29 Սեպտեմբեր 2014, 10:13
15273 |

Զորավարի ապտակները

Անդրանիկ Օզանյանի կամ, ինչպես ընդունված է ժողովրդի մոտ՝ Զորավար Անդրանիկի կենսագրությունը ծանոթ է մեզ դեռ դպրոցից: Նա եղել է հայ ազատագրական շարժման խորհրդանիշներից մեկը՝ Ցեղասպանության ժամանակ իր մեծ դերն ունենալով հարյուր հազարավոր հայերի փրկման գործում: Սակայն քչերը գիտեն, որ Զորավարն ապտակելու սովորություն ուներ: Նա ապտակել է հարյուրավոր մարդկանց՝ սկսած քաղաքական ու ռազմական գործիչներից, վերջացրած արվեստի ներկայացուցիչներից: Imyerevan.com-ը ներկայացնում է Զորավարի երեք ամենահիշարժան ապտակները:

Ապտակ գեներալ Տրուխինին
1915-ին Անդրանիկը նամակ ստացավ, ըստ որի նա պետք է թողներ Վան-Վասպուրականը թշնամու գերակշիռ ուժերի պատճառով: Նա պատասխան նամակով դիմեց գեներալ Յուդենիչին, ասելով, որ ինքը տեղի բնակիչների և իր կամավորների հետ միասին կարող է դիմակայել թուրքերին։ Ստացավ Յուդենիչի համաձայնությունը, սակայն այդ նամակը նրան չհասավ, այն թաքցրեց գեներալ Տրուխինը՝ չհավատալով մտահաղացմանը: Այդ մասին Անդրանիկին տեղեկացրեց Տրուխինի համհարզ կապիտան Արշակ Շահխաթունին: Նույն թվականի հուլիսին գեներալ Յուդենիչի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Անդրանիկը շառաչյուն ապտակ հասցրեց նրան նման արարքի համար:

Ապտակ Հովհաննես Բաղրամյանին
1968-ին ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը հանդիպեց ԵՊՀ-ի ուսանողների հետ: Զրույցի ժամանակ նրան հարցրեցին՝ արդյոք երբևիցե հանդիպել է զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմեց, որ 1918-ին նրա ջոկատը կանգ էր առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ: Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15 000 գաղթականներով: Առավոտյան նա իր մոտ կանչեց Բաղրամյանին և ապտակ հասցրեց. «Կոռնետ Վանո, քո այս երեսուն զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», - ասաց նա Բաղրամյանին: Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցություններ, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին: Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ:

Ապտակ Շիրվանզադեին
1917-ին Թիֆլիսի սրճարաններից մեկը, որտեղ հայերն էին մեծամասամբ հավաքվում, այցելեց Զորավարը գրող Վահան Թոթովենցի հետ միասին: Բոլորը մեծ հարգանքով դիմավորեցին նրան: Սակայն կողքի սեղանից հանկարծ լսվեց Ալեքսանդր Շիրվանզադեի ձայնը. «Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը»: Հայ նշանավոր գրողին այնպիսի ուժգին ապտակ հասցրեց Զորավարը, որ նա հայտնվեց հատակին: Շիրվանզադեի հետ էր նրա մորաքրոջ տղա, դերասան Հովհաննես Աբելյանը, որը ներողություն խնդրեց Անդրանիկից և դուրս հրավիրեց Շիրվանզադեին:

Նյութը պատրաստված է Hayzinvor.am նյութի հիման վրա:

Այս թեմայով