14 Սեպտեմբեր 2013, 19:30
4862 |

Պահածոյացված գրոտեսկ

Պահածոյացնելը մեր շենքում պատվի հարց է։ Խանութից տոմատ, մուրաբա, թթուներ ու չրեղեն գնելը հին հարևանության շրջանակում համարվում է երդմնազանցություն, տնարար տանտիկնոջ անունն անարգող աններելի քայլ։

Աշխատանքից տուն էի գալիս։ Վերելակով բարձրացա։ 5-6-րդ հարկերում քթիս դիպավ թարմ եփվող աջիկայի հոտը, որը գնալով ավելի էր ուժեղանում։ «Հարևան Անոն զակատ է անում», - անմիջապես անցավ մտքովս։ Վերելակի դռները բացվեցին, ու մարտնչող հոտին ավելացավ եռացող աջիկայի համաչափ քլթքլթոցը։ Ընդհանուր միջանցքի անկյունում էլեկտրական սալօջախն էր, վրան՝ եփվող  աջիկան, որը փայտե մեծ շերեփով ջանասիրաբար խառնում էր տիկին Անահիտը։ Ժպտացի: Ժպտաց.  «Տեսա՞ր՝ տաք-տաք ոնց թռավ ուղիղ աչքերիս, քոռացնում էր, հա՜։ Անցյալ տարի էլ լեչոն ձեռքս վառեց։ Առողջություն էլ չունեմ, բայց ինչ էլ լինի, մեկ է, ոչ մի բանկա դատարկ չեմ թողնելու»,- վճռաբար ասաց հարևանուհիս ու կարմրած կոպերին հում կարտոֆիլի շերտեր դրեց։  «Ուրախությունով»,- ասացի ու տուն մտա։

Շենքում հիմնականում հին բնակիչներ են, նորեկները՝ քիչ։ Դրա համար էլ ավանդույթներն անսասան են, հատկապես պահածոների հարցում։ Հարևանները միմյանց են փոխանցում սկեսուրներից ժառանգած բաղադրատոմսերը։ Որքան աշխատատար ու հերոսական փորձություններ պահանջող՝ այնքան համեղ ու գովեստի արժանի։ Պահածոյացնելը մեր շենքում պատվի հարց է։ Խանութից տոմատ, մուրաբա, թթուներ ու չրեղեն գնելը հին հարևանության շրջանակում համարվում է երդմնազանցություն, տնարար տանտիկնոջ անունն անարգող աններելի քայլ։ Այդ անունը միշտ բարձր պահելու համար մեր շենքի հին հարևանների «ստեղծագործական միավորումն» անձնուրաց աշխատում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Պահածոյի սեզոնի բացումը սկսվում է ելակի մուրաբայից, որին հաջորդում է պոպոքինը։ Բադրիջանի մուրաբան իսկական փորձություն է, սրանով է որոշվում՝ ով է կրելու պայածոյացման մարաթոնի տարվա հաղթողի տիտղոսը։ Բադրիջանի մուրաբա եփելու մտադրությունը սովորաբար բարձրաձայն չեն հայտնում։ Մի օր՝ առավոտյան 5-6-ին, բոլորից թաքուն՝ ամենաճարպիկ ու տնարար տանտիկինը վազում է շուկա, առնում ամենահազվագյուտ բադրիջանները՝ մանր ու համաչափ, մինչև մյուս հարևանների արթնանալը, վերադառնում ու սկսում մշակել դրանք։

Բացառիկ գուրմանների համար նախատեսված մուրաբան ստացվում է հազվագյուտ մանր բադրիջանի տեսակից: Պետք է շատ բախտավոր լինես, որ հաջողես շուկաներում գտնել դրանից: Պատրաստման եղանակը նույնպես հեշտ չէ. դրանք հարկավոր է խիստ վարպետորեն կլպել, լվանալ, պահել կրաջրում, շարունակ ջուրը փոխել ու մի քանի օր թրջոց դնել։ Համեմունքներով եփելուց հետո այն պոպոքի մուրաբա է հիշեցնում, բայց իր հեղինակությամբ անհամեմատ բարձր է։ Մեր հարևանության շրջանում բադրիջանի մուրաբա եփելը հավասար է տնարարության մրցույթում Օլիմպիական ջահը բարձրացնելուն։

Մուրաբաների հորիզոնականի մյուս հեղինակությունն են ազնվամորին, մոռը, բալը, սպիտակ կեռասը՝ լցոնված բոված գետնանուշով, ծիրանը՝ իր ջարդած-կլպած կորիզով, սալորը, սև ու կարմիր հաղարջները, դեղձը, թուզը և, իհարկե, սերկևիլը։ Այս շարասյան թեթևակի խախտումներ նույնպես լինում են. Մրգերը դրսևորման այլ ձևեր էլ ունեն՝ կոմպոտ ու չիր։ Ընտանիքի անդամների նախասիրությունները  մեծ դեր ունեն՝ որն է վերածվելու կոմպոտի, որը՝ մուրաբայի կամ չրի։

Կոմպոտների հարցը հեշտ է. միայն հարկավոր է քաղցրությունը ճիշտ բռնել՝  ոչ անհամ լինի, ոչ էլ շարբաթ։ Մեր շենքում գործում է շաքարավազի անդավաճան չափաբաժնի ավանդույթը. 3 լիտրանոցին՝ մի բաժակ շաքարավազ։ «Հարևանների միավորման» յուրաքանչյուր անդամ ունի դեռ սովետի տարիներին տնտեսական խանութներից գնված պուտավոր կամ միագույն, էմալապատ բաժակից։ Էմալն այսուայնտեղ թռել է, գույնը՝ խամրել, բայց տանտիկիները դրանցից հրաժարվելու մտադրություն չունեն։

Չրերի թագն ու պսակը նորից ու դարձյալ ծիրանն է։ Ծիրանաչիրը ամենահարգի՝  շալախ, տեսակից է պատրաստվում։ Հատուկ վերաբերմունքի են արժանանում կիր դրած, քրքումով անցկացրած ծիրանաչրերը։ Ում պատրաստածն ավելի փափուկ ու ոսկեգույն է ստացվում, նա էլ համարվում է ամենահմուտ չրագործ տանտիկինը։ Մեր շենքում չրագործության վարպետի անխախտ տիտղոսակիրը տիկին Վարդուհին է։ Նրա բաղադրատոմսով բոլորն են պատրաստում, բայց, չգիտես ինչու, ոչ մեկինն այդքան կատարյալ չի ստացվում։ Հարևանության շրջանում կասկածներ են պտտվում, թե տիկին Վարդուհին մինչև վերջ չի բացահայտում չրաստեղծման գաղտնիքները։ Չրասպարեզում փոքր-ինչ ինքնագործունեությամբ զբաղվող տիկին Սեդան գոհ է իր աշխատանքից. «Չրերս ըմբես փափուկ ու դեղին են ստացվել. հալվին գը բերանիդ մեջ, ոնց որ լոխում էղնին»։ Տիկին Սեդան 40 տարի է՝ Երևանի հարս է, բայց չի դավաճանել Գյումրվա բարբառին։ «Պապուկ, պապուկ, ի՞նչն է պապուկ. շակարի փոշի ես ցանել վրաները, գիտես տե լոխում են»,- վրա է բերում ռուս Լյուդան, որ 40 տարի է դուրս է եկել Մոսկվայից է, բայց այդպես էլ հայերենի ք-ն, փ-ն ու թ-ն չի կարողանում արտասանել։ «Պեն չկա, Նոր տարուն երկուսինդ էլ պրոբ կանիմ, ռեզուլտատը կասիմ, կռիվ միք անիլ»,-սաստում է ղարաբաղցի Սիլվան, որ 40 տարի է՝ դուրս է եկել  Հադրութից, բայց լեզուն չի փոխել։

Մի առանձին արժանիք է բանջարեղեն պահածոյացնելու հնարքներին տիրապետելը։ Թռչելու համար մի հատ են. մի քիչ աղը պակաս եղավ, կամ եռը՝ մեկ էլ՝ գը՜մփ. հրթիռի պես կափարիչը թռչում է բանկայի բերանից։ Ու տանտիկինները մեկշաբաթյա սուգ են հայտարարում, ահուդողով սպասում՝ ո՞վ է հաջորդը։ Այդ անհաջողությունը գցում է տանտիկնոջ վարկանիշը։ Նրա բաղադրատոմսի վրա բոլորն առհավետ խաչ են քաշում, պահածոների բաղադրատոմսերի տետրից պատռում-պոկում այդ էջը։

Ձմռանը տնական լեչոյով պատրաստված ձվածեղը հավասարազոր է տոլմային։ Իսկ տոլմայի վրա շաղ տված լեչոն ինչ ասես արժե։ Իսկ սխտորով ծիծակի, ծիծակի թթվի, կանաչ ու կարմիր լոլիկներով, սոխ-պղպեղով սալաթի մասին խոսք չկա։

Ծիծակը՝ սխտորով կծու ուտողների կուռքն է, կարտոֆիլի պյուրեն դրա համակցությամբ անդիմադրելի համեղ է։  Երկարուկ, դեղնավուն ծիծակների ծանր տոպրակներով շուկայից տուն դարձող կանայք այնքա՜ն հպարտությամբ են նայում շուրջբոլորը. դեմքներին դրոշմված է. «Մենք անձնուրաց կանայք ենք՝ պատրաստ մեկ շաբաթ ձեռքերի մրմռոցից տառապել, միայն թե մեր ընտանիքներին պարգևենք սխտորով ծիծակի բացառիկ վայելքը»։

Այսպիսի ժրաջան, հնարամիտ, խնայող, նվիրյալ, եփող-թափող, անող-դնող հարևանների հետ նույն շենքում ապրելով՝ անհնար է նրանցից չվարակվել պահածոյատենդով։ Սովորույթը՝ սովորույթ, բայց նրանք նաև ընտանիք կերակրելու լուրջ խնդիր են լուծում։ Բացի այդ, երբ ձմռանը բաց ես անում պահածոներով բեռնված պահարանները, ապահովության անբացատրելի զգացում է պարուրում։

Այս թեմայով