21 Ապրիլ 2014, 13:03
2914 |

Փողոցայինները

Break dance, Graffiti, Parkour և Street workout՝ աշխարհահռչակ այս փողոցային մշակույթը ներկայացնող ժանրերը միավորեցին մեկ վայրում՝ յուրահատուկ շոու մատուցելով հայ հանդիսատեսին:

Հիփհոփասեր հասարակությունը ցնծում էր Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանին կից այգում կազմակերպված Brown Bear Challenge  միջոցառման ժամանակ. մրցում էին Break dance պարողները և Parkour-ով զբաղվողները։ Ի դեպ, վերջինս առաջին անգամ էր ներկայացվում Հայաստանում։ Մրցույթից դուրս հանդես եկան Street workout-ի ներկայացուցիչները, Ֆրանսիայից ժամանած հյուրը՝ Բենուան, գրաֆիտի նկարեց այլ մասնակիցների ելույթների ժամանակ. «Առաջին անգամ է, որ պետք է այսքան մարդկանց աչքի առաջ նկարեմ, սովորաբար միայնակ եմ լինում նկարելիս»։

Անդադար հնչող երաժշտությունը գրավում էր անցորդներից շատերին, ու նրանք էլ, միանալով աշխույժ հանդիսատեսին, հետևում էին մրցույթի ընթացքին։ Անվերջ ելույթները նկատելի էին ամենուր: Parkour-ի մասնակիցները այգու ամբողջ տարածքն օգտագործում էին իրենց դժվար շարժումները ցուցադրելու  ու «արգելքները» հաղթահարելու համար:

Մրցույթի գլխավոր հեղինակը և կազմակերպիչներից մեկը 19–ամյա Արտաշ Կարապետյանն էր, որն իր գաղափարի մասին այնպես պատմեց հովանավորներին, որ անմիջապես ստացավ դրական պատասխան. «Միշտ երազում էի Հայաստանում այնպիսի մրցույթ կազմակերպել, որտեղ կներառվեր Parkour-ը: Մեր երիտասարդությունը պետք է ավելի նպատակասլաց լինի, համաշխարհային մակարդակով մենք լա որակ ունենք: Մեր նպատակն է այս ոճերը Հայաստանում զարգացնել ու երիտասարդներին առողջ ապրելակերպ քարոզել»:

Հայաստանում վերջին տարիներին է սկսել զարգանալ Break dance-ը։ Ակրոբատիկ, բարդ պարին իր կյանքը նվիրած Մայդեսը Լոս Անջելոսից է, ընդգրկվել է  ժյուրիի կազմում: Նա գոհ մնաց հայ բի բոյներից. «Հիանալի է, որ այսպիսի սերունդ կա Հայաստանում, դա մեծ հույս է ներշնչում երիտասարդներին: Սա պարզապես մի հաճելի հավաքույթ է, ինչպես օրինակ ընտանիքները երբեմն հավաքվում են իրար տեսնելու և լավ ժամանակ անցկացնելու»:

Հիփ-հոփ մշակույթի մեջ կարևոր է ստեղծարար լինել, ոչ թե կրկնել, այլ  սեփականը մատուցել: Այսպիսի միջոցառումները հիանալի հնարավորություն են հայ երիտասարդների համար՝ ցույց տալու ինչի են ընդունակ:

Այս թեմայով