04 Դեկտեմբեր 2013, 13:27
1678 |

Երևանում ծնված կարոտախտ

Երևանը փոքր քաղաք է` երեկոյան զբոսնելիս հազար ու մի ծանոթի կարող ես հանդիպել: Բայց, մյուս կողմից, երբեք չես հանդիպում նրան, ում փնտրում ես, որքան էլ դիտմամբ, ճանապարհդ երկարացնելով, քայլես այն փողոցներով, որոնցով պետք է որ նա անցնելիս լինի: Վերցնում եմ հեռախոսն ու sms գրում. «Karotel em»: Բայց ի պատասխան հարցեր եմ ստանում. հարցեր, որոնք գրածիս են ի պատասխան, ոչ թե կարոտիս:

Սա Երևանն է, որտեղ կարոտից կարող ես խեղդվել, բայց ոչինչ չասել էդ մասին:

Սա Երևանն է, որտեղ կարոտում ես` մեծամասամբ` չգիտես, թե ում:

Սա Երևանն է, որտեղ կարոտդ սպանում ես քեզ զբաղեցնելով:

Սա Երևանն է, որտեղ միայն թոռնիկներն ու տատիկներն են հաղթահարել կարոտի մասին խոսելու բարդույթը:

Սա Երևանն է, որտեղ դրսում գտնվող հարազատի հետ հեռախոսով զրուցելիս հաջողություն ասելուց առաջ մի պահ լռում են:

Սա Երևանն է, որտեղ մինչև դիմացինը չասի՝ կարոտել եմ, մյուսը բնազդաբար չի պատասխանի` ես էլ:

Սա Երևանն է, կարոտը ծոր է տվել փողոցից փողոց, իսկ մարդիկ միայն փողոցի աղբն են նկատում, «էն անճաշակի հագածը» ու «էս անտեր» անձրևները:

Սա Երևանն է, որտեղ երգում են կարոտի մասին, բայց կարոտ չկա էդ երգերում:

Սա Երևանն է, որտեղ ոչ ոք տանը չէ, իսկ դրսում գտնվողների հանդեպ կարոտը ծանրոցից ծանրոց մի տեսակ փարատվում է:

Սա Երևանն է, որտեղ կարոտի մասին կարող ես լսել միայն ճռճռան սերիալների մեջ: 

Սա Երևանն է, որտեղ իրար տեսնելիս` կարոտն արտահայտում են հայացքով, ամենաշատը` ժպիտով: 

Սա Երևանն է, որտեղ ձմեռները գալիս ու համատարած կարոտախտ են բերում. գարնանն ավելի է սրվում վիճակը` մարդիկ բարձերը գրկած` գիշերները կատուներից բարձր են մլավում: Ամռանը մի քիչ ցրվում է կարոտը ծովի ավազի կամ պահածոների տարաների մեջ, իսկ աշնանը… աշունը հող է նախապատրաստում ձմռան համար:

Այս թեմայով