28 Մարտ 2013, 19:11
1647 |

«Տելագրեյկա» լուսանկարը

Պապս արևը մեջը քաղաք էր տեսել: Բացի այդ՝ կարդացել էր, թե ոնց են մարդիկ քարերը կոխկրտելով՝ դեպի արևը գնում ու կարոտը բկին, ծովն ու հասմիկի պարտեզը թողնելով՝ որոշել էր ընտանիքի հետ հայրենադարձվել...

Բայց դե չեքիստները լավ էին աշխատել, հո՜ պրոպագանդա չէին արել՝ խաղալով եղեռն ու օտարություն տեսած մարդկանց հայրենասիրական գեների վրա: Մայր Հայրենիքում ամեն ինչ ձրի է, ջրի ծորակը բացելիս մեղր է գալիս ու դու, որպես մարդ, քաղաքացի, ամենաթանկ կապիտալն ես. ֆլան-ֆստան, աման-աման ու մի հատ էլ՝ շքանշան: Մի խոսքով, պապս՝ Ամասիայի իրենց տան բանալիները հլը տաք-տաք պահող մոր, դանիացի բարոնուհու նուրբ զգացողություններով դաստիարակված կնոջ, չորս երեխայի ու օպերային աստղ դառնալ երազող քրոջ հետ սպիտակ-սպիտակ շոգեքարշ էր նստել ու հայդե՝ հայրենիք...
Հակադարձ ափին մի թպրտացող թաշկինակ էր մնացել:

-Ո՞ւր կերթաս,- պապիս եղբոր ձայնը, չմարող ալիքի նման, թռչում էր սև ծովի վրայով,-հոն...

Անընդհատ «հոն-հոս» չասելու համար անուղակիորեն նշեմ, որ եղբոր հետ պայմանավորվել էին, որ եթե իրոք Հայրենիքում մեղրածոր ծառեր ու ոսկե քարեր տեսնի, իրեն նամակ կգրի և կառաջարկի ընտանիքով հայրենադարձվել: Բայց էդ ժամանակ Եվրոպայում պատմություններ էին շրջում Գռոզնիի մասին: Չէ, էս ձեր իմացած ուրվականը չէր, սա ռեալ գյոռնափշտիկ էր, ատամների տեղը՝ մարդկային գանգեր, բերանին դրած ծխամորճից էլ՝ դեպի Սիբիրի աքսորավայրեր գնացող էշելոնների շչակի ձայնն էր հնչում... Բայց չեքսիտները էդ մարդակերին պուպուշ լույսի տակ էին ներկայացնում՝ նրան «Հայր» անվանելով: Մեր խեղճերն էլ չգիտեին ում հավատան՝ իրենց տուն-տեղ տված ֆրանսիացի գաղութարար իմպերիալիստների՞ն, թե՞ հայ չեքիստներին: Արդյունքում եղբայրը պապիս խնդրել էր, որ լուսանկար ուղարկի. «Եթե նկարում կանգնած լինես, առանց վարանելու կգամ»...

Մարդն ամենաթանկ կապիտալն է: Որոշ ժամանակ անց պապս՝ սպիտակ կոստյում հագած, տատս՝ թավիշե գիշերային զգեստով, լայնեզր գլխարկով ու բմբուլներով պատված հորաքույրը երեխաների ու ծեր կնոջ ձեռքերից բռնած՝ կանգեցին Չարբախի անճանապարհ ու անլույս բարաքների առաջ՝ չեքսիտների խոստացած «Հանուն հայրենիքի» շքանշանը՝ կրծքին: Պապիս սպիտակ կոստյումը մի մատ մեղր դարձավ չարբախցի տելագրեյկաների ձեռքը... Պակաս ձեռ առնելիք չէր մեծ մորս գլխարկա-հովանոցային հագուկապը: Իսկ երգչուհու կարիերայի մասին երազող հորաքրոջ մասին էլ չեմ ասում, թե ինչ առասպելներ հյուսվեցին: Մի երկու տասնամյակ անց ստեղծված «Փլեյբոյը» նրա մասին ասածների ու պատկերացրացների մոտ ղալաթ էր արել... Տեղացիների հանդուրժողականության բաժակը բերնեբերան լցվեց, երբ պապս փողոց դուրս եկավ կարճ շալվարով, իսկ, տատս բակում սուրճի սեղանի մոտ ոտքը ոտքին քցեց: Արդյունքում մի տեղական փոթորի՜կ, մի բուրժուական գեղագիտություն տարածողի պիտակ ու Ալթայի երկրամաս աքսորվելու հոտ...

Անդրանդառնանք հորաքրոջը: Օպերային թատրոնում նրան լսեցին, ընդունեցին, նույնիսկ ծափահարեցին:

- Դուք որպես սոլիստ ընդունված եք Օպերային թատրոն: Սակայն երգչուհի դառնալու համար պետք է կուսակցության շարքերն անցնեք, ռուսերեն սովորեք, իսկ շաբաթ-կիրակի օրերին շաբաթօրյակների մասնակցեք:

- Շաբա...

-Հավաքարար եք աշխատելու, հավաքարար...

Սերն առ արվեստը անդրդում էր, ու հորաքույրը որոշեց համաձայնվել: Բայց մի ծանրագույն խոչընդոտ կար: Քառասունականների վերջի օպերան՝ պարուրված երևանյան աշնան սոցռեալիզմով, գիշերային ժամերին, մնում էր մենակ՝ սառը վախի ու քրտինքի մեջ: Մի երկու ՆԿՎԴ-ի ագռավ ղռղռալեն պտտվում էին ցարական ամպիրիզմի շուրջը: Վերջին, խախուլ տրամվայն էլ ժամը իննին կաղալով դեպի Չարբախ էր գնում: Իսկ փորձերը ավատրվում էին ժամը տասին: Երկու անգամ ՆԿՎԴ-ի երևանյան զարզանդի մեջ հայտնվելով՝ հորաքույրը հասկացավ, որ արվեստագետի ամենամեծ թշնամին տրանսպորտն է: Նա ցավով թաղեց իր ապագա դափնիները ու «ռենտգեն» սովորեց: Հորաքրոջը թվում էր, որ գոնե այդ կերպ կկարողանա տեսնել մարդկանց իրական, սովետական մամիլչից սպրդած մտքերը: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ նա այսուհետև զրկված էր ոչ միայն բեմից, այլև ձայնից՝ բառի բուն, փոխաբերական ու, երկու դեպքում էլ՝ անսահմանորեն դաժան իմաստով:

Բայց հորաքրոջ օպերայում աշխատելը մի օգուտ տվեց: Հասարակության վիրավորանքներին չդիմանալով՝ մեծ մայրս իր զգեստներն ու գլխարկները չնչին գումարով վաճառեց օպերային թատրոնին: Շատ չանցած նոր բեմադրված «Տրավիատայում» բեմի փոշու ու խորհրդավորության մեջ մեծ մորս զգեստները Վիոլետայի հագին սկսեցին շողալ ու իրենց ապասովետական փայլով ապշեցնել հանդիսատեսին:

Մի տարի անց պապս եղբորից նամակ ստացավ: Ապշեցուցիչ բան. նամակի մեջ գրված էր. /հոն-հոս չանելու համար փորձեմ արևելահայերենով միտքը շարադրել/ «Նամակդ ստացա, հրաշալի երկիր է, երկու ամսից ընտանիքով կմիանամ ձեզ»: Ի՞նչ նամակ, ո՞վ էր եղբորը նամակ գրել, ի՞նչ հրաշալի երկիր, ըսկի ջրի ծորակ չկա, էղած-չեղածը մի կիլոմետր էն կողմ հոտած, քիթ-բերանից ժանգ թափող աղբյուր է, տան պատերն էլ աթարից են: Մարդակերի շունչը անհավանական մոտ էր, դրա համար պապս որոշեց խորամանկության դիմել: Նա գրեց, որ այո հրաշալի է, պատերը ոսկուց են, մարդը՝ ամենաթանկ կապիտալն է, իրենց չնաշխարհիկ դղյակ են նվիրել, մարդիկ էլ ամբողջ օրը ռուսական բադամ, ուկրանիական կիկոս ու վրացական կոկորդիլոս են ուտում... Հետո անդրաձարձել էր նկարին: «Սիրելի եղբայր, ուղարկում եմ խոստացած նկարը: Հայրենիքում բոյ չեմ քաշել,դրա համար էլ կանգնած չեմ նկարվում, աշխատանք էլ այնքան թեթև է, որ բավականաչափ հոգնած չեմ նստելու համար: Հագիս տեղի նորաձության վերջին ճիչն է՝ տեղի բնակիչները «Տելագրեյկա» են ասում: Անգին եղբայրս, թող այս նամակն ու նկարն էլ ջերմացնի քեզ, շուտով կհանդիպենք»:

Չհանդիպեցին... Եղբայրը, դողդոջուն մատներով բացել էր ծրարը և, պապիս նկարը տեսնելով, այսահարվել էր: Տելագրեյկան հագին՝ եղբայրը պառկած էր սենյակի հողե հատակին...

Այս թեմայով