21 Ապրիլ 2014, 21:05
1191 |

Երբեմն հանճարեղ եղե՜ք

Ապրիլի 21-ն Այլընտրանքային գիտակցության ու ստեղծագործ երեւակայության օրն է։ Հենց այս օրն է պետք մարտահրավեր նետել տոտալիտար գիտակցությանը։

Ես համոզված եմ, որ բոլոր միջազգային տոներն ու հիշարժան օրերը զուրկ են որեւէ իմաստից ու, անվիճելիորեն, պարզապես հարմար առիթ են փող աշխատելու։ Չէ՞ որ պետք չէ սպասել հատուկ օրվա, որպեսզի հաճելի անակնկալ մատուցել սիրելի կնոջը, հարևան ծրագրավորողին կամ ծանոթ տիեզերագնացին։ Հիշեք, մարտի 8-ը դարձել է տղամարդկանց համընդհանուր թողության օր։ Ծաղիկներ, ռեստորան, գինի, հաճոյախոսություններ ու առավոտյան լվացած ափսեներ. մի քանի պարզ քայլ, ու տղամարդն ազատ է մինչեւ մյուս մարտի 8-ը։ Կարելի է հանգիստ խղճով ազատել քեզ կնոջը ժամկետային ծառայությունից մի ամբողջ տարով։ Իմիջիայլոց, նման օրերը սովորաբար ունեն հատուկ արտահայտություններ. օրինակ կանայք այդ օրը հիմնականում «առավել գեղեցիկ են, քան երբեւէ», սահմանապահներն «աննախադեպ ուշադիր են», իսկ ոստիկանները՝ «հատուկ սիրալիր»։ Այս սարսափելի արտահայտությունները ստիպում են մտածել, որ այս մարդիկ ոչ տոնական, սովորական օրերին շատ ավելի քիչ գեղեցիկ, ուշադիր ու սիրալիր են։

Պտտելով այս մտքերը գլխումս՝ եկա հասա ապրիլի 21-ին, որը պատմության մեջ չի մտել որպես առանձնահատուկ օր, մինույն ժամանակ՝ չի էլ վարկաբեկել իրեն։ Սակայն ինձ համար օրը յուրահատուկ է. այսօր իմ կնոջ ծնունդն է, ինչը նշանակում է, որ ինձ պետք է առավել աչալուրջ լինել։ Հենց զգուշությունն էլ դրդեց ինձ՝ սովորաբար ամսաթվերի հանդեպ անտարբեր մարդուս, ուսումնասիրել՝ ինչով է այս օրն առանձնահատուկ։ Պարզվեց, որ ապրիլի 21-ն Այլընտրանքային գիտակցության օրն է։

Հաղթահարելով անտարբերությունս՝ այնուամենայնիվ հետաքրքրվեցի, թե այդ ինչ գիտացկություն է, որին օրացույցում պատվավոր կարմիր օր է հատկացված։ Հավանաբար, պատճառն այն է, որ կնոջս գիտակցությունը լիովին համապատասխանում է «այլընտրանքային» սահմանմանը՝ միաժամանակ ապստամբ եւ ինտելեկտուալ։

Պարզվում է՝ այս օրը նշմարել է ռուս փիլիսոփա Միխայիլ Էփշտեյնը։ Նրա խոսքերով ապրիլի 21-ը նշանավորում է երկու տոտալիտար անդունդների միջեւ բարակ սահմանը, կամուրջը, որով մարդկությունը տեղափոխվել է XXI դար։ Չէ՞ որ ապրիլի 20-ը Հիտլերի ծննդյան օրն է, իսկ ապրիլի 22-ը՝ Լենինի։

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գիտակցությունը։ Ես, իհարկե, սեփական պատկերացումները կարող էի ունենալ, բայց հստակ սահմանման կարիք ունեի։ Ո՞վ գիտի, գուցե իմ գիտակցությունն էլ է փոքր-ինչ այլընտրանքային։ Դիմեցի ընկերոջս՝ բավականին հաջողակ հոգեբան Արամ Հովսեփյանին՝ «Պարոն հաջողակ հոգեբան, - ասացի ես, - մեկնիր, խնդում եմ, ի՞նչ է իրենից ներկայացնում այլընտրանքային գիտակցությամբ մարդը»։ Գիտության ներկայացուցչի պատասխանը հարցերի տեղ այլեւս չթողեց։ Այլընտրանքային գիտակցությամբ մարդը նա է, ով կասկածում է։ «Չէ՞ որ հենց կասկածն է աբստրակտ մտածելակերպի հիմնաքարը», - ամփոփեց նա։

Նրա խոսքերից պարզ դարձավ, որ ամեն նոր բան, որ ստեղծվել է մարդու կողմից, կերտել է հենց կասկածող մարդը, իսկ ավելի ստույգ նրանք, ում չէր բավարարում գոյություն ունեցող իրականությունը։ Այդ իսկ պատճառով նրանք սկսում էին այլընտրանքի փնտրտուքները։ Օրինակ, հնագույն մարդն ինքն իրեն հարց էր տվել. արդյոք հարմար է արեւի տապից ճաքճքած հողի վրա քայլել բոկոտն։ Դրանից հետո նա ինչ-որ վայրի կենդանու կաշվից կարել է իր առաջին կոշիկը։ Նրա կասկածներն արդարացվեցին։ Երկորդ նախահայրը կասկածի տակ դրեց ձեռքով փոս փորելու հարմարությունն ու ստեղծեց գերանդին։ Ու այսպես դարեր, հազարամյակներ շարունակ մարդիկ իրենց կասկածներից կերտում էին այլընտրանքային իրականությունը ձեռքի տակ ընկած նյութերից։ Իսկ եթե հարմար նյութեր էլ չկային, ստեղծում էին նաեւ դրանք։ Այսպես, չհասցնելով դառնալ սովորական, իրականությունը կրկին փոփոխվում էր մի կասկածամիտ մարդու ձեռքերով։

Ինչ վերաբերում է Լենինին ու Հիտլերին, նրանց հետ ամեն ինչ պարզ է։ Իրականում խնդիրն այն չէ, որ իրենք լիովին համոզված էին իրենց ընտրած ճանապարհի իսկության մեջ։ Նրանց հետեւորդները՝ ահա թե ով էր զուրկ երկմտանքից։ Ֆաշիստը կասկածի տակ չէր դնում այն փաստը, որ ինքը բացառիկ ռասսայի ներկայացուցիչ է, ինչպես բոլշեւիկը չէր կասկածում, որ երկրային դրախտը կարելի է կառուցել ուրիշի գույքը սեփականաշնորհելով։ Կասկածում էին Բախը, Էյնշտեյնը, Դոստոեւսկին, Արամ Խաչատրյանը, Կոմիտասը…

Մեր քաղաքում էլ, կարծում եմ, այսօր պակասում են խաբուսիկ արժեքները կասկածի տակ դնող մարդիկ։ «Այս երկրում միշտ այսպես կլինի», - փիլիսոփայորեն նկատում է տաքսիի յուրաքանչյուր վարորդ՝ պատուհանից շպրտելով ծխուկը։ «Այս ազգն անուղղելի է», - գլուխն է տարուբերում խանութպանը, որտեղ գներն անարդարացիորեն բարձր են մոտակայքում այլ խանութների բացակայության պատճառով։ «Իշխանությունները ծախված են», - համոզված է համատիրության ղեկավարը, որ բնակիչներին նախընտրական կաշառք է առաջարկում։

Սակայն ես մեծ ուրախությամբ հիշեցի նաեւ ուրիշների, ովքեր երկմտանքով լի ձայնով տաքսիստին պատասխանում են՝ «Եթե ծխուկը չշպրտեք փողոց, կլինի առաջին փոփոխությունը», համատիրության ղեկավարին՝ «Որպեսզի իշխանությունները ծախված չլինեն, դու ինքդ առաջինը փոխվիր», իսկ խանութպանին՝ «Ազգը վերացական գաղափար չէ, սկսիր քեզնից»։ Հենց այս մարդիկ են այլընտրանքային գիտակցության կրողները։

Պարզվում է՝ այլընտրանքային գիտակցություն ունենալու համար շատ քիչ բան է պետք՝ նկատել խնդիրներն ու կասկածի տակ դնել դրանք լուծելու անհնարինությունը։ Հետեւաբար, եկեք տարին գոնե մեկ անգամ խնդիրներին այլ անկյունից նայենք։

Ամենից շատ ուրախացնում է այն, որ ապրիլի 21-ի համար նախատեսված պարտականություններ չկան. պետք չէ մասնակցել երթերի, գնել անպետք նվերներ, մեծ տոնախմբությունների վրա գումարներ ծախսել։ Պարզապես պետք է կասկածել, ու արդյունքում դառնալ փոքր-ինչ ավելի հանճարեղ։ Ո՞վ գիտի, գուցե հենց ձեր հանճարը կվարակի բոլոր նրանց, ովքեր համոզված են, որ ոչինչ փոխել հնարավոր չէ։ Կասկած կա, որ հենց այդպես էլ կլինի։

Այս թեմայով