21 Սեպտեմբեր 2013, 17:24
4033 |

Երևանյան «հիվանդություն»

Ես վաղուց չէի եղել Երևանում: Երկար տարիներ նյույորքյան կյանքից հետո պատանու պես սիրտս թռթռում էր, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ինչպես է փոխվել իմ քաղաքը, իմ Երևանը, որի ամեն անկյունն անգիր գիտեի…

Բարև՛, Երևան
Երևան հասա ցերեկը, թեև ենթադրում էի, որ լուսադեմին կժամանեմ: Պատկերացնում էի, թե ինչպես կանցնեմ դատարկ փողոցներով, կհասնեմ տուն, մի կուշտ ջուր կխմեմ ծորակից, դուրս կգամ պատշգամբ, կզգամ՝ ինչպես է լույսը բացվում և սկսում երևալ հեռուստակայմը, երկար կնայեմ Մասիսին, հետո կպառկեմ քնելու: Իսկ իրականում օդանավակայանի նոր և գեղեցիկ շենքից դուրս եկա ցերեկը՝ ժամը երեքին, ուղիղ արևի տակ, որն, ի զարմանս ինձ, այնքան էլ չէր այրում: Կամ, գուցե, երևանյան արևի մասին իմ հիշողությունն էր չափազանցված:

Մեքենայում անընդհատ աջ ու ձախ էի նայում, փորձելով հասկանալ, թե ինչն է նոր, իսկ ինչը՝ ծանոթ: Այ, այս շենքը վաղուց տեսել եմ, իսկ սա ինչ-որ նոր բան է, երևի առևտրի կենտրոն՝ դատելով չափերից... իսկ սա ինչ է՞... Տարակուսած կարդում եմ նորակառույց շենքի վրայի ցուցանակը՝ «Զբոսաշրջային Հանգստատեղի»: Կողքին էլ անգլերենով՝ Hotel: Տեսնես՝ ինչով «հյուրանոց» բառը դուր չի եկել շենքի տիրոջը: Ի՞նչ տարբերություն կա հյուրանոցի և զբոսաշրջային հանգստատեղիի միջև՝ հետո կպարզեմ: Իսկ հիմա՝ տուն, ծորակ, պատշգամբ, մայրամուտ, Մասիս, քնել...

Պտույտ մը...
Առավոտյան նախաճաշից հետո շտապեցի դուրս: Զբոսնել, զբոսնել և զբոսնել: Չափչփել ծանոթ փողոցներն անհամբեր քայլերով, լսել ժխորը, տեսնել՝ ինչ է փոխվել, հետազոտել բոլոր նորությունները...

Կարա-Բալան անցել է փողոցի մյուս մայթը, Հյուսիսային պողոտան կարծես թե ավարտել են, հայտնի բրենդերի անուններով ցուցանակները շողշողում են արևի տակ:

Ճարտարապետության գիտակ չեմ, բայց ակնհայտ է, որ հիացած չեմ: Միգուցե տպավորությունն այլ կլիներ, թե կանաչապատված լիներ: Սրճարան, սրճարան... էլի սրճարան...ահա, մի հատ էլ մյուս մայթին... մի գավաթ սուրճն իսկապես տեղին կլինի: Նստածս տեղից երևում է Խնկո-Ապոր անվան գրադարանի դիմաց տեղադրված մի նոր հուշարձան: Գրքերի՛ն: Այ, եթե ամեն հինգ բացված սրճարանին հասներ գոնե մեկ նոր գրախանութ...

Սայաթ-Նովա, Տերյան, Նալբանդյան, Մաշտոց... քայլում եմ՝ աշխատելով նկատել ամեն նորություն կամ գտնել հնի հիշողություն, ինչպես օրինակ, կնոջ արձանը, որ «Արգիշտի» սրճարանի մասին միակ հիշեցումն է:

Հիանում եմ հոյակապ նկարազարդված դալաններով: Առաջին այսպիսի նկարազարդումն արեց բեմադրող նկարիչ Բաբայան Գագիկը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումների համար: Բնակիչները պահպանեցին: Իսկ հիմա արդեն բազմաթիվ դալաններ կարող են պարծենալ մաքրությամբ և գեղեցկությամբ:

Տրամադրությունս ընկավ, երբ տեսա Մաշտոցի պողոտայի շուկայի կիսավեր շենքը: Կրկեսի շենքի փոխարեն, մեծ փոս տեսնելուց այնքան էլ չզարմացա, քանի որ ժամանակակից կրկեսն իսկապես պահանջում է տեխնիկական նորույթներով հագեցած ժամանակակից շենք: Բայց շուկան... ախր այդպիսի հուշարձանն ինչպես կարելի էր ավերել, ընդամենը վերանորոգում էր պահանջվում: Համոզված եմ, որ շուկան խարխուլ չէր և շատ ավելի ամուր շինություն էր, քան նորակառույց բարձրահարկերը:

... Զհաց մեր հանապազորդ...
Կերակուրը պետք է լինի համեղ, նույնիսկ պարզ հաց ու պանիրը: Երբ սնվում ես համ ու հոտ չունեցող մթերքով, թեկուզ՝ սննդարար, ոչ մի հաճույք չես ստանում: Երբ հացից հացի հոտ չի գալիս, ախորժակի մասին խոսելն իսկ ծիծաղելի է: Հենց այս նկատառումներից ելնելով Երևանում առաջին գնումներս էին՝ լավաշ, պանիր, կանաչի, լոլիկ... Հրաշալի՛ է, ուղղակի հրաշալի: Ե՛վ հոտը, և՛ համը, և՛ տեսքը: Ինձ թվում է՝ աշխարհում սրանից համեղ կերակուր չկա: Իհարկե, հետո եղա շատ վայրերում, և պետք է ասեմ, որ չգտնվեց մեկը, որտեղ մատուցված ուտեստները համեղ չլինեին: Հատկապես ամենագլխավորը հայկական ուտեստը` խորովածը:

Միս, դմակ, բանջարեղեն, լավաշ, շամփուր.խորոված պատրաստելու համար ուրիշ ոչինչ պետք չէ: Եվ ահա բարձրանում է բոցը, թշշում են լոլիկները, սմբուկը դառնում է փափուկ՝ կլանելով իր մեջ դրված դմակի կիսահալված կտորները: Մսի կտորներից ածուխներին կաթացող հյութի ախորժելի բույրը տարածվում է շրջակայքում՝ հուշելով հարևաններին, որ մի կես ժամից հետո սեղանը պատրաստ կլինի: Ո՜վ խորոված, ոչ մի ամերիկյան բարբեքյու քեզ հետ չի համեմատվի:

Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ՝ գիշերով
Երևանի վրա իջնում է մթնշաղը և ես դուրս եմ գալիս օրվա շոգից հետո հովանալու: Արդեն միացրել են լուսավորությունը: Բազմագույն լապտերները, ցուցանակները, գովազդները լուսավորում են փողոցները՝ ծածկելով մայթերը խայտաբղետ գույներով և ստեղծելով տոնական տրամադրություն: Դուրս եմ գալիս Հրապարակ, շատրվանների լուսավորությունը, երաժշտությունը, ընդհանուր տպավորությունն ուղղակի արտակարգ է:

Երեկոյան այստեղ բազմամարդ է: Գալիս են զբոսնելու, շփվելու, շրջակա սրճարաններում ժամանակ անցկացնելու: Մարդկանց դեմքերին ժպիտ կա, ծիծաղում են երեխաները: Հատկապես, երբ քամին, պոկելով շատրվանների շիթերից ջրի կաթիլներ, ցողում է նրանց դեմքերին:

Քայլում եմ Աբովյանով: Վառ լուսավորված ցուցափեղկեր, սրճարան՝ միաժամանակ նաև հուշանվերների խանութ: Շատ են երիտասարդները՝ գեղեցիկ հագնված, զույգերով կամ մեծ խմբերով անշտապ զբոսնում են, քննարկում ինչ-որ հարցեր:

Հասա Կասկադ: Սա արդեն ցուցահանդես է երկնքի տակ: Թեև ավելի լավ լուսավորություն էի ակնկալում, բայց միևնույն է՝ տպավորությունն ազդեցիկ է: Առանձնապես ուշադրությունս գրավեց երկնագույն պինգվինը: Դատելով նրա շուրջը խաղացող երեխաների թվից՝ արձանը ոչ միայն իմ համակրանքին է արժանացել:

Նստեցի սրճարանում, նորից սուրճ պատվիրեցի: Հոգնել եմ, կխմեմ սուրճս, և անշտապ կքայլեմ տուն, հիշելով այն ամենը, ինչ հասցրեցի տեսնել, աշխատելով հասկանալ՝ ինչը դուր եկավ, ինչը՝ ոչ:

Խոստովանություն
Ես վաղուց չէի եղել Երևանում: Կարոտում էի ամեն ինչը: Պատկերացնում էի, թե ինչը կարող է փոխված լինել, և ինչպես: Դրական փոփոխությունները նկատում եմ առանձնակի հաճույքով, բացասականները... դե ինչ արած:

Ցավոք, վերջինները շատ են: Միևնույն է՝ սիրում եմ, ախր սա իմ քաղաքն է: Շատ եմ սիրում Երևանը, բառերով չես ասի… 

Այս թեմայով