21 Հոկտեմբեր 2013, 13:53
2521 |

Շախմատիստների հայրենիք Հայաստան

Թեև ֆիլմի սցենարիստները հայտնի հումորիստներ Նարեկն ու Սերգեյն էին, բայց արի ու տես, որ եթե սիրում ես ArmComedy-ի դիպուկ և նուրբ հումորը, ապա «Քայլ ձիովը» քեզ համար չէ:

«Քայլ ձիով», 2013 թ.

Ռեժիսոր – Գոռ Կիրակոսյան

Դերերում – Հովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա

Գոռ Կիրակոսյանի առաջին կինոկատակերգությունը և գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն առհասարակ` «Մեծ պատմություն փոքր քաղաքում», ռեժիսորի գեղարվեստական առումով ամենահաջողված ֆիլմն է: Դրանից հետո ամերիկահայ ռեժիսորը նկարահանեց երկու պարզունակ և կլիշեակերտ, ամերիկյան մեյնսթրիմային միաբջիջ կատակերգություններ` «Կորած-մոլորվածը Հայաստանում» և «Տոմս դեպի VEGAS»: Ռեժիսորի վերջին աշխատանքը մի փոքր տարբերվում է նախկին երեքից. ֆիլմի սցենարիստներն են ինտելեկտուալ հումորի վառ ներկայացուցիչներ, տեղական Ջոն Սթյուարտն ու Ջեյ Լենոն` Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը: Բայց արի ու տես, որ եթե սիրում ես ArmComedy-ի դիպուկ և նուրբ հումորը, ապա «Քայլ ձիովը» քեզ համար չէ:

Ֆիլմի բացման տեսարանը թե՛ վիզուալ կերպով, թե՛ կադրից դուրս օգտագործված պատմիչի ձայնով կրկնօրինակում է Թիմուր Բեկմամբետովի «Ցերեկային գետք» ֆիլմի բացման տեսարանը, որտեղ ևս կար Թամերլանը, ևս կար մի փոքրիկ, բայց հզոր ուժ ունեցող իր (Բեկմամբետովի դեպքում կախարդական կավիճ), որի շուրջ էր ֆիլմի ամբողջ կռիվ-պատերազմը: Նույնն էլ տեսնում ենք այս ֆիլմում, ուղղակի այս դեպքում կավիճի փոխարեն քար է, որը, ըստ ստեղծողների, հեշտությամբ կարելի է գողանալ՝ փոխարինելով «Բարբրիս» կարամելով:

Քայթինգն արված էր ոչ թե ճիշտ կերպարներ հավաքելու, այլ հայտնի դերասաններին (Արտաշես Ալեքսանյան, Լուիզա Ներսիսյան, Լևոն Հարությունյան, Ջուլիետտա Ստեփանյան) ներգրավելու վրա: Արտաշեսի և Լուիզայի տեսարանը չափից դուրս գրոտեսկացված է, Մալևիչի անունը շփոթող հայ օլիգարխի և իր տգետ-գեղեցկուհի կնոջ բառախաղը` Մալևիչ-Պասկևիչ-Մալյարիչ ու Լուիզայի հերոսուհու՝ Swarovski քարերով զուգարանակոնք ունենալու երկնագույն երազանքն այնքան ծեծված են, որ ուղղակի ձանձրալի է:

Սոս Ջանիբեկյանի nerd կերպարը ոչ մի կերպ չի կարող արդարացվել լոկ ծամոն ծամելով և փուչիկ փչելով: Ակնոցն ու կողքի սանրած մազերն էլ բավական չեն, որպեսզի Ջանիբեկյանը համոզիչ լինի այս կերպարում: Բառիս բուն իմաստով հանդիսատեսին ֆիլմի ընթացքում հետապնդում է զուգարանային հումորը, որի միակ լույսը մութ թունելում Մկրտիչ Արզումանյանի դերասանական շնորքն է: Բայց սիրված կոմիկի շուրթերից լսել ոչ ծիծաղելի կատակներ առնվազն տարօրինակ է: «Ստեփանակերտը Հայաստանի մայրաքաղաքն է», ղազախ աղջկա միամիտ հարցը՝ «Ինչո՞ւ են բոլորը ղարաբաղցի» այլևս արդի չեն: Բոլոր սցենարական և ռեժիսորական հնարքները, կլիշեներն ու ֆիլմի ֆաբուլան ակնհայտ վերցված էր ամերիկյան պարզագույն մեյնսթրիմային ցածրորակ ֆիլմերից: Հովհաննես Ազոյանը հավանաբար հոգնել է «օղբաթ» կերպարից՝ փորձելով հանդես գալ «կինոյի տղա» ռոմանտիկ ամպլուայի մեջ, ափսոս՝ բավականաչափ չի հաջողվել: Ամբողջ սքետչային և գեգային հումորը (համբույրի տեսարանից հետո Ազոյանի հերոսի շոկային վիճակն ու Արզումանյանի հերոսի հետ-հետ գնալով ձորն ընկնելը) իջեցնում լավ կոմիկների վարկանիշը: Չի արդարացվում Ազոյանի բազմամյա սանրվածքը, որը ոչ թե կերպարի, այլ իր ինդիվիդուալությունն է, տեղին չէ նաև ոճային վարդագույն վերնաշապիկը: Առանձին պետք է նշել Ասել Սագատովային, որը փորձում է լինել «քյութ»: Կարծում եմ՝ աղջիկը կադրում այնպիսին է, ինչպիսին կյանքում, անգամ պրոֆեսիոնալ դերասանուհի էլ չէ: Մեկ դրվագում տեսնելով Սագատովայի և Թամարա Պետրոսյանի խաղը, չես կարող չուրախանալ մեր հայրենակցուհու բնական խաղի ճիշտ ռիթմով:

Կիրակոսյանի ֆիլմի գաղտնիքը պարզ է. այն խինդ է պարգևում, ինչի կարիքն այսօր հայ հանդիսատեսը հաստատ ունի:

Այս թեմայով