10 Փետրվար 2015, 08:50
2399 |

Բարև, ես Լեոն եմ. կասե՞ք` Դաունի համախտանիշն ինչ է

Աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: Եվ միայն հետամնաց երկրներում է դա համարվում ողբերգություն:

Նորզելանդացի Սեմյուել Ֆորրեսթի և հայուհի Ռուզան Բադալյանի երեխան ակտիվորեն քննարկվում է համացանցում: Լրագրողները, ֆեյսբուքի օգտատերերը, խոսքները մեկ արած, մոռացել են էթիկական բոլոր նորմերի մասին ու, փրփուրը բերաններին քննարկում են՝ որքանով էր իրավացի մայրը, որ հրաժարվեց բնածին արատ ունեցող երեխայից: Մենք փորձեցինք պատկերացնել՝ ի՞նչ ապրումներ կարող է ունենալ նորածին փոքրիկը: Ինչ ստացվեց՝ դատեք դուք: Ի վերջո՝ դատողը միշտ դուք եք:

Բարև, ես Լեոն եմ' հենց նոր եմ լույս աշխարհ եկել, ու լիքը-լիքը հարցեր ունեմ, գլուխ չեմ հանում ձեր' իբր թե լուսավոր աշխարհից:
***
Առաջինը, որ տեսա, բժշկի կարեկցող հայացքն էր ինձ ուղղված… չէր ժպտում:
***
Հետո նույն հայացքով ինձ մայրս ու հայրս նայեցին, այ քեզ բան, ինչո՞ւ չեն ժպտում, է: Երևի լացել է պետք' ձայնս գլուխս գցած: Չէ՛, չի օգնում, ոչ մի ժպիտ ինձ ուղղված:
***
Դաուն, Դաունի համախտանիշ' տեսնե՞ս' ի՞նչ է դա: Ինչո՞ւ են այդ բառը լսելիս' անմիջապես խղճահարությամբ ինձ նայում: Ոնց ասեմ' մարդիկ ջան, չեմ ուզում էդ ձեր հայացքները, ժպտացող դեմքեր եմ ուզում:
***
Հորս մոտ եմ, մայրս չկա… Հայրս ամբողջ օրը ինտերնետում ինչ-որ բան է անում, մտածում եմ' հեքիաթներ է փնտրում, որ հետո ինձ պատմի:
***
Մամ, ո՞ւր ես, է: Հա, լավ, իմացա, մաման էլ գնացել է օրորոցային սովորելու, որ գա ինձ համար այն երգի ու ես ֆսֆսոցով քնեմ:
***
Չէ, ինչ-որ բան այն չէ: Նկարս հայտնվել է ինտերնետում, սրա-նրա ֆեյսբուքի պատերին ու ներքևում տարօրինակ գրառումներ են' վայ-վույախառն: Մտածում եմ' երևի բոլոր նորածին բալիկների նկարներն էլ հայտնվում են ինտերնետում' դե, ես էլ հո բացառությո՞ւն չէի լինի: Մտածում եմ' երևի բոլորի նկարի տակ էլ վայ-վույ են գրում:
***
Այ քեզ բան, իմ նկարի տակ մաման ու պապան են վիճում իրար հետ' ինչ-որ լրատվական կայքերում: Այ քեզ բան, ինչո՞ւ են ծնողներս ինտերնետով իրար հետ շփվում: Լուրերով ինձ են ցույց տալիս ու ասում, որ հայրս չի աշխատում, մորս «վզին» է նստած եղել, իսկ մայրս չի ուզում Դաունի համախտանիշով երեխա ունենալ: Ասում են, որ /կներեք թվերը չմտապահեցի/ լիքը գումար է հավաքվել ինձ համար: Ո՜ւխ, փափուկ խաղալիքներ են հավանաբար գնելու ինձ համար:
***
Ես սոված եմ, սովա՜ծ: Հիմա էլ ուզում եմ, որ ինձ հետ խաղան: Ուզում եմ մայրս ինձ լկստվացնի, ուզում եմ գիշերները չթողնեմ հորս քնել, ուզում եմ ինձ լողացնելուց մեր բոլոր հարազատներին կանչեն, որ օգնեն: Ուզում եմ… Չէ, ուշադրություն դարձնող չկա, չնայած ձևացնում են, որ ուշադրության կենտրոնում ես եմ:
***
Գրողը տանի, կարծես թե ծնվել եմ, բայց ուրախանալու փոխարեն' բոլորը միայն կարեկցում են: Ոչինչ չեմ հասկանում, բայց մանկություն ունենալ եմ ուզում:

Հ. Գ. Մեծ-մեծ, ճռճռան օրենքներ կան, որտեղ գրված է, թե յուրաքանչյուր երեխա ապրելու, ժպտալու, երջանիկ մանկություն ունենալու իրավունք ունի:

 

Այս թեմայով