07 Հուլիս 2013, 02:56
1315 |

Մատյան լրագրության. էքստրեմալ նկարահանումներ

«Գնում ենք մի միջադեպի հետքերով, որից գուցե հաշմանդամ վերադառնանք, հնարավոր է՝ ոչինչ չստացվի, չկարողանանք նպատակին հասնել, մեզ գրողի ծոցն ուղարկեն: Բայց նույնիսկ չնչին արդյունք ունենալու համար պետք է անենք հնարավոր ամեն բան»:

Երբ այս նախադասությունն արտաբերեցի, արդեն մեքենայում էինք, վարորդն ու օպերատորն անակնկալի եկան, զարմացան, զայրացան, սկզբում լռեցին, երկար, ճնշող, անձայն: Բայց երբ մոտ տասը կիլոմետր անցանք, չդիմացան,հարցրեցին՝ ինչ ենք նկարահանելու, ինչ է պատահել, ում ենք հանդիպելու, ինչ կարող է պատահել մեզ հետ և այսպես շարունակ քսան-երեսուն հարց: Հանգիստ տոնով պատասխանեցի՝ թեև կենցաղային ընդհարման բացահայտմամբ ենք զբաղվելու, սակայն սա նման է խրամատն անցնել ու հակառակորդի առաջ կանգնել առանց զենքի՝ կտակարանը՝ թևի տակ: Ինքս էլ վախենում էի, մտահոգվելու բազմաթիվ առիթներ կային:

Որոշ ժամանակ առաջ Վարդենիսի Նորակերտ գյուղի ու քաղաքի երիտասարդների մի անիմաստ հայհոյախառը վեճի պատճառով տաքարյուն երիտասարդներն իրար դանակահարել են, հիմա գնում ենք նրանց հետքերով՝ գտնելու, զրուցելու ու մանրամասները պարզելու: Առաջին կանգառը Նորակերտն է՝ գյուղի երիտասարդներն էին հրահրել միջադեպը, բարձրաձայն աղմկել, վիճել վարդենիսցիների հետ, հետո էլ հակառակն էր եղել, քաղաքի տղաներն ընկերներով հավաքվել ու կտրել էին գյուղացիների ճանապարհը, շան ծեծ տվել: Պատմությունը խճճված է, գործ ունենք կռվարար ու անբարիշտ մարդկանց համբավ ունեցող սևանցիների հետ: Պետք է զգույշ լինենլ, միևնույն ժամանակ՝ ռիսկով գործել: Հավանաբար, իմ ինքնավստահությունից գործընկերներս հանգստացան:

Դուրս եկանք Սևանի մայրուղի: Էներգիա ստանալու համար տրամադրող երաժշտություն միացրեցի՝ ակնհայտ ցույց տալով, որ ինձ համար այս ռեպորտաժը գլուխ բերելը մեկից մեկ է: Միևնույն ժամանակ քաջ գիտակցում էի, որ առաջին տուժողը հենց ես եմ լինելու: Ինչքան մոտենում ենք գյուղին, օպերատորիս ադրենալինը այնքան բարձրանում էր, սկսեց հարցնել՝ իսկ միգուցե գաղտնի նկարահանի: Արդեն նույնիսկ պլանավորում էր՝ դու ինձ աչքով կանես, ես կսպասեմ մեքենայի մեջ: Ու թեև գլխով համաձայնության նշան էի ցույց տալիս, բայց գիտեի, որ դա գրեթե անհանր է, միևնույն ժամանակ կրկնակի պատասխանատվություն է ընկերոջդ կյանքը քո ուսերին վերցնելը: Մինչ մտորումների մեջ էի՝ հասանք փնտրվողի տանը: Սովորական գյուղական տուն՝ քանդված տանիքով, ներկը թափված դարպասներով, փրչոտ շան հաչոցով ու գլխաշորով կնոջ վազվզոցներով: Մեքենայում նստած սպասում ենք հրահանգին. ում հրահանգին՝ հայտնի չէ: Օպերատորս վերջին անգամ ձեռքս բռնեց ու խնդրեց. «Արի քենսլ անենք: Ես այս ռեպորտաժի ձախողումը կվերցնեմ ինձ վրա, կասեմ, որ տեսախցիկը խափանվեց, հիշողության սարքը չմիացավ, ձեռքիցս ընկավ կամ ջուրն ընկավ, մի խոսքով, տակից դուրս կգամ, միայն թե արի հեռանանք»: Նրան միացավ վարորդը՝ կրկնապատկելով նահանջի տրամադրությունը. «Ես կասեմ՝ մեքենայի շարժիչը կանգնեց, ակը վնասվեց, չկարողացա ղեկավարել սեդանը»: Կտրուկ ընդհատեցի. «Ոչ, գնում ենք մինչև վերջ, ես վերցրել եմ պարտավորություն և պետք է անեմ ամենը, սա ինձ համար մասնագիտական ու պատմական փորձություն է, պետք է հաղթահարեմ,ավելին՝ դուք էլ ինձ հետ»:

Հասկանալով, որ անիմաստ է շարունակելը, հիասթափված դուրս եկան մեքենայից՝ իմ հետևից: Թակեցինք դուռն ու ռիսկով միասին մտանք ներս: Խոսեցինք շատ զգուշավոր, մարդիկ բարկացած էին, վախեցած ու պատրաստ հարձակվելու: Կես ժամ անց նկարահանումն ավարտեցինք, անհրաժեշտ պատասխաններն ու կադրերն իմ ձեռքում էին: Ավելին՝ սրճեցինք: Դուրս եկանք: Փրկված ենք: Երկուսն էլ հոգոց հանեցին ու ուրախ նստեցին մեքենան՝ հետ ենք դառնում: Հիասթափեցրի՝ գնում ենք երկրորդ կողմին տեսնելու՝ Վարդենիս:Սպիտակեցին, ընդդիմացան, բայց արդեն թաթախվել էին գործի մեջ, կեսն արել էին, հետ կանգնելը նշանակում էր ջուրը քցել արդեն արածը:

Նորակերտը գյուղ է, բոլորն իրար ճանաչում էին ու կռվարարներին անմիջապես գտանք: Այլ էր Վարդենիսի դեպքում: Պետք էր գտնել տուժողներին: Մեքենան գազալցման կայանում լիցքավորելիս պատահական մեկին մոտեցա, հարցրեցի, մոտավոր հասցե ասաց, գնացինք, սխալ էր: Երկրորդ փորձը: Թաղի երեխաները տարան ուղիղ նրանց տուն, մինչև այդ նախապատրաստելով՝ գժի տուն է, երևի ձեռ եք քաշել ձեր գլխից: Վախը հատեց բոլոր սահմանները: Բայց վարանելու տեղ չկար: Թակեցի դուռը՝ հետևում զգալով թե օպերատորի, և թե վարորդի արագացված շնչառությունը: Չէի ասի, որ ուրախ էին մեզ տեսնել, բայց լրագրողի լեզուն օձը բնից կհանի: Եվս կես ժամ կտտանք ու հանձնարարությունը կատարված էր:

Այսօր արդեն վարդենիսյան նկարահանումները ժպիտ են հարուցում, մի ժամանակվա ահուդողից հետք չմնաց: Փոխարենը մնաց ի հուշ մի ռեպորտաժի պատմություն, երբ հրաշալի առիթ կար գլուխս ջարդելու՝ քիթս իրենց գործին խառնելու համար, բայց ստացվեց բոլորովին այլ բան. հասանք ցանկալի արդյունքի նվազագույն կորուստներով, դե, նկատի ունեմ՝ միայն մի լավ վախեցանք: Հետդարձի ճանապարհին երեքս էլ լուռ էինք, բայց սա արդեն ճնշող լռություն չէր, այլ գլուխ բերած անհնարին առաջադրանքի պարգևած հպարտության:

Այս թեմայով