13 Փետրվար 2015, 16:29
4619 |

Հայ հանդիսատեսի բոլոր երանգները

Մոխրագույնի երանգների առաջացրած ֆորորի, հայ հանդիսատեսի ակնհայտ չտեսության, ֆիլմի ցածր վարկանիշի ու դահլիճում տիրած կանանոցի մասին:

Ամեն անգամ, երբ հայկական կինոէկրան պետք է բարձրանա որևէ էրոտիկ ֆիլմ, բոլորը շունչները պահած սպասում են՝ ինչպիսին կլինի հասարակության արձագանքը: Անցած տարվա լարսֆոնթրիերյան դառը փորձը ցույց է տվել՝ ոչ մի լավ բան չարժե ակնկալել: Այս տարի ոչ միայն հայ ընթերցասերները, այլև ամբողջ աշխարհի աղջիկները («Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի թիրախը հենց նրանք են) շունչները պահած սպասում էին ֆիլմի պրեմիերային: Մեծ աղմուկ հանած գրքի հաջողությունն առավել, քան պարզ է. այն էրոտիկ սիրավեպ է:
Քրիսթիան Գրեյը, ում հիսուն երանգներն ակտիվորեն քննարկում է աշխարհը, սովորական սադիստ է, սակայն դա դրսևորվում է միայն սեքսում: Նա իրեն անվանում է «դոմինանտ»՝ կանանց հետ հարաբերություններ կառուցելով BDSM ֆորմատով: Այդ թեթև էրոտիկ ֆիլմը հայկական մեծ էկրաններին առնվազն սադրիչ էր տեսնել: Նկատեք, ոչ թե կինոակումբներում կամ վատահամբավ «Երևան» կինոթատրոնում, այլ «Սինեմա Սթար» և «Մոսկվա» կինոթատրոններում:
Պրեմիերայի օրը փետրվարի 12-ն էր՝ սուրբ Վալենտինի նախօրեն: Սեանսը ժամը 10-ին էր, սակայն 9-ից արդեն կինոթատրոնի նախասրահում ու դրամարկղի շուրջը մարդաշատ էր, ավելի ստույգ՝ աղջկաշատ: Բոլորը քթի տակ ծիծաղում էին, ծանոթներն իրար  բարևելուց հետո ասում նույն բանը՝  «Հիմարություն կլինի, էլի»: Պատճառն այն էր, որ առավոտյան արդեն հայտնի էր ֆիլմի համաշխարհային միջին վիճակագրական ռեյթինգն ըստ հանդիսատեսի՝ 3.3: 10-ը բալից… Պարզ դառնալու համար նշեմ, որ միջին հաջողության ու որակի ֆիլմերի ռեյթինգը մոտ 7 է:



Ինչևէ, միայն աղջիկներից և կանանցից բաղկացած հանդիսատեսը ճիշտ ժամին մտավ դահլիճ: Նրանցից ոմանք քաղաքի հայտնի կինոմանուհիներն էին, որոնք ակտիվ մասնակցում են մուվի քուիզերի այս կամ այն փաբում ու սրճարանում: Մյուսները սադո-մազո տեսել էին հայտնի «Գայթակղություն» և «Հիմնական բնազդ» ֆիլմերում: Դա երևաց ֆիլմի ժամանակ հնչած շշուկներից՝ թե բա տեսեք, լողասենյակի տեսարանը ինչ-որ ծանոթ են, իսկ  հերոսուհու սանրվածքը իսկը Անջելինա Ջոլիի վարսերը:
Ֆիլմն արդեն սկսվել էր, երբ ուշացած մտավ մի զույգ: Աղջիկն ու տղան նստեցին դիմացի շարքերում: Դահլիճը թնդաց. նա Ադամի ցեղի միակ ներկայացուցիչն էր… չէր ուզում ընկերուհուն տետ-ա-տետ թողնել Քրիսթիան Գրեյի իդեալական կազմվածքի հետ: Ֆիլմի ընթացքում հնչած բոլոր սեքս տերմինները, իսկ ավելի ստույգ նրանք, որոնք լայնորեն չեն կիրառվում հասարակության մեջ, օրինակ՝ «անալ ֆիսթինգը», իրարանցում ստեղծեցին դահլիճում: Վեցերորդ շարքի աղջիկները ծիծաղից մահամերձ էին լինում: Նրանց ակնհայտորեն ընդհանրապես դուր չեկավ ֆիլմը, ամբողջ սեանսի ժամանակ նրանք պարզապես հեգնում էին սեքս իրավիճակները:
Ֆիլմի կուլմինացիան առաջին մերձեցման տեսարանն էր: Երբ Գրեյը հանեց  Անասթեյշայի տաբատը՝ վառ լույսի ֆոնին երևացին աղջկա ոտքերի մազիկները: Դա արված էր դիպմամբ, ֆիլմի ստեղծողները յուրահատուկ էսթետիկայով աշխարհ տեղափոխեցին հանդիսատեսին, որը, իրականում, ոչ միշտ է էսթետիկ:
Երբ տղան սառույցը բերանում սկսեց «ճամփորդել» աղջկա մերկ մարմնի վրայով, բոլորս հիշեցինք «9 ½ շաբաթ» կուլտային ֆիլմը: Ինչպես և Միքի Ռուրկի և Քիմ Բեյսինջերի դեպքում, այստեղ նույնպես հերոսուհու աչքերը կապած էին:  Գաղափարի «չամիչն» այն էր, որ հերոսուհին առաջին անգամ է ստանում նման գերբնական հաճույք:

Ֆիլմը, իհարկե, արդարացրեց իր ցածր ռեյթինգը, և երկու ժամ անց ոմանք կուշտ ծիծաղելուց հետո, մյուսներն էլ լուռ ու մտախոհ՝ դուրս եկան դահլիճից: Գրքի երկրպագուհիները հուսահատ էին… Ֆրեյդը կնշեր, որ իրավիճակը կփրկի միայն լավ սեքսը:
Ում բախտ չի վիճակվել տեսնել վերոհիշյալ՝ արդեն դասական դարձած էրոտիկ ֆիլմերը,  «Մոխրագույնի երանգներից» հետո կանեն որոշ բացահայտումներ: Անձամբ ես՝ որպես քիչ թե շատ «կյանք տեսած» կինոման և ընդգծված հետերոսեքսուալ, կառանձնացնեմ մեկ տեսարան, որը այդքան էլ զավեշտալի չէ մյուս սադո-մազոխիստական ատրիբուտիկայի ֆոնին: Միակ լուսավոր կետն այս երկու ժամանոց մղձավանջում փողկապով սեքսի տեսարանն է, որը, ցավոք, տևեց բավականին կարճ: Աղջիկներից բաղկացած դահլիճը ստացավ լավագույն մաստեր-կլասը՝ ինչպես աշխատել փողկապի հետ: Ով գիտի, գուցե ինչ-որ մեկին հաջողվի այդ հնարքը կիրառել Սուրբ Վալենտինի օրը, որը, ի դեպ,  յոթ սարի հետևում չէ:
Որպես ամփոփում՝ լսեք ֆիլմի թրեյլերի երգը

Այս թեմայով