26 Նոյեմբեր 2013, 12:59
2678 |

Աշխարհը խալի է ոտիդ տակ

Գորգագորության ասպարեզում հավակնություններ ունեցող հարևան պետություններից, թերևս, միայն իրանցիները չեն տառապում հայկական գորգերն իրենցով անելու մարմաջով։

Հին հայկական գորգերի մի անկյունում երբեմն հայատառ գիր կամ թվական է գործված։ Հայերեն արձանագրությամբ գորգերը, բնականաբար, հնարավոր չէ կեղծել. հատկապես ադրբեջանցիները կամ թուրքերն ինչքան էլ ուզեն, չեն կարող ժխտել դրանց ազգային պատկանելությունը։ Բայց այն գորգերը, որոնց վրա հայերեն գիր չկա, հայտարարում են, թե իրենցն է։ Մեր հարևան երկրները գորգարվեստի թանգարաններ ունեն և օտարերկրացիներին հրամցնում են ձեռագործության ավանդույթները, պատմությունն ու հմտությունները' որպես իրենց ազգային մշակույթ։

Sotheby աճուրդում 35 մլն դոլարով վաճառվել է հին գորգ, որը շատերի համոզմամբ պարսկական է եղել, բայց հետո ապացուցվել է, որ հայկական է։ րանցի հարևանները, բարեբախտաբար, չեն տառապում հայկական գորգերն իրենցով անելու մարմաջով։ Չեն ժխտում, որ հարևան ժողովուրդներ լինելով' փոխառել ենք միմյանց մշակույթը, անգամ բառերն ու սովորույթները։ Բայց կան մշակութային, այդ թվում' գորգագործական առանձնահատկություններ, խորհրդանշաններ ու պատկերներ, որոնք հենց տարբերանշանի դեր են կատարում, ու մասնագիտական աչքն անմիջապես հաստատում է դրանց ազգային պատկանելությունը։ Տրամաբանորեն ամենազորեղ փաստը գիրն է։ Որքան էլ ադրբեջանցիներն իրենց պատառ-պատառ անեն' պատմությունն աղավաղելու հորինվածքներով, միևնույն է գորգի վրա գործված հայատառ արձանագրությունը կեղծել կամ հերքել չեն կարող։ Եթե իրենք կամ թուրքերը գորգագործության հզոր մշակույթ ունեն, ապա թող ցույց տան մի գորգ' ադրբեջաներեն կամ թուրքերեն արձանագրությամբ։ Որտեղի՞ց ցույց տան, երբ Ադրբեջան հանրապետությունը Լենինը հորինեց ընդամենը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, իսկ ադրբեջաներենը մի կերպ շուլալվեց' տառեր փախցնելով լատինական ու սլավոնական այբուբեններից։ Իսկ թուրքերը գորգագործության դարավոր ավանդույթների մասին միայն երազել կարող են. քոչվորը գորգ չի կարող գործել, որովհետև այդ մշակույթն ունենալու համար պետք է նստակյաց կյանք վարել։ Գորգի հենքը գցելը, բրդից թել մանելը, ներկելը, գորգ գործելը ամիսներ ու տարիներ են պահանջում, իսկ քոչվոր թուրքերը պարբերաբար այլ վայր են տեղափոխվել ու վրաններ խփել' նայած թե ում հայրենիքի վրա են հարձակվել ու ավերել։ Դրանից բացի, հսկայական դազգահն ուղղակի անհնար է տեղից տեղ քարշ տալ։

Ադրբեջանցիները Բաքվի գորգագործության թանգարանում իտալացի հյուրերին ներկայացրել են մի արժեքավոր գորգ։ «Ղարաբաղի գորգ է, այսինքն'ադրբեջանական»,- ասել են: Նույն իտալացիները երջանիկ պատահականությամբ եկել են Երևան ու տեսել նույն գորգից' ավելի հին տարեթվով. զարմանքը չեն թաքցրել։ Հայ մասնագետներն ապացուցել են, որ Ղարաբաղի գորգերի հեղինակները հայերն են, որովհետև նրանք հենց իրենց հայենիքում են գործել դրանք' դեռ 2-3 դար առաջ, երբ ադրբեջանցի ազգ գոյություն էլ չի ունեցել։

Վիշապագորգ, Վասպուրական, Չալաբերդ կամ Արևագորգ. հայկական գորգերը տարբեր են իրենց անուններով, գույներով ու պատմությամբ։ Ոչ մի նախշ հենց այնպես չի գործվել, անպայման իմաստավորված խորհրդանշան է եղել։ Պտղաբերություն խորհրդանշող հունդեր, հավերժության նշաններ, արիական ազգի խորհրդանիշ Տ-եր. շատ գորգեր գործվել են հարգարժան մարդկանց պատվերով։ Նման դեպքերում գորգի վրա անպայման գործվել է նաև պատվիրատուի կերպարը։ Որքան բարձ է եղել նրա հասարակական դիրքը, այնքան գորգի ավելի վերին հատվածներում է դրոշմվել նա' մարդու փոքրիկ կերպարանքով։

Հայկական գորգարվեստը մեր պատմության, ինքնության, էթնիկ պատկանելության շատ հարցերի պատասխաններ է ամփոփում։ Դրանց վրա նաև կոդեր են պատկերված. վերծանելու դեպքում արժեքավոր ինֆորմացիա կարող են հաղորդել։ Գորգերը կրել են նաև ժամանակի, հասարակական հոսանքների ազդեցությունը. 1920-ականներին գործված գորգերի անկյուններում երբեմն պատկերվել է մուրճ ու մանգաղ' կարմիր աստղի վրա։

Հայկական գորգերի հարուստ հավաքածու ունեցող Մեգերյան ընկերությունը ծրագրել է իր գործարանում ստեղծել հայկական գորգագործության թանգարան, որտեղ ներկայացված կլինի հայկական հին գորգերի ընտրանի։ Թանգարանն արդեն որոշ չափով կարող է ներկայանալ այցելուներին։ Սակայն այս ասպարեզում դեռ անելու շատ բան կա. մեր հարևաններն ահռելի գումարներ են ծախսում մեզնից գողացված մշակույթն իրենցը հռչակելու համար։ Քարոզչությունն իրականացվում է միջազգային մակարդակով' բազմալեզու գրքեր, ֆիլմեր, դասախոսություններ։ Իսկ գորգագործության հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում գորգագործության մասնագիտացված թանգարան էլ չունենք։

Պետական անհետևողական մոտեցումը ներարկվել է նաև հասարակության մեջ։ Վերջին անգամ ո՞ր մասնագետն է շրջել մեր մարզերով, որպեսզի պարզի' ում տանը կա հին գորգ և մշակութային ինչ արժեք է ներկայացնում այն։ Ի՞նչ անեն մեր տատերն իրենց տատերից ժառանգած արդեն առնվազն մեկ դար ապրած գորգերը։ Ոչինչ էլ չեն անում. օգտագործում են գյուղական տներում, իսկ նորաթուխ հարսներն արդեն խունացած ու մաշված տատական գորգերը հաճույքով կփոխեին Բանգլադեշի տոնավաճառի ռամաշկաներով կամ բանտիկներով արհեստական խալիների հետ, որովհետև ոտքի տակի գորգի արժեքը չգիտեն։

Այս թեմայով