09 Հոկտեմբեր 2013, 15:53
2428 |

Շնիցլերի անպարկեշտության շրջապտույտում

Սա պարզապես սերը կեղծող սեռական արկածների մի շրջանակ է: Այստեղ, ուր սերը մեռնում է դեռ չծնված, կհանդիպես ամեն ծագման ու սոցիալական դիրքի ներկայացուցիչների:

Դժվար է ասել' Հայնրիխ Բյոլլի «Ծաղրածուի աչքերով» վեպում որպես ձանձրալի գրող Շնիցլերի նախատիպ Արթուր Շնիցլե՞րն էր ծառայել, թե՞ ոչ: Բայց փաստն այն է, որ Բյոլլի կեղծավոր ու ձրիակեր Շնիցլերը և նրա ավստրիացի անվանակիցն ու արվեստակիցը նմանություններ ունեն: Երկուսի գրականություններն էլ իրենց ժամանակներում արգելվել են և նրանց ստեղծագործական ներուժը գրեթե անհույս է: Ահա այդ երկրորդ հանգամանքը հայ հանդիսատեսին փաստացի ապացուցեց Սերժ Մելիք-Հովսեփյանը' ՆՓԱԿ-ում բեմադրելով Արթուր Շնիցլերի «Սիրային շուրջպար» ստեղծագործությունը:

Ընդամենը դրամատուրգիական ֆորմա ունեցող գրվածք, որը, ըստ էության, բեմական դրվածք չունի: Երկարաշունչ երկխոսություններում թառած սիրո փաստարկները սրտի տխմար զրույցներ են հիշեցնում, քանի որ չկա հետաքրքրություն առաջացնող հոգեկան լարումը. կոնֆլիկտը, դրա զարգացումը, գագաթնակետն ու հանգուցալուծումը: Բնականաբար, միջանցիկ ու հակամիջանցիկ գործողություններն էլ նեղ մասնագիտական ավելորդ շքեղություններ են:

Սա պարզապես սերը կեղծող սեռական արկածների մի շրջանակ է, որտեղ բարոյականությունն է անբարոյական: Այստեղ, ուր սերը մեռնում է դեռ չծնված, կհանդիպես ամեն ծագման ու սոցիալական դիրքի ներկայացուցիչների: Շարքային շրջիկ մարմնավաճառի, միջին խավի հալալ-կաթնակեր պոռնիկների, բարոյականության փետուրներով պճնված բարձրաշխարհիկ փչացածի: Սիրեկանների ստվար հավաքածու ունեցող հեշտասեր դերասանուհին էլ՝ որպես բարոյազուրկ հասարակարգի հավելազարդ: Իհարկե, չենք մոռանում փողոցային կատուների բնազդներով առաջնորդվող տարատեսակ տղամարդկանց: Կարճ ասած, բարոյալքվածության մի սովորական շրջանագիծ, որին բեմականություն հաղորդելն անգամ Սերժ Մելիք-Հովսեփյանին չհաջողվեց: Ինչպե՞ս հաջողվեր, երբ այդ մանրապատումների կերպարներից որոշներին իրար կապող միակ օղակը սեռական անուղղակի խնամիությունն էր: Սյուժետային գծի տրամաբանությունը էտյուդային էր, ինչը կվայելեր ռեժիսորական երրորդ կուրսի ուսանողին, սակայն ոչ նման բեմադրիչին:

Ասենք ավելին, ներկայացումը փոքրիշատե ամբողջական տեսքի կգար, եթե մեկ առանձին պատմողի կերպար ներմուծվեր, ով հնարված մոտիվներով այդ առանձին պատումները մեկը մյուսի շարունակությունը կդարձներ: Շրջանաձև ու պտտվող բեմահարթակում ծավալվող գործողություններն էլ գրական հենքից միալարություն չէին ժառանգի: Բայց բեմադրիչը չէր համարձակվել Շնիցլերի փոխարեն ստեղծագործել: Թեև մեկ հարցում խիզախել էր, այն էլ չափավորության սահմանը հատելով: Ամեն ենթադրելի մերձեցումից հետո հանդիսականին գրություն էր ցուցադրվում, որի վրա նշված էր տվյալ սեռական ակտի տևողությունը: Երևի թե բարեբախտություն է' գործը սեռական դիրքերի քննարկմանը չհասավ: Այնինչ, աստեղային ժամանակահատվածի խաղարկմամբ գռեհկանալու փոխարեն ճիշտ կլիներ ցուցանակի հնարքից այլ կերպ օգտվել՝ խրախճանքի կիսաանասնական հռհռոցի շահերին չծառայեցնելով:

Որքան էլ Սոնա ու Լիաննա Վարդանյաների կոլորիտային արտահայտչականությունը գրավիչ լինի, միևնույն է՝ տեսարանի ավարտից հետո աչքդ է խցկվում ցուցանակի լպիրշությունը: Ի դեպ, Սոնա Վարդանյանը երկրորդ կերպարը կերտելիս պետք է ուշադրություն դարձնի իր խոսքի ինտոնացիոն նրբերանգներին: Թե չէ ավստրիացի երիտասարդ օրիորդին հայ քաղքենուհու ծորուն խոսելաձևն է հարկադրվում: Խոսքի հնչերանգի սխալ ընտրությունից անմասն չէր մնացել նաև Տիգրան Մացակյանը' ամուսնու դերը կատարելիս: Թեև նրա կեցվածքը հավաստի էր, աչքերն ու դիմախաղը փոխլրացնում էին միմյանց, բայց ավստրիացու խոսելաոճում ֆրանսիական հնչողականության հետքեր կային: Իսկ Մացակյանի երկրորդ դերակատարումը առաջինի փոքր-ինչ ավելի մեղմ ու խղճուկ մոդելն էր: Կոմսն ասես ամուսնու SLIMS տարբերակը լիներ, մանավանդ, երբ աչքի էր զարնում նրա կանաչ զգեստի ճմրթվածությունը: Ավելի շատ Գոգոլի հանրածանոթ կերպար Ակակի ցնցոտիին էր նման, քան թե ընտրախավի ներկայացուցչի հագուստի:

Դերակատարներից շատ ավելի վատ կացության մեջ էր Անդրանիկ Միրզախանյանը: Հաշվի չնստելով բեմարվեստի տարածական օրինաչափությունների հետ' բեմադրիչը բարձրահասակ, երկար ձեռքեր ու ոտքեր ունեցող դերակատարին փոքր բեմատարածք էր մտցրել: Ռեժիսորական անտեսումով ձևախեղել երիտասարդ դերասանի արտահայտչամիջոցները, կաշկանդել Անդրանիկ Միրզախանյանի ներկայացրած զինվորի խոսքը և դեֆորմացրել նրա շարժումները: Թերևս, ամենից անհաջողը Մարիա Սեյրանյանի դերակատարումն էր: Թյուրըմբռնման ծուղակն ընկնելով' նա դերասանուհու կերպարը խաղալու համար թատերայնության տեղը թատրոնականությանն էր ապավինում: Նույնիսկ գլանակը ծխելու պահին էր կոպտորեն մատնում գործողության պարտադրողականությունը: Իսկույն գլխի ես ընկնում, որ բեմում գտնվողը չգիտե, թե ինչ է ծխախոտի ծուխը դեպի օրգանիզմ ներքաշելու պահանջը:
Սերժ Մելիք-Հովսեփյանն այս սևագրային իր աշխատանքը քրիստոնեական տեսքի բերելու համար դեռ երկար պետք է տքնի:

Այս թեմայով