29 Նոյեմբեր 2013, 11:45
3189 |

Հոտնկայս քննադատություն

Եթե երբեմնի կենսաբան մշակութապետը չի կարողանում մանր ու միջին թատերախառն չինովնիկներին կարգի հրավիրել, ապա իրավունք ունի՞ երկրի մշակույթը կառավարել:

Օրերս մայրաքաղաքային խաղացանկը համալրեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Արման Նշանյանի բեմադրած «Կենտ զույգ» կատակերգությունը: Առողջ մշակութային կյանքի թելադրանքով թատերագետները պետք է դիտեին այդ ներկայացումն ու մասնագիտական արձագանք տային: Բայց պարզվեց, որ դրամտիկականում դեռևս այլ տրամաբանությամբ են առաջնորդվում. թե քննադատն իրենց անձնական օգտագործման թատերագետը չէ, ապա նրան որպես մասնագիտական տհաճ խնդիր են դիտարկում:

Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային փառատոնի ընթացքում բեյջ ունեցող թատերագետին ներս չթողնելուց տարիներ հետո էլ գրեթե նույն վարքագիծն ունեն: Երբ որպես թատերագետ ես ներկայանում, ուղղորդում են վարձակալական հիմունքներով դրամատիկական թատրոնում հանգրվանած ներկայացման տնօրենի մոտ: Արման Միտոյանը քեզ ընդամենը ներս կուղեկցի, բայց թե որտեղ պետք է նստես, երևի թե Մելպոմենեին էլ հայտնի չէ: Այսինքն, ստիպված ես դահլիճի վերջնամասում կանգնած դիրքով պարզապես ներկա գտնվել ներկայացմանը, ինչը բնավ մասնագիտական դիտում չէ, քանի որ զրկվում ես շնորհալի խմբի քննարկելի աշխատանքի արժանիքները վերլուծելու մասնագիտական իրավունքից: Իսկ այդ արժանիքները քիչ չէին, մանավանդ, որ Արման Նշանյանի կատարողական տեսակը խաղային հայտնություն էր:

Տպավորությունն այնպիսին է, որ որոշ գեղղեկեր ու տնօրեններ այդ օրերին թատրոնի տարածքից զատ մասնագիտական բարեխղճությունն էլ են վարձակալության հանձնում: Այլապես ինչո՞վ կարդարացնեն քննադատի հանդեպ իրենց ցուցաբերած մասնագիտական հակամշակութային կեցվածքը՝ թատերագետի պարտադիր տեղի հարցի իրավական հիմնավորման բացակայությա՞մբ: Միգուցե այդպիսի առիթը անձնավորված հարաբերությունների պարզաբանման լավագույն միջո՞ցն են համարում: Հատկապես, երբ այդ անհարգալից վերաբերմունքից հետո, գրչիդ տակ մտրակված բեմադրիչն է ծեծվածի նեղացկոտ հայացքով ճամփադ մկրատում: Ուրեմն նրանց ձեռնտու է թատերական դաշտում տիրող օրենսդրական խառնափնթորությունը. ում հետ ինչպես կամենան' այնպես էլ կվարվեն:

Այս խայտառակ իրավիճակի դրսևորումներին «Տոմս չունեմ, բայց դիպլոմ ու հոդված ունեմ» վերտառությամբ հոդվածով վերջերս անդրադարձել էինք: Բայց խնդրի լուծման հասցեատեր նախարարությունը տվյալ հրապարակմանը զրոյական ուշադրության արժանացրեց: Ի՞նչ սպասես տասնյակ տարիներ թատրոնի մասին օրենքը ծամծմող ու մինչ օրս ձգձգող կառույցից: Ուստի, եթե երբեմնի կենսաբանը չի կարողանում թատերական չինովնիկներին կարգի հրավիրել ու թատրոնի մասին օրենքը կյանքի կոչել, ապա տիկինն իրավունք ունի՞ երկրի մշակույթը կառավարել: Չենք բացառում նաև այն հակադարձումը, թե իբր Հասմիկ Պողոսյանի գործառույթներից դուրս է նմանօրինակ մանրուքով զբաղվելը: Կարո՞ղ է պատահի քրեական մշակույթի շրջանակներում է տեղավորվում բարձրացված հարցը և մենք ոստիկանապետին դիմելու փոխարեն սխալ հասցեով ենք ուղղում պահանջատիրական սլաքը:

Ամենաթողություն որդեգրած մեր երկրում այդպես է. հարցերը հաճախ ինչ-որ մեկի կյանքի գնով են միայն լուծվում: Մականունավոր մարզպետի շրջապատը մինչև երիտասարդ ընտանիքի հորը կյանքից չզրկեց, այդ տխրահռչակ պաշտոնյան հրաժարական չտվեց: Կամ էլ գերմանական «բարեգթությամբ» հայտնի երեսփոխանի պատգամավորական մանդատից հրաժարման դրդապատճառը: Իհարկե, մխիթարող է, որ այս իրողությամբ հանդերձ' կան թատրոններ, որոնք հավատարիմ են մասնագիտական պարկեշտությանը: Ուսումնական, Տիկնիկային, Գոյ, Պատանի հանդիսատեսի, Փոքր, Մնջախաղի թատրոններում ու ՀԹԳՄԻ կամերային դահլիճում նման ճղճիմ խնդիրներով չեն խոչընդոտում թատերագետի աշխատանքին, քանի որ գիտակցում են' թատերագետն էլ իրենց պես թատերական գործիչ է: Ավելին, Հակոբ Ղազանչյանն ու Հրաչյա Գասպարյանն անձամբ են հետաքրքրվում թատերագետի տեղի պատշաճ լուծման հարցով: Սա խոսում է մասնագիտական բարեկրթության մասին, ինչից վատ չէր լինի, եթե ուրիշներն էլ չխորշեին:

Այս թեմայով