07 Հոկտեմբեր 2013, 14:47
5069 |

Սիրավեպ քարի հետ

Ինչքա՛ն մոլեռանդ է պետք լինել տղամարդկության գլխավոր խորհրդանիշը ինքնակամ կտրելու համար: Ու ի՜նչ անսահման պետք է լինի երեխա ունենալու կնոջ իղձը, որ նա պատրաստ լինի սեռական կապ ունենալ գրանիտե քարի՝ պորտաքարի հետ…

Հեթանոս Հայաստանում կար բավական տարօրինակ միջոց հղիանալու համար. կինը պետք է անցներ գայլի բաց երախի միջով: Մաշկում էին գայլի գլուխն ու մարմնի վերևի մասը, մորթին օղակաձև կարում, ներսում պահում հմայիլներ ու վրայից կախում գույնզգույն կտորի եռանկյունաձև ծալված յոթ կտոր: Հետո այս կախարդական օղակը դնում էին մերկ կնոջ գլխին, անցկացնում մարմնով ու հանում ոտքերի տակից: Ու այսպես երեք անգամ: Դրանից հետո կինը համարվում էր մաքրված ու հղիանալու պատրաստ: Գայլի բաց երախը տանում էր նրա անպտղությունը, իսկ ցցված ահարկու ժանիքները մաքրում էին մարմինը հիվանդություններից…

Ժամանակակից մարդու համար անհասկանալի ծեսերի նպատակը մեկն էր. հղիանալ, ամուսնուն որդի պարգևել ու շարունակել նրա տոհմը: Ցանկացած կախարդական ծեսում գլխավորը հավատն է: Մեր նախնիներն էլ են հավատացել, այն էլ այնքան ուժեղ, որ անբնական ահռելի առնանդամով տղամարդու փոքր արձանի համար առանց վարանելու իսկական անդամն են տվել. այդ էին պահանջում աստվածները:

Արձան-տիկնիկների նորաձևությունը եկել էր եգիպտական քրմերից: Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար) այսպես է գրում Դիոնիսոսին նվիրված խնջույքների մասին. «… առնանդամների փոխարեն որոշեցին կրել այլ խորհրդանիշ՝ արմունկի չափ երկար ու թելերով շարժվող արձան-տիկնիկներ: Իջնող ու բարձրացող առնանդամով այս կուռքերը կանայք ման են ածում գյուղերում: Այդ առնանդամն էլ տիկնիկի գրեթե ամբողջ մարմնի չափն ունի»:

Հայաստանում հայտնաբերված արձանիկները ցույց են տալիս, որ այստեղ էլ է եղել նման պաշտամունք: Դրանցից մի քանիսը կարելի է այսօր տեսնել Հայաստանի Ազգային թանգարանում ու Սարդարապատի համալիրի ազգագրական թանգարանում: Պահպանվել են Լուկիանոս Սամոսատցու տեղեկությունները դրանց Հայաստան հասնելու հնարավոր տարբերակների մասին: Հերապոլիս սիրիական քաղաքում՝ Հերա գլխավոր օլիմպիական աստվածուհուն նվիրված տաճարի մոտ, դրված էին Դիոնիսոսի նվերները՝ երկու հսկայական 56 մետրանոց առնանդամ: «Ես՝ Դիոնիոսոսը, ընծայել եմ այս առնանդամները Հերա խորթ մորս», - փորագրված է դրանց վրա: Կողքի այգում պարերից ու երաժշտությունից ինքնամոռացության մեջ ընկած ուխտավորները ամորձատում էին իրենք իրենց: Այստեղ եգիպտացիների, եթովպացիների, մարերի, բաբելոնացիների կողքին նաև հայ տղամարդիկ աստվածուհուն թանկարժեք քարերի հետ ընծայում էին իրենց անդամները:

Փոխարենը ստանում էին ֆալոսաձև արձանիկներ, որոնք հետո հայտնաբերվել են Զանգեզուրի Արծվանիկ գյուղում, Անիում, Սիսիանում… Հայաստանի տարբեր վայրերում (Լճաշեն, Կարս, Մեծամոր, Արթիկ, Կարմիր Բլուր, Օշական, Շիրակավան) հայտնաբերված ուշ բրոնզի ու երկաթի դարի (մ.թ.ա. երկրորդից առաջին հազարամյակ) գերեզմաններում գտնվել են ամբողջական քարից (տուֆ, բազալտ) երբեմն երկու մետրանոց առնանդամներ: Հնում հավատում էին, որ դրանք պահպանում էին հանգուցյալների անդորրն ու վանում չար հոգիները: Ի դեպ, ռուսական միջավայրում մինչև այսօր օգտագործվող «կուկիշ» նշանը, որ ցույց են տալիս վիրավորանք հասցրած կամ չար աչք ունեցող մեկին, նույնպես առնանդամի մեծարման մնացորդ է:

Ֆալոսը պաշտել են անտիկ աշխարհի շատ երկրներում. մարդիկ աստվածացնում էին տղամարդու ու կնոջ սեռական օրգանները որպես ինքնուրույն սակրալ էակներ: Առնանդամը պաշտողների գիտակցության մեջ այս կուռքը կարող էր հանգիստ գոյություն ունենալ մարդուց անկախ ու ունենալ բուժիչ հատկություններ, օրինակ՝ անպտղություն բուժել: Հայաստանում ֆալոսի պաշտամունքը շատ հին է: Այսպես՝ Օշականում մ.թ.ա. 7-5-րդ դարում արական սեռի գլխավոր խորհրդանիշի արձանները տեղադրվել են արքունական սենյակներից մեկի օջախի շուրջը: Մեր նախնիները կարողանում էին ներդաշնակորեն համադրել բնապատկերին առնանդամի արձանները: Երևի այն պատճառով, որ ընդօրինակելու հնարավորություն ունեին. հայկական լեռնաշխարհում շատ են այս տիպի նաև բնական արձանները՝ պորտաքարերը: Սրանք բնության ստեղծած ուռուցիկ գագաթով երկարավուն քարեր են: Դրանցից շատերը մաշվել են ժամանակի ընթացքում, բայց մաշողը միայն ժամանակը չի եղել. անպտղությամբ տառապող հայուհիները հավատում էին, որ պորտաքարը կարող է իրենց ընծայել զավակ: Կինը, մերկացնելով որովայնը, պորտով պառկում էր պորտի նման քարին: Հետո կատարվում էր անհավատալին. խեղճը ոչ միայն պետք է մնար պորտաքարի ողորկ մակերևույթի վրա, այլև մեծ մեխ խփեր քարի մեջ: Այդպես նա քարին էր մեխում իր անպտղությունը: Մինչև վերջ մխրճված մեխերը վկայում են երեխա ունենալու կանանց բաղձանքի մասին (մանավանդ որ շատ պորտաքարեր, օրինակ՝ Սիսան-Գորիս ճանապարհի քարերը, գրանիտից են):

Բայց այս ծեսն ուներ նրբություններ. ցանկալի արդյունքը ստանալու համար պետք էր հետևել բոլոր մանրուքներին: 20-րդ դարի 60-ականներին Գորիսի Տեղ գյուղում ապրում էր հայկական բազմադարյան ավանդությունները պահած հավանաբար վերջին մարդը՝ Հեղնարը: Բազմաթիվ երեխաներ են լույս աշխարհ եկել նրա գիտելիքների շնորհիվ: Հետաքրքիր է, որ բոլոր երեխաների մազերը պղնձագույն էին: Միգուցե Աստծո օրհնությո՞ւնն էր այդպես արտահայտվել նրանց մազերի գույնի մեջ: Հեղնարը պահանջում էր, որ մեխը պատրաստի շրջակայքի ամենաբարեպաշտ դարբինը: Ծեսն էլ պետք է կատարեին հատուկ օր ու հատուկ ժամի: Քարի հետ «մերձեցումից» հետո բերում էր կնոջն իր տուն, թախտի վրա փռում գորգը (լավագույն տարբերակում գորգն ապագա մայրն էր գործած լինում), պառկացնում վրան մերկ կնոջը ու սկսում հմայախոսություններ ու աղոթքներ շշնջալ՝ հընթացս կմճտելով նրա գոտկատեղի վերևի մաշկը: Թախտի շուրջը ցրում էին փշեր, որ չար հոգին չվնասի ապագա երեխային, որը ծնվում էր սովորաբար մեկ տարվա ընթացքում:

Բայց պորտաքար այցելելը անպտղության բուժման երկրորդ ծեսն էր: Դրանից առաջ պետք էր ուխտագնացություն կատարել Տաթև կամ Որոտնավանք: Այնտեղ են պահպանվել ձեռակերտ ութանկյուն հսկայական սյուները՝ գավազանները, որոնք ունեն առնանդամի ձև ու հրելուց ճոճվում են: Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ շրջաններում մինչև այսօր էլ առնանդամին «գավազան» են ասում: Կինը վառում էր մոմը, համբուրում սյուները ու աղոթում Աստծուն՝ հաղորդելու իր ամուսնուն ուժ ու քարի ամրություն, որ կարողանա իրեն պարգևել բաղձալի մանուկն ու ամուսնու տոհմը շարունակելու հնարավորությունը: Այս ընթացքում սյուները ճոճվում էին:

Երրորդ՝ սակայն հաստատ ոչ վերջին ծեսը այցելությունն էր Արցախի Ծիծեռնավանք: Այստեղ կինը ուսին էր դնում ծանր քարն ու այդպես երեք անգամ անցնում վանքի շուրջ: Հետո այդ քարը տանում էր տուն՝ հավատալով, որ ինքն էլ «կծանրանա», կհղիանա:

Ժամանակը փոշիացրեց հայերի շատ գաղտնիքներ ու իմաստուն խորհուրդներ: Այսօր մայրության բերկրանքը վայելելու համար կանայք պորտաքարի կամ գավազանի փոխարեն գնում են ընտանիքի պլանավորման կենտրոն: Բայց երեխան՝ անկախ մազերի գույնից, միևնույնն է՝ համարվում է Աստծո օրհնություն:

Գավազան
Տաթևի վանքի հարավային պատից ոչ հեռու խոյանում է Գավազան սյունը: Հանճարեղ ճարտարապետը կարողացել էր հին դարերում ստեղծել ճոճվող քարակոթող: Շարժում առաջացնելու համար պետք է բարձրանալ վանահոր տան կտուրն ու հրել կոթողի գագաթի խաչը: Ճոճման գաղտնիքը դարեր շարունակ մնում էր չբացահայտված: Նույնիսկ 1931-ի կործանիչ երկրաշարժից հետո, երբ քանդեցին վանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, գավիթն ու զանգակատունը, Գավազանը մնաց: Մի քանի տարի առաջ ճարտարապետները փորձեցին պարզել գաղտնիքը: Քանդելով սյունը՝ տեսան, որ կոթողի հիմքում դրված է գլաքար: Գավազանը վերականգնեցին, սակայն այն արդեն նախկինի պես լավ չէր ճոճվում:

Մի անգամ Զանգեզուրում
1972-ի ամռանը Հայաստանում էր Անդրեյ Տարկովսկին կնոջ հետ: Ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի հիշողություններից. «Սիսիանից ուղղվեցինք Գորիս: Անցանք մոտ տասնհինգ կիլոմետր ու կանգ առանք այդպես կոչված «պորտաքարի» մոտ: Այս քարը շատ հայտնի է Զանգեզուրում: Չբեր կանայք պորտով պառկում են փայլող պորտաքարի փոքր ելուստին, որն ասես հղկվել է հազարավոր կանանց որովայններին կպնելով: Պառկում են ու վերջ: Անդրեյ Տարկովսկիի կինը (նրանք այդ ժամանակ արդեն մի քանի երեխա ունեին) չարաճճի-չարաճճի պառկեց պորտաքարի վրա:
- Ինչի՞դ է պետք: Մենք առանց այդ էլ այդ առումով խնդիրներ ունենք, -բացականչեց Տարկովսկին:

Այս թեմայով