02 Օգոստոս 2013, 18:12
1203 |

Եվ եղև կիրակի

Մայրաքաղաքում կիրակի է և օրը մի քիչ դինջ է:

Կիրակին մեծ լվացքինն է: Լվալ, մաքրել, «ուբորկա անել», եփել-թափել կանայք նախընտրում են հենց կիրակի օրը: Բազմահարկի լվացքի պարաններից հագուստների ծիածան է կախվում կիրակի օրը: Կիրակին լվացքի մաքուր հոտ ունի:

Կիրակին մանղալինն է: Ամբողջ շաբաթ ախորժակները «բաստուրմա են դրվում», իսկ կիրակի «շշին շարվում»: Հայ տղամարդկանց խոհարարական տաղանդի վկան՝ խորովածը, շաբաթվա 7-րդ օրը խնկարկում է երևանյան բակերի օդը՝ ընտանեկան սեղանների շուրջ հավաքելով հարս, փեսա, թոռ, ընկեր… Կենացները քաղցրանում ու ախորժակները լայն բացվում են հենց կիրակի օրը:

Կիրակին շոփինգինն է: Զեղչեր, ակցիաներ, նորաձև գնումներ… և այս ամենը խանութների ներսում՝ կանանց մասնակցությամբ: Կանացի արդյունավետ մեդիտացիան՝ գնումների տոպրակներով խանութից դուրս գալը, ի կատար է ածվում հենց կիրակի օրը: Կիրակին մեծ զեղչ է:

Կիրակին նարդի-բլոտի առաջնությանն է: Շաբաթվա վեցօրյա ծանրաբեռնվածությունը տղամարդիկ բեռնաթափում են կիրակնօրյա «կարճ ու երկար» առաջնության ժամանակ՝ բակի «էպիկենտրոն» բիսեդկայում:

Աշխարհն էլ քանդվի՝ կիրակին գեղեցկությանն սրահինն է: Սանրվածք, կտրվածք, մատնահարդարում… հենց կիրակի օրն ու ամբողջ շաբաթվա համար: Մարմինն ու արտաքինը գեղեցկացնելու օրն է կիրակին: Կիրակին կփրկի աշխարհը:

Կիրակին երեխաներինն է: Խաղահրապարակ, պաղպաղակ, կարուսել… Կիրակին մանուկների տոնն է:

Կիրակին ժամ-պատարագինն է: Ոչինչ, որ Արարիչը 7-րդ օրը հանգստանում է, միևնույն է՝ կիրակին Աստծո հետ կապի մեջ լինելու միակ օրն է: Մոմավառություն, խաչհամբույր, աղոթք, երազանքներ առ երկինք՝ հենց կիրակի օրը: Հավիտյանս հավիտենից կիրակի է:

Դինջ կիրակի է ու կիրակին միշտ մի փոքր չի հերիքում: Խե՜ղճ կիրակի. մի կիրակի, հազար ու մի երևանցի:

Այս թեմայով