08 Սեպտեմբեր 2014, 15:19
5316 |

Աստիճան դեպի պայծառ ապագա

Շատերը կարծում, են, որ մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, իրականում գլխավորը աստիճաններն են, որոնցով մենք բարձրանում ու իջնում ենք: Աստիճաններ, որոնք տանում են մանկապարտեզ, հետո դպրոց, իսկ հետո էլ մասնագիտության բարձունքներ: Ու կարևոր է, որ մեր կյանքի քարե աստիճանները լինեն պայծառ, յուրօրինակ ու դրական: Մի խոսքով, գունազարդում ու գունավորում ենք մեր կյանքը: imyerevan.com կայքը, «Սարդ» խանութների ցանցի հետ համատեղ որոշեց կցվել գունավորման ու գունազարդման գործին:

Նուբարաշեն վարչական շրջանի երկու դպրոցների քարե աստիճանները գունավորվեցին Երևանի Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների կողմից: Այժմ, համար 175 դպրոցի աշակերտներն ամեն առավոտ դիմավորելու են մատիտների տեսքով ձևավորված աստիճանները, իսկ համար 95 դպրոցի սաներին սպասվում է անակնկալ՝ «աստիճան-գրակապոց»-ի տեսքով: Ամենափոքր նուբարաշենցիներին, մասնավորապես համար 125 մանկապարտեզի մանուկներին ուրախացնում են լուսավոր պատուհաններով ու ուրախ պատշգամբեներով տնակ-աստիճանները: Աշխատանքների գաղափարը պատկանում է imyerevan.com կայքին և «Սարդ» խանութների ցանցին: Իմիջայլոց, հենց «Սարդ» ընկերությունն է երիտասարդ գեղանկարիչներին տրամադրել ներկեր և նկարչական պարագաներ:

«Սարդի» PR բաժնի ղեկավար Հայկի Կիրակոսյանի խոսքերով, քարե աստւիճանները գունազարդելուն միտված այս միջոցառումը թեկուզ և ուղղված չէ կարևորագույն խնդիրների լուծմանը, սակայն հենց փոքր գործերն են, որ աջակցում են մեծ խնդիրների լուծմանը: Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հարությունյանն էլ իր հերթին ավելացրեց, որ «Սարդ» ընկերությունը սեփական նախաձեռնությամբ դեռ միչև սեպտեմբերի 1-ը ներկել է դպրոցների հին գրատախտակները: «Ցանկացած նման նախաձեռնություն ավելի է մերձեցնում մեզ բարեգործությանը, գեղեցիկին ու լուսավոր ապագային»,- համոզված է վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Գունավորման աշխատանքներին մասնակցել են երիտասարդ գեղանկարիչներ Սամվել Սարիբեկյանը, Տիգրան Ավետյանն ու Արթուր Ղամբարյանը: Imyervan.com-ի նախաձեռնությունը խրախուսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

Այս թեմայով