25 Հուլիս 2014, 10:59
1823 |

Ուրբաթօրյա նավահանգիստ

Ամենաուրբաթօրյա հարցն է՝ ո՞ւր գնալ: Հատկապես այն նավաստիների համար, ովքեր ամբողջ շաբաթ աշխատանքային օվկիանոսում կռիվ էին տալիս հանդիպակած քամիների դեմ։ Ու հիմա փնտրում են մի նավահանգիստ՝ փաբային երեկոյի տեսքով: Ի օգնություն քաջ նավաստիների հավաքեցինք օրվա ամենահետաքրքիր միջոցառումները, համերգներն ու տժժալու առիթները:

Մեր վրացի բարեկամ Badsmile Brothers դիջեյը թույն էլեկտրոնային երեկո է խոստանում իր երևանցի բարեկամների համար: Panorama Roof Bar-ում նա պարային էլեկտրոնային երաժշտությունը կմատուցի Karo Pillz-ի ուղեկցությամբ, որը Երևան է ժամանել, ինչպես նշված է պաստառում, Մարս մոլորակից: Վրացին ու մարսեցին՝ դասական համադրություն:

Բոլոր նրանք, ովքեր այդքան էլ չեն վստահում այլմոլորակայիններին, Oak Pub-ում կարող են լսել հայկական ավանդական DJ David-ին, որը խոստանում է ոչ պակաս խելագառ պարային երեկո:

Պարելուց հեռու մարդիկ, այս կետը ձեզ համար է. White Crow Pub-ում կարող եք լսել Tropicana խմբի կենդանի կատարումները՝ լատինո ժանրի մեջ: Ներկա կլինի նաև պրոֆեսիոնալ պարուսույց, ով կօգնի յուրացնել salsa, bachata, cha-cha-cha, merengue, cumbia և այլ պարերի կրքոտ շարժումները:

Շարունակելով կրքոտ ուրբաթօրյա թեմաները՝ ավետիս բերենք. Հայաստանում է տաքարյուն իսպանացի David Rodriguez-ը: Կանարյան կղզիներից նա հասել է այստեղ, որպեսզի ցույց տա՝ ինչ է իսկական իսպանական կիթառը: Աղջիկնե՞ր, ի գիտություն. նա կլինի Art Cafe Modigliani-ում, մուտքն էլ ազատ է:

Լատինոն դասակարգային թշնամի համարողներ, New bar-ում DJ Play-ը և Արման Փահլևանյանը, որը մեզ բոլորիս հայտնի է որպես Dorians խմբի ստեղնայիններ, իրենց միացյալ նախագիծը կներկայացնեն «բարդ պարային» ոճի ներգո: Եթե հանդիպեք Qishmish Project, իմացեք՝ դա մերոնք են:

Նավաստիներ, դեռ սրտի ուզածը չհանդիպեցի՞ք: Ուրեմն գնացեք Stop Club: Այսօր այնտեղ ոչ մի համերգ էլ չի սպասվում: Ուղղակի լավ երաժշտություն, զրույցներ, ընկերներ և անմիջական մթնոլորտ: Ռոմը չմոռանաք։

Այս թեմայով