլի սխալով (ես իմ անուշ Հայաստանի արևահամ բաՌն եմ սիրում): Հայոցի դասատուն բացատրեց «բարի» ու «բառի» տարբերությունը, տանը ասացի, գովեցին, որ նկատել եմ:
Բոլոր դեռահասների նման ես էլ սիրում էի էս թղթերը: 500-անոցից ունեի ամեն ամսվա վերջին' պապիկիս թոշակի օրը, 1000 դրամանոց ունեցա մի անգամ' 10-ամյակիս: Անահիտ աստվածուհու պատկերով 5000-անոցից էդպես էլ չունեցա, ինչքան համոզեցի' էդպես էլ չտվեցին:
Հա, ու մի բան էլ կար. էս փողերից անտանելի հոտ էր գալիս, մինչև հիմա չեմ հասկացել՝ ինչից էր։ Բայց հենց այս փողերն էին խորհրդանշում մի ամբողջ 10 տարվա ամենօրյա կյանքը դպրոցի բուֆետի հերթերում, Sony-անոցի չեմպիոնատներում ու 25 դրամանոց լիմոնադի շշերի արանքում:
To read this article in English, please click here.