12 Հունվար 2014, 19:06
3338 |

Մութ տարիները

Հայաստանի պատմության մեջ եղել են տարբեր շրջաններ, բայց դրանցից մեկն առանձնահատուկ է: Թեպետ պատմության չափանիշներով կարճատև էր՝ 3-4 տարի, սակայն թողեց այնպիսի խորը հետք, որ հայերի միանգամից մի քանի սերնդի կյանքը բաժանվեց «մինչևի» ու «հետոյի»: 1992-1995 թվականներն ունեն տարբեր անուններ՝ «սոված», «ցուրտ», «վատ», սակայն ամենատարածվածն ու համապարփակը «մութն» է…

Արտասանեք «մութ տարիներ» կապակցությունը ցանկացած երևանցու մոտ ու կտեսնեք՝ ինչպես մի պահ կանհետանա նրա ժպիտն ու դեմքով կանցնի մռայլ շողք. ունի պատճառ: Այդ մի քանի տարում՝ 1992-1995-ին, Հայաստանն իր սահմանների ներսում անցավ սանդարամետի միջով, տանջվեց հոգեվարքի մեջ՝ բաժանվելով իր նախկին կյանքից: Սակայն այն ժամանակ թվում էր՝ կյանքին առհավետ է հրաժեշտ տալիս … Երբ 1991-ի ամռանը Հայաստանում կտրվեց բնական գազի հոսքը, քչերն էին կարծում, որ կենցաղային այս խնդիրը ազգի գլխին գալիք դաժանագույն ցնցումներից լոկ առաջինն էր: Առանձին անհատների պնդումները, թե շուտով հոսանքն էլ են անջատելու, ընկալվում էին տարակուսանքով ու թեթև հեգնանքով: Ոչ մեկի հավատը չէր գալիս, որ նման բան կլինի, «մահ ման ածողների» վրա ծիծաղում էին, ծաղրում նրանց: Սակայն իրադարձություններն ստացան անակնկալ ընթացք: Փլուզված Խորհրդային միությունն իր ավերակների տակ թողեց տնտեսական, տրանսպորտային կապերն ու միացյալ էներգետիկ ցանցը: Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Հայաստանը հայտնվեց կատարյալ շրջափակման մեջ: Ադրբեջանական կողմից փակվեց գազի տարանցիկ մատակարարումը, կանգնեց երկաթուղին. Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված բեռը պարզապես չէր հասնում: Հարավից շրջափակում հայտարարեց Թուրքիան՝ փակելով սահմանն ու կտրելով ամեն տեսակ ցամաքային ու օդային կապ: Աբխազիայում ու Օսիայում բախումների պատճառով անհնար էր Վրաստանի տարածքով կապվել Ռուսաստանի հետ: Վրաստանի Փոթի քաղաք տանող միակ տրանսպորտային գիծը ֆիզիկապես չէր կարողանում ապահովել Հայաստանը անհրաժեշտ պաշարով: Դադարեց սննդամթերքի, այդ թվում ամենակարևորի՝ հացահատկի ու ալյուրի մատակակարումը: Գրեթե ոչինչ չէր ներմուծվում՝ ո՛չ հումք ու էներգակիրներ, ո՛չ էլ նույնիսկ լուցկի ու օճառ: Հայկական ԱԷԿ-ը դադարեց գործել 1990-ին, ՋԷԿ-երը զրկվեցին մազութից ու գազից: Իսկ առանց մազութի ու գազի չեն կարող աշխատել նաև կաթսայանոցները: Էներգետիկ աղետը դարձավ անխուսափելի: 

Էլեկտրականությունը
1992-ի հունվարից Հայաստանում սկսվեցին էլեկտրականության ամենօրյա «հովհարային» անջատումները: Սկզբում կտրում էին մի քանի ժամով, սակայն այդ ընդմիջումը անդադար աճում էր՝ 6 ժամ, 9, 12, 18 … Նոյեմբերին պաշտոնապես հայտարարեցին՝ բնակարանները հոսանք ստանալու են օրական 1 ժամ: Յուրաքանչյուր միկրոշրջանի համար հաստատվեց ժամացուցակ: Այս նորմայով հայերն ապրեցին երկու տարուց ավելի… Սակայն նույնիսկ այդ մեկ ժամը հաստատ չէր. գերծանրաբեռնված էլեկտրացանցերի բազմաթիվ վթարների պատճառով շատ շրջաններում հոսանք ամիսներով ընդհանրապես չկար: Կենցաղային սարքերն ու տեխնիկան մեկ ակնթարթում դարձան լրիվ անիմաստ ու վերածվեցին կահույքի: Ռազմավարական կարևորություն ձեռք բերեցին պարաֆինե մոմերն ու կերոսինի լամպերը: Վերջիններս դեռ պետք էր ճարել: Մեկ լիտր կերոսին կամ դիզելային վառելիք հայթայթելն էլ բնավ հեշտ ու էժան գործ չէր: Այդ տարիների գյուտերից մեկը կերոսինի լամպն էր՝ մանկական սննդի փոքրիկ՝ 50 միլիգրամանոց շիշը, որի մեջ լցնում էին մի քիչ դիզելային վառելանյութ ու կափարիչի ծակով անցկացնում պուճուրիկ պատրույգը: Դուրս ցցված ծայրը փակում էին 5-6 սմ երկար ապակե խողովակի կտորով, որի համար օգտագործում էին ցերեկային լուսավորման վառված լամպեր: Նման «ճրագը» լուցկուց թույլ էր, բայց երկար էր այրվում ու թույլ էր տալիս գոնե տանը շարժվել առանց սոթ տալու ու ընկնելու: 1990-ականների Հայաստանն ընկավ հեթանոսության մեջ ու սկսեց երկրպագել լույսը: Ցայսօր բոլորը հիշում են՝ ինչպես էին հոսանքը միացնելիս բոլոր գոռում «Լույսերը տվեցի՜ն»… Իսկ մեկ ժամ հետո կրկին աչք ծակող մթություն էր, որը դեռ պիտի տևեր 23 ժամ: Բացառություն անում էին միայն Նոր տարվա համար. տներում երկու օր անդադար վառվում էին էլեկտրալամպերը, աշխատում էին հեռուստացույցներն ու էլեկտրատաքացուցիչները: Մեկ բացառություն էլ էին անում, երբ մարդ էր մահանում, ու այդ օրն ամբողջ շենքին լույս էին տալիս: 1993-ի Երևանի անեկդոտներից. «Մեզ վաղը լույս է պետք: Ձեր մեռելին մի օրով մեզ չեք տա՞»:

Դաս չջեռուցվող դպրոցումԴաս չջեռուցվող դպրոցում


Բայց հայերը հայ չէին լինի, եթե չգտնեին յուրօրինակ լուծումներ նույնիսկ այս ճգնաժամին: Տարբեր ժամերին հոսանք ստացող երկու միկրոշրջանների սահմանին ապրողները քաշում էին «լևի լույս» (ռուսերեն левый – “անօրինական”), այսինքն՝ կողքի շենքի բնակարանից ծառերի ու սյուների վրայով իրենց տուն էին անցկացնում հոսանքի մալուխը: Այդպես կարելի էր մեկի փոխարեն ունենալ երկու ժամ հոսանք՝ թեպետ կարճ միացումից խուսափելու համար պետք էր նախօրոք անջատել տան էլեկտրախցանները: Էլեկտրական շղթաների հիմունքեր, հոսանքի ուժի ու լարման կախվածություն դիմադրությունից, «ֆազի» ու «նոլի» մեթոդներ… Մի քանի շաբաթում գիտելիքի այս պաշարը սերտեց Հայաստանի ամբողջ բնակչությունը՝ երեխաններից մինչև զառամյալ ծերունիներ: «Լևի լույս» բերում էին նաև այլ աղբյուրներից՝ աշխատող գործարաններից ու արտադրամասերից, մետրոյից ու նույնիսկ լուսացույցներից, ինչը հաճախ հանգեցնում էր վթարների, դժբախտ պատահարների ու հրդեհների: «Լևի լույսի» դեմ լուռ ու համառ պայքարում էին էլեկտրիկները՝ մկրատով կտրելով ձողի վրա ամրացված լարերը: Մի քանի օրում կտրվածքը վերանորոգում էին, մինչև էլեկտրիկը նորից կտրեր: Վերջինիս տվել էին հուզիչ ու նույնիսկ մի քիչ աստվածային անուն՝ «լույսի մարդ»:
Մեքենա ունեցողները յուրովի լուծեցին «մութ խնդիրը». տուն տարան մեքենաների մարտկոցները, ամրացրին դրանց բարակ լարեր ու բնակարանի «ռազմավարական» կետերում՝ լվացարանում, զուգարանում, հյուրասենյակում կախեցին փոքրիկ, 12 վոլտանոց լամպեր: Իսկ տոն օրերին «մեռած» ջահի վրա հայտնվում էին այդպիսի լամպերի շարաններ:  Հայ էլեկտրատեխնիկները ձեռքի տակ եղածով ստեղծում էին լիցքավորող սարքերի բազմաթիվ մոդիֆիկացիաներ. պետք էր հոսանքի մեկ ժամում տնային պայմաններում հասցնել լիցքավորել ավտոմեքենայի մարտկոցը: Առանձնահատուկ խորամանկների բնակարաններում կային էլեկտրաքարշերի ահռելի մարտկոցներ: Դրանք զբաղեցնում էին շատ տեղ, բացի այդ, ծանր էին, սակայն լիցքը երկարատև էր: Հոյակապ ձեռքբերում էր համարվում մկանային ուժով աշխատող «ժուկ» (ռուսերեն “жук” - բզեզ) գրպանի լապտերը, որն այդպես կոչել էին սեղմակի առաջացրած ինքնատիպ ձայնի պատճառով: 12 վոլտով աշխատող շարժական հեռուստացույցները կարելի էր հանգիստ համարել փոքր աստվածություններ. ամեն երեկո դրանց 10-15 սանտիմետրանոց սև ու սպիտակ էկրանների առջև դրվատանքով նստում էին բոլոր հարևանները, որ իմանային վերջին լուրերն ու դիտեին «Սանտա Բարբարայի» հերթական սերիան: Որևէ այլ բան նայելու տղամարդկանց անվստահ փորձերը տեղն ու տեղը խափանվում էին էկրանների առջև նստած կանանց բացարձակ մեծամասնության կողմից. «Բա շարունակությունը չիմանա՞նք»: Նրանք, ովքեր հաջողացրել էին դիտել հերթական սերիան, պատմում էին այն նայելու հնարավորությունից զրկված ծանոթներին: Սերիալի ամերիկացի հեղինակները խավարի մեջ ընկղմված Հայաստանի համար ակամա ստեղծել էին ինքնատիպ ժամանակային առանցք. «մութ տարիներին», երբ օրերը ձուլվում էին գորշ միօրինակության մեջ, ժամանակի ընթացքը զգացվում էր միայն հեռուստասերիալի հերոսների պարզունակ կրքերի շնորհիվ: Սակայն մարտկոցներ, «լևի լույս» ու բենզինով շարժիչներ ունեին հատ ու կենտ մարդիկ: Հայաստանցիների մեծ մասը ապրեց այս անվերջ 3 տարին սև մթության մեջ:


Հոսանքի ու գազի բացակայությունից առաջացավ նաև ճաշ եփելու խնդիրը: Ինչո՞վ պետք է այն եփեին: Մարդիկ վազեցին փայտի, կերոսինի կամ դիզելային վառելանյութի վառարանների հետևից: Դեռ չփակված սակավաթիվ գործարաններն ունեին հոսանք: Այնտեղ աշխատող կանայք մթերքը տանում էին գործի, որ ձեռքով սարքած եռաֆազ էլեկտրաջեռուցիչների վրա պատրաստեն ուտելիք տան համար: Էլեկտրոնային արտադրամաս, որի կենտրոնում մեկ մետրանոց ասբեստե խողովակի կտոր է՝ վրան փաթաթած հաստ, շիկացած պարույր, այս ամենի վրա էլ՝ ճաշի կաթսաներ… Սա այն թվերի համար սովորական տեսարան էր: Խողովակի մեջ կարելի էր գցել մի քանի կարտոֆիլ, բայց ուշադիր ու զգույշ՝ բարձր լարվածություն էր… «Արտադրանքը» հետո ձեռքով տանում էին տուն: Բայց գործարաններում նույնպես աշխատում էին հատ ու կենտ մարդիկ… Մնացածի գործը շատ ավելի ծանր էր. սուրճն ու թեյի ջուրը եփում էին մոմի վրա, մինչդեռ ապուրով կաթսայի համար դրա լույսը շատ թույլ էր. հարկավոր էին վառարաններ, որոնք պետք էր մի բանով վառել…

Ցուրտը
1992-1993 թթ. ձմեռը մարդկանց գլխին դարձավ մեծամասշտաբ բնական աղետ: Շոգեջեռուցման մարտկոցները լրիվ անկենդան էին, իսկ հոսանքով ու գազով աշխատող ջեռուցիչներն անօգուտ էին հոսանքի ու գազի բացակայության պայմաններում: Այդ տարվա ձմեռն առանձնապես ցուրտ էր, ջերմաստիճանը երկար ժամանակ քսանհինգից ցածր էր: Չջեռուցվող բնակարաններում ջուրը սառչում էր ծաղկամաններում ու դույլերում, իսկ շենքերում՝ ջրատար խողովակներում ու կոյուղում: Գերիրապաշտ տեսարան. Երևանի բազմահարկերի բնակիչները աստիճաններով իջնելիս (վերելակները չէին աշխատում) ամեն հարկում տեսնում էին ջահով մարդ, որը տաքացնում էր կոյուղու սառցակալած խողովակը, այլապես միջի «բարիքը» ողողելու էր բնակարանները… Յուրաքանչյուր հարկ նշանակում էր ջահով զինված այդպիսի հերթապահ, որից կար նաև մեկ կողմնակի օգուտ. մուտքում տիրող սև մթությունը ժամանակավորապես դադարում էր:

Սառցակալած բնակարաններում սկսեցին մահանալ միայնակ ծերերը… Ցուրտը դարձավ մարդկանց կյանքի իրական սպառնալիք: Այդպիսի պայմաններում կար պայքարի միայն մեկ միջոց՝ կրակ, բայց ի՞նչ ու ինչպե՞ս պետք է վառեին երևանյան սովորական բնակարանում:


Որպես մարդասիրական օգնություն առավել անապահովներին երբեմն տալիս էին կերոսինի սուղ պաշար, որը բավարար էր միայն թույլ կերոսինի վառարանը լցնելու համար: Մյուսներն ունեին միայն մեկ ճար՝ փայտի վառարան: Ժամանակակից քաղաքում այդպիսի վառարան գտնելը հեշտ չէր, իսկ վառելիք ճարելը՝ գրեթե անհնար, քանի որ ոք չէր պաշարել փայտ մեկուկես միլիոնանոց քաղաքի համար: Այդպես վառարաններում սկսեց այրվել Երևանը… «Մութ տարիներին» Երևանի բնակարաններում մինչև վերջ այրվեցին քաղաքի շրջակայքի բլուրների անտառները, այգիները, պուրակները, ծառուղիները, մրգատու ծառերը… Այն ժամանակ աշխարհում ամեն ինչ երկու տեսակ էր՝ այրվող կամ չայրվող: Այրվեցին շենքերի մուտքերի բոլոր ճաղաշարերը, դռները, պատուհանների շրջանակաները: Այրում էին կահույքը, պարկետը, երեխաների խորանարդիկները, կոշիկները, ամսագրերը, գրքերը… Հոյակապ վառվում էին մարքսիզմ-լենինիզմի հիմնադիրների գործերն ու ԽՄԿԿ համագումարների նյութերը: Լենինը կրկին դարձավ ակտուալ. բոլշևիկների առաջնորդի մտքերի երկու-երեք գիրքը մի բաժին ապուր էր տաքացնում: Փայտի վառարանները ենթարկեցին Երևանի գրադարանները գաղափարախոսական զտման՝ թողնելով միայն այն, ինչն իրոք մոտ էր սրտին:    
Սակայն նույնիսկ գրքերի ու ծառերի զանգվածային ոչնչացումը չէր կարողանում անշեջ պահել վառարանների կրակը: Փորձել ե՞ք քնել 0-ից ցածր օդի ջերմաստիճանով տանը: Ո՞ւմ մտքով կանցներ, որ անկողին մտնելու համար պետք կլիներ տաք հագնվել: Երեք շերտ շոր, գլխարկ, մի քանի զույգ գուլպա, հնարավորին չափ շատ վերմակ…  Այսպես էին Երևանում պատրաստվում քնին: Երեկոյան տաքացված ջուրը լցնում էին շշերի մեջ, որոնք հետո որպես ջերմակ դնում էին անկողինների մեջ: Առավոտյան նույն ջրով լվացվում էին. վերմակի տակ տաքացած ջուրն ավելի հաճելի էր, քան ծորակից եկող հալած սառույցը:

«Լողանալ» ասում էին հազվադեպ կատարվող հանդիսավոր ծեսին, որի համար պատրաստվում էին երկար ու խնայողաբար: Տանը լողանալու ժամերը խիստ սահմանափակ էին, մաքրությունն ու անձնական հիգիենան հնարավոր էր միայն հերթով: Հայերի բացարձակ մեծամասնության հեռավոր ու անհասանելի երազանքը «երկու ձեռքով» լողանալն էր, այսինքն՝ ցնցուղի տակ կանգնած, առանց ատելի ամանով տաք ջուրը վրան լցնելու:


Հացը
Ծանրագույն էներգետիկ ճգնաժամին զուգահեռ առաջացավ նաև հացի խնդիր: Հացահատիկը Հայաստան հասնում էր ընդհատումներով: Սկսեցին տալ հացի կտրոններ՝ յուրաքանչյուրին օրական 200 գրամ հաց: Համեմատության համար. շրջափակված Լենինգրադում հացի նորման 350 գրամ էր ռազմական գործարանների աշխատակիցների, 250 գրամ աշխատավորների և 150 գրամ երեխաների ու խնամքի տակ գտնվողների համար: Ղարաբաղից եկող լուրերից հետո գլխավոր նորությունը Երևան մտած հացահատկի վագոնների քանակի մասին տեղեկություններն էին: Թեպետ տալիս էին քարտեր, հացը միևնույնն է՝ չէր բավարարում, խանութների առջև ժամերով կանգնում էին հերթի: Հացն էլ պատրաստված էր խմորից ու ինչ-որ անուտելի «սննդային» հավելումներից, որոնցից այն ստանում էր կանաչավուն երանգ ու տհաճ հոտ: Հացը բնականոն մատակարարվում էր միայն ռազմաճակատում մաքառող բանակին, իսկ մյուսները մի կերպ էին գլխի ճարը գտնում:

Սննդի կտրոններն ու հացի հերթի համարըՍննդի կտրոններն ու հացի հերթի համարը


Ձուն, պանիրը, միսն ու երշիկը դարձան հազվագյուտ ու խիստ թանկ:Բնակչության մեծ մասը զրկվեց աշխատանքից, ինչից էլ շատ ընտանիքներ կանգնեցին սովի վտանգի առջև: Այն տարիների Երևանի ձեռնարկում աշխատողի սովորական «ընդմիջումը» անցած տարվանից մնացած ջեմի բարակ շերտով կամ պանրի փոքր կտորով հացն էր… Հայաստանը փրկվում էր Սևանի սիգով ու էժան բադրիջաններով, որոնցից սկսեցին պատրաստել ամեն տեսակ ուտելիք՝ պահածոյացնելով, չորացնելով, թթու դնելով… Ի դեպ, շատերը ցայսօր ունեն «բադրիջանի սինդրոմը». մինչև հիմա շատ ընտանիքներում ձմեռվա համար փակում են անիմաստ շատ ծավալով բադրիջան:
«Փրկարար օղակ» էին արտասահմանում ապրող ազգականները, որոնք ինչ ասես չանելով՝ հարազատներին ուղարկում էին փող ու մթերքի փոքր կապոցներ (օդային կապում էլ կային խնդիրներ):

Կոմունիկացիան
«Մութ տարիներին» առանձին աղետ էր կապը: Հոսանքի բացակայության պատճառով դադարեցին աշխատել ԱՀԿ-ները, ու հեռախոսը որպես կապի միջոց մի քանի տարով իսպառ մատնվեց մոռացության: Հեռախոսները երբեմն միանում էին ինքնուրույն. յուրաքանչյուր զանգ ասես գար անդրշիրիմյան աշխարհից: Արտակարգ պատահաների դեպքում միկրոշրջանում՝ հիմնականում ԺԵԿ-ում (ռուս. жилищно-эксплуатационная контора) կար միայն մեկ աշխատող հեռախոս: Այնտեղ գնում էին շտապ օգնություն կամ հրշեջ խումբ կանչելու համար: Իսկ եթե ուզում էիք իմանալ՝ ինչպես են հարազատներն ու ընկերները, դե, կներեք էլի՝ պետք է ուղղակի գնայիք ու իմանայիք: Ու գնայիք ոտքով, քանի որ հասարակական տրանսպորտ կար միայն մարդկանց լուսավոր հուշերում: Ողկույզի պես կախված մարդկանցով հազվադեպ ավտոբուսները նման էին խորտակվող նավերի: Որոշ տրոլեյբուսներ վախվխելով փորձում էին դուրս գալ երթուղի, սակայն անխուսափելիորեն մնում էին կես ճանապարհին, երբ անջատում էին հոսանքը: Սակայն բարձր ու ցածր Երևանում կարողանում էին օգտվել քաղաքակրթության նաև այս աղոտ հետքերից. տրոլեյբուսը հրելով դեպի մոտակա դարիվարը՝ կարելի էր վրան ցատկել ու մարած շարժիչով գնալ նույնիսկ 3-4 կանգառ ՝ իհարկե, առանց կանգնելու:

Հետո նորից ոտքով... Ու քայլում էին, երբեմն 10-15 կմ: Այդ տարիներին բնորոշ տեսարան՝ ամայի մայրուղով ձգվող մարդկանց երկար շարք… Ոտքով էին գնում աշխատանքի ու հյուր՝ էլ ո՞նց առանց դրա: Ավտոմեքենան որոշ ժամանակ նորից դարձավ շքեղություն: Երեկոյան մարդկանց վրա հարձակվում էին թափառական շների ահռելի ոհմակներ. սովը նրանց էլ էր գցել հուսահատության մեջ: Քաղաքի լիիրավ տերեր դարձան կայծակնային արագությամբ բազմացող առնետները: Հիմա՝ տարիներ անց, նույնիսկ դժվար է հասկանալ՝ ինչ էին ուտում:

Բայց նույնիսկ այդպիսի սոսկալի պայմաններում վառ արտահայտվեցին հայկական ազգային հատկանիշները՝ շփման պահանջը, հումորի զգացումը, փոխադարձ օգնությունը: Հարևանները հավաքվում էին սև ու սառը բնակարաններում նարդի խաղալու, պատմելու վերջին նորություններն ու հեշտ անցկացնելու երկար երեկոները: Միասին էին ճաշում, կարդում, պատերազմ ճանապարհում, երեխաներ դաստիարակում, կատակում, երգում ու նույնիսկ պարում…

Մարդը կարող է դիմանալ շատ բանի, ու հայերը դիմացան՝ թեպետ ոչ բոլորը: 1992-ին երկրում սկսվեց զանգվածային արտագաղթ: Գնում էին ուր ասես՝ աշխարհի ցանկացած կետ, միայն թե կենդանի մնային, սառցակոտոր չլինեին, միայն թե երեխաներն ու ծերերը հայտնվեին մարդկային պայմաններում: Դժվար է պախարակել նրանց … Երևանից թռչող ինքնաթիռները նման էին խցկված տրոլեյբուսների՝ թռչում էին կանգնած: Երևանի կենտրոնում երկսենյականոց բնակարանի գինն այն ժամանակ հազիվ մի քանի հազար դոլար էր: Շատերն են ցայսօր հիշում շենքերի պատուհաններին ու պատշգամբներին փակցված «Բնակարանը փոխում եմ ավիատոմսի հետ» հայտարարությունը:

Տարբեր տվյալներով՝ «մութ տարիներին» Հայաստանի երեք միլիոն բնակչից արտագաղթեց առնվազն մեկ միլիոնը: Երևանը դատարկվեց բառի բուն իմաստով:

Նայում ես այսօրվա Երևանին, երևանցիներին ու դժվարությամբ հավատում, որ նրանցից շատերը միասին են անցել այս ամենի՝ ցրտի, սովի ու մթի միջով: Մղձավանջը մնաց անցյալում, որն այսօր ոչ ոք չի ուզում հիշել: Սակայն հարյուրհազարավոր կտրված ծառերը հիշեցնում են հարյուրհազարավոր արտագաղթածների մասին: Նրանք՝ ծառերն ու մարդիկ, գնում էին միասին: Մնացին ամենապինդերը… ու արմատները: Այսինքն՝ կյանքը շարունակվում է: 

Այս թեմայով