31 Մայիս 2014, 14:05
789 |

Բջջային բաց շուկա

Վերջին տասնամյակում թվային տեխոնոլգիաները սկսեցին «տեղավորվել» ֆիզիկապես ավելի փոքր կրիչներում, հեռախոսներն էլ դարձան «խելախոս»: Հայաստանը տարածաշրջանում առաջին երկրներից էր, որտեղ մոբայլ հավելվածների ծրագրավորման բնագավառը զարգացավ կտրուկ ու դարձավ հեռանկարային: Այսօր արդեն միջազգային թվային շուկաներ են արտահանվում հարյուրավոր հավելվածներ, որոնք ոչ միայն աչքի են ընկնում իրենց որակով, այլև արժանանում են սպառողների բարձր գնահատականներին: Արդեն մոբայլ էքսպո անելու ճիշտ ժամանակն էր:

Մայիսի 30-ից 31-ը Երևան Սիրահաների այգում բացվեց Mobile App Expo 2014-ը: Հայաստանում մոբայլ հավելվածների առաջին ցուցահանդեսը կազմակերպել էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Microsoft Ինովացիոն Կենտրոնը և mLab ECA տարածաշրջանային մոբայլ հավելվածների լաբորատորիայի հայկական ներկայացուցչությունը: Բջջային ծրագրավորման ոլորտում աշխատող շուրջ 40 կազմակերպություններ ներկայացրեցին հեռախոսների և մոբայլ այլ սարքերի համար մշակված իրենց հավելվածները:

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանի կարծիքով Հայաստանն այսօր ձգտում է բջջային հավելվածների ծրագրավորման առաջատար դիրքերին. «Մեր երկրում մշակված հավելվածները, պարբերաբար հայտնվում են առաջատար դիրքերում ներբեռնվածների ցանկում թե՛ Android, և թե՛ IOS շուկաներում: Այս ցուցահանդեսի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ոլորտը ներկայացնող կազմակերպություներին, մասնագետներին և հայ օգտատերերին՝ ներկայացնելով թվային շուկայի տեղական արտադրանքը»: Ցուցահանդեսը նաև հրաշալի հնարավորություն է արտասահմանյան ներդրողներին գրավելու համար, քանի որ միջազգային մի շարք ընկերություններ մոբայլ հավելվածների հայկական շուկայում ներդրումային ուղիներ են փնտրում:

Քանի որ ցուցահանդեսին ներկայացված ընկերություններն աչքի էին ընկնում առաջարկների բազմազանությամբ, imyerevan.com-ը որոշեց կազմել Mobile App Expo 2014-ին ներկայացված հավելվածների թոփ-հնգյակը:


Առաջին հարթակում է աշխարհին հայտնի picsArt հավելվածը: Մինչև օրս ֆոտոխմբագրման համար նախատեսված այս հավելվածն ամբողջ աշխարհում բեռնվել է ավելի քան 100 միլիոն անգամ, իսկ վերջին շաբաթում այն IOS շուկայում առաջարկվող լավագույն ֆոտոխմբագրիչների ցանկում 5-րդն է: Հայկական արտադրության բջջային «ֆոտոշոփն» արդեն սիրվել է միջազգային սպառողների կողմից և հենց այս ծրագրի միջոցով խմբագրված բազմաթիվ «սելֆի»-ներ են շրջում թվային լուսանկարչության համաշխարհային հարթակներում:


Արծաթե մեդալակիր դարձավ ggTaxi հավելվածը: Համացանցում վերջերս մեծ հետաքրքրություն առաջացրած այս հավելվածը գործիք է, որը հնարավորություն է տալիս տաքսի պատվիրել ինտերնետի միջոցով: Ի տարբերություն ավանդական հաճախորդ-դիսպետչեր-վարորդ հեռախոսակապի՝ այս հավելվածը բաժանորդ-վարորդ կապը տեղափոխում է նորագույն տեխնոլոգիաների հարթակ:


Երրորդ տեղում է edram վճարային համակարգը: Իր տասնամյակը տոնող այս համակարգն արդեն երկու տարի է՝ ինչ ներկայացված է նաև բջջային հավելվածների շուկայում, և իր օգտատերերին է առաջարկում «Բջջային դրամապանակ» ծառայությունը: Այն հնարավորություն է ընձեռնում կատարել էլեկտրոնային առևտուր:


Չորրորդ տեղը զբաղեցրեց Yevista հավելվածը, որը հնարավորություն է տալիս բջջայինի միջոցով գնահատականներ շնորհել տարաբնույթ հասարակական վայրերին՝ մանկապարտեզներ, դպրոցներ, սրճարաններ և այլն: Այս հավելվածի օգտատերերերը հնարավորություն ունեն ոչ միայն վերագնահատելու այն վայրերը, որոնք արդեն իսկ արժանացել են գնահատականների, այլև կիսվել դրանցով այլ օգտատերերի հետ:


Հինգերորդ եզրափակից դիրքը շնորհեցինք նարնջագույն օպերատորին, ով շուկայում ներկայացրել էր իր բաժանորդներին օգտակար բջջային հավելված: Այն հնարավորություն է ընձեռնում անմիջապես հեռախոսի միջոցով կառավարել սեփական հաշիվները, կատարել վճարումներ ու զանազան գործառույթներ:


Մրցութային ծրագրից դուրս թե՛ մեր, և թե՛ ցուցահանդեսի այցելուների ուշադրությանն ամենաշատն արժանացավ հայտնի ARMTAB-ը: Հայկական արտադրության առաջին պլանշետը տեղում փորձարկում էին դրանց ապագա սպառողները՝ դպրոցականները: Սիրահարների այգու տաղավարներում հենց այս պլանշետների միջոցով կազմակերպվել էր Մայրենի լեզվի դաս:

Յուրաքանչյուրս դեռ հնարավորություն ունենք տեսնելու այս և բազմաթիվ այլ առաջարկներ: Mobile App Expo 2014-ը կշարունակվի մինչև մայիսի 31-ի երեկո:

Այս թեմայով