13 Օգոստոս 2013, 15:45
1875 |

Մատյան լրագրության. Սյունիքի ծտերը

Պարզվեց՝ Գորիսի տղաները աղջկա բարեմասնություններ տեսնում են Երևանում, Արտաշատում կամ Կապանում, իրենց մոտ մարմնավաճառներ չկան:

Երևանի ընկերներս ամեն երեկո խաղաթղթի ու գարեջուր խմելու ժամանակ ասում էին, որ Սյունիքի ծտերն ուրիշ են, համ սիրուն են, համ ջերմ, համ էլ նախաձեռնող: Երբ օպերատորիս հետ շրջում էինք Սյունիքում, պետք է գիշերեինք Հալիձորում` Տաթևեր ճոպանուղու մոտ` ձորի մեջ: Գյուղում տեղավորվեցինք, մի քիչ զրուցեցինք երիտասարդների հետ ու ուղիղ կեսգիշերին շտապեցինք Կյորես՝ ծանոթանալու:

Շախմատաձև քաղաքը վերևից հատկապես գեղեցիկ է, ու գայթակղիչ մանավանդ գիշերը: Բայց անհետաքրքիր է փողոցներում: Զարմանալիորեն: Օպերատորի հետ ոտնատակ տվեցինք ամբողջ Գորիսը՝ շենքերով ու գունավոր լույսերով զարդարված խանութներ, մեքենա տեսելիս կանգնեցնում էինք հարցուփորձ անում, բոլորը զարմանում էին.

- Երևանից եկել եք, որ մեզ մոտ վայելքներ փնտրե՞ք:

Գարեջրատուն, դիսկոտեկ, նայթ քլաբ, բար՝ այդպես էլ ոչ մի բան չհանդիպեց: Ամբողջ գիշեր միայն երեք երիտասարդի տեսանք, մեկը բարևս էլ չառավ, մյուսը արագ հասկացրեց, որ շտապում է ու չքացավ ցածրահարկ շենքերի ստվերում ու միայն երրորդ երիտասարդը կանգնեց ու խոսեց մեզ հետ:

- Շտեղի՞ց եք, բրատ:

- Երևանից:

- Հի՞նչ եք անում մեր ղոլերը:

- Երևանից եկել ենք զվարճանալու:

- Հի՞նչ: Զվարճանալ, թարգեք տո, Գորիսում մարդիկ արևի հետ պացում են աշկերը, արևամուտին քնում, տուք հո ծուռ չեք, ստեղ աղջիկ-մաղջիկ շորորացնող չկա...

Եղբայրաբար օգնելու ցանկությամբ երիտասարդի հետ երկար զրուցեցինք, պարզվեց՝ քաղաքի տղաները աղջկա բարեմասնություններ տեսնում են Երևանում, Արտաշատում կամ Կապանում, իրենց մոտ մարմնավաճառներ չկան: Խնջույքի վայրեր նույնպես չկան, խանութները գիշերվա ժամերին փակ են: Նրա ապշանքը դեռ երկար կհիշեմ՝ Երևանից եկել եք, որ ինչ անեք: Եվ իսկապես: Այդպես էլ չկարողացանք հասկանալ՝ ինչպիսին է Գորիսն իր կանացի հմայքով: Բայց Զանգեզուրի ծտերի մասին ընկերներս վերջնականապես դադարեցին զրուցել իմ ներկայությամբ: Պատասխան ունեմ արդեն:

Այս թեմայով