19 Փետրվար 2013, 18:20
1298 |

Մատյան լրագրության. լրագրողի ուղեցույցը

Երբ տոն է կամ արտակարգ պատահար, մենք աշխատում ենք ավելի հագեցած գրաֆիկով, այնտեղ ենք, որտեղից այդ պահին փախչում են բոլոր խելամիտ մարդիկ:

Ճիշտ սնվել, ժամանակին քնել, վաղ արթնանալ, ընկերների համար ժամանակ հատկացնել, բարեկամներին տարին գոնե երկու անգամ այցելել: Այս կանոնները լրագրողի մասնագիտական պարտականությունների ստվերում երբեք չեն կատարվում: Ես ինքս տուն վերադառնում եմ կեսգիշերն անց, ճաշում եմ քայլելիս, քնում համակարգչիս առջև, բարեկամներս ինձնից կարոտն առնում են հեռուստացույցով: Միևնույն ժամանակ, հաստատ լրագրությունը չէ աշխարհի ամենածանր մասնագիտությունը. Չէ որ կան ոստիկանը, ԱԻՆ կամ շտապօգնության աշխատակիցը, ինչու ոչ՝ նաև դիահերձողը: Լրագրողն, ինչ խոսք, տարբերվում է մյուսներից, օրինակ՝ երբ տոն է կամ արտակարգ պատահար, մենք աշխատում ենք ավելի հագեցած գրաֆիկով, այնտեղ ենք, որտեղից այդ պահին փախչում են բոլոր խելամիտ մարդիկ: Մշտապես սերտ շփման մեջ ենք թիկնապահների հետ, ոչ հազվադեպ էլ դառնում ենք քմծիծաղի, հեգնանքի, բղավոցի առարկա: Սա, իհարկե, մեդալի մի կողմն է, մյուս կողմից՝ ամենուր առաջինն ենք, մշտապես զգում ենք իրադարձությունների զարկերակը:

Իմ կենսագրության լրագրողական էջը սկսվեց մեկ ու կես տարի առաջ, երբ դեռ երրորդ կուրսի ուսանող էի: Այդ օրից ի վեր՝ ընտրություններ, քաղաքական ապահարզաններ, ռազմական բախումներ, բնապահպանական բում: Սեփական մաշկիս վրա զգացի չքնելու, չսնվելու ու երկար աշխատելու վարձատրությունը` առողջական խնդիրներ, հիվանդանոց ու բժիշկների մի քանի էջանոց դեղացուցակներ: Բայց ես սիրում եմ լրագրությունը, ադրենալինը, առաջինը հաղորդելու բերկրանքը, ուղիղ եթերը, իրադարձությունն առաջինը ներկայացնելու հաճույքը, զրուցակցին բացահայտելը:

Լրագրողը նյարդային, մտախոհ, մշտապես սիրո ու ջերմ խոսքի կարոտ, շնորհակալություն չստացող ու չսպասող մոլագար է: Նույնիսկ երբ կիրակի օրերին եմ աշխատում, գիշերը երազում մտածում եմ այն ամենի մասին, ինչը չհասցրել ավարտին հասցնել անցած օրը: Ի դեպ, լրագրությունն ինձ կոփում է ամեն օր ու ամեն ժամ: Հիմա ավելի ուշադիր եմ իմ վարքագծի նկատմամբ: Գրում եմ ասես արդեն խմբագրված տեքստեր, հաճախ նաև այդպես էլ խոսում եմ, ընդ որում՝ ոչ միայն լրագրողական շրջապատում, այլ անգամ իմ քյառթու, սևապաշտ, թզբեհամոլ, քֆուրասեր ու սիգարետակենտրոն ընկերների մեջ, անգամ ալկոհոլի ազդեցության տակ զգում եմ միկրոֆոնի ու օբյեկտիվի` մեկ բառով` հեռուստադիտողի ներկայությունը:

Այս թեմայով