28 Հունվար 2014, 13:56
3924 |

Դիպուկահարի օրագրից

1989-ին 25-ամյա Կարինեն թողեց հարազատ Կապանն ու գնաց կռվելու: Հարազատները շատ ուշ իմացան, որ Կարինեի նամակները գալիս էին ռազմաճակատի ամենաթեժ կետերից: Նոյեմբերյան, Մեղրի, Գետաշեն, Շահումյան... երկար ճանապարհը Կարինե Հովսեփյանն անցավ «Տիգրան Մեծ» ջոկատի հետ որպես դիպուկահար:

Պապիս թևի տակ եմ մեծացել, նա Նժդեհի գնդացրորդն էր, Թոփչի Շամիր են ասել: Նա ինձ միշտ պատմում էր կռիվների, Նժդեհի, իրենց կատարած սխրանքների մասին: Հայրենասիրական ոգով եմ մեծացել, բոլոր երեխաները երազում էին օդաչու կամ ուսուցիչ դառնալ, ես ուզում էի մի օր զենքը ձեռքիս թուրքի դեմ պատերազմել: Արցախյան պատերազմը հենց սկսվեց, մի օր էլ չերկմտեցի. ո՞նց կարող էի չգնալ, երբ փոքրուց երազում էի էդ մասին:

***

Ընկերներիս հետ առաջին անգամ 1989-ին գնացի Գորիս: Գրքեր էինք հավաքել որպես օգնություն, որ Լաչինով տանեինք Ղարաբաղ: Երկրորդ օրն ընկանք կրակի տակ: Մենք էլ զենք չունեինք: Քայլում էիր, փամփուշտները կողքովդ թռնում էին: Չէի գիտակցում' արյուն, մահ: Բայց էլ հետ չդառա: Բոլորը տղա էին, մենակ ես էի աղջիկ: Գնացի, տեսնեմ էն տանը, որտեղ մնում էին զինվորները, ամեն ինչ ցեխոտ էր: Լվացի, մաքրեցի, կոշիկները սրբեցի, մոխրամաններ սարքեցի, որ ծխախոտը գետնին չգցեն, ճաշ եփեցի: Գիշերը քնում էին, ես ծածկում էի, չէի թողնում, որ մրսեն: Դառել էի բոլորի քույրը, մաման:

***

Մայրս սկզբում չգիտեր, որ պատերազմ եմ գնացել: Խաբեցի, թե Մոսկվա եմ գնում: Փոստատարին ասում էինք՝ մի ասա, որ նամակը Մեղրիից կամ Գորիսից է, ասա' Մոսկվայից է: Քանի անգամ եղել է, որ մեքենայով եկել, մեր տան կողքով անցել, գնացել եմ Մեղրի: Եղել է, որ գիշերը եկել եմ, մեր պատուհանից նայել, տեսել եմ՝ տատս վառարանի կողքին քնած է: Ուզում էի մոտենալ, գրկել, շատ էի կարոտել, բայց մտածեցի՝ զարթնեն, կիմանան, որ գնում եմ Մեղրի: Տուն չմտա, նստեցի մեքենան:

***

Պատերազմի ժամանակ կնոջ ներկայութունը շատ կարևոր է: Տղամարդիկ ավելի զգաստ, կազմակերպված են դառնում: Ասում էլ են՝ եթե հայ կինն է ձեռքը զենք վերցրել, կռվում, հայ տղամարդը պիտի ավելի ուժեղ լինի: Պատահել է, որ պետք էր սար բարձրանալ, բայց շատ հոգնած էին, չէին կարողանում: Ես բարձրացա, ընկերներս տեսան, լուռ բարձրացան հետևիցս:

***

Մարտի 8-ն էր: Տխուր նստած ինքս ինձ մտածում էի՝ ինչո՞ւ եմ էստեղ, ի՞նչ գործ ունեմ էստեղ: Երևանում լինեի, ընկերոջիցս նվեր կստանայի: Էդ պահին ընկերներիցս մի քանիսը եկան, ինձ ձնծաղիկ էին բերել, իրենց ձեռքով հավաքած կողքի դաշտից: Շատ ուրախացա: Մտքումս ասեցի՝ Աստված ջան, կներես, որ սխալ մտածեցի:

***

Ես ընկեր ունեի, անունը Սոս էր: Երազում էինք ամուսնանալ, 6 աղջիկ ու 6 տղա ունենալ: Ինքը զոհվեց, ես էլ արդեն էդ մասին չեմ մտածում:

***

Պատերազմում շատ բան կորցրեցի, բայց չեմ փոշմանել. ոնց որ մեծ համալսարան ավարտեի: Առաջ, երբ հարցնում էին, թե որն է իմ կյանքի ամենալավ շրջանը, ասում էի 1989-94 թվականները, որովհետև ես կյանքը, սերը, մահը, դժբախտությունը, ամեն ինչ էդ ժամանակ եմ հասկացել: Ավտոմատը ձեռքիս գնում էի դպրոցի բակում նստում, որ էրեխեքը չվախենան դասի գնալ, կամ նստում էի ցորենի դաշտերի մոտ, որ մարդիկ անվախ հավաքեին բերքը:

***

Էդ ժամանակ ամբողջ ազգը ոնց որ մի շնչափողով շնչեր, մի նպատակ ունենար: Ուզում ես մի բան արած լինես, քո կյանքի, անձնականի մասին չես մտածում: Ազատամարտին մասնակցությունս ոնց որ պարգև լիներ: Հետո որ Երևան կամ Ղարաբաղ էինք գնում, անկախ քեզնից, զգում էիր, որ պարտավոր ես, որ ծանր խաչ ես վերցրել քեզ վրա: Ու հետդարձ չկա։

***

Երբ իմացա, որ քաղցկեղով հիվանդ եմ, մի պահ մեջս վախ մտավ, որ գուցե շուտով մահանամ: Նյութին ու աշխարհին պինդ կպած էի: Հիմա արդեն մեռնելուց չեմ վախենում, մեկ-մեկ մտածում եմ' տեսնես Աստված իմ մեղքերը կների՞: Հիմա մտածում եմ, որ երկու անելիք ունեմ՝ մեկը իմ պարտքը, որ դեռ պետք է տամ հայրենիքին, մյուսն էլ ընկերներիս կիսատ թողած գործը շարունակելը: 

Հ. Գ.
Արդեն 3-րդ տարին է՝ Հայկական բանակի օրը Կարինեին շնորհավորելու համար ընկերներն ու հարազատները բռնում են Եռաբլուրի ճանապարհը:

Այս թեմայով