24 Սեպտեմբեր 2013, 13:36
1727 |

Հանրային հանրագիտարան

Խորհրդային բնակարաններից մնացած ամենավառ ժառանգությունը գրապահարաններն են: ԽՍՀՄ Կուլտուրայի մինսիստրությունը խնդիր էր դրել պայքարել անգրագիտության դեմ. յուրաքանչյուր խորհրդային քաղաքացի իր տանն անպայման սեփական գրադարանը պետք է ունենա, պատվի հարց էր: Այդ իսկ պատճառով խորդային գրադարակները բեռնվում էին բազմապիսի հանրագիտարաններով: Շատերի տանը մինչև օրս պահպանվել են կանաչ կազմով «Խորհրդային Հայաստան» կամ գոնե «Ինչ է, Ով է» շարքերի հատորները:

Ժամանակի ընթացքում հաստափոր գրքերին, ինչպես նաև շատ ուրիշ երևույթներին, փոխարինեց համացանցը: Ստեղծվեց բոլոր ժամանակների ամենամեծ ու հասանելի հանրագիտարանը՝ wikipedia-ն: Առաջին վիքին WikiWikiWeb կայքն էր, որը Ուարդ Քաննինգհեմը համացանցում տեղադրեց WIkiWikiWeb համացանցային տիրույթի անունով 1995-ի մարտին։ Նա այդպես էր անվանել կայքը՝ ի պատիվ Հոնոլուլուի միջազգային օդանավակայանում երթուղային ավտոբուսի՝ որպես «արագ» բառի այլահունչ տարբերակ:

Այնուհետև բաց ռեսուրսը սկսվեց թարգմանվել աշխարհի բոլոր լեզուներով:

Օրերից մի օր հերթը հասավ նաև Հայաստանին: 2003-ից գործում է Հայերեն Վիքիպեդիան, որն այս պահի դրությամբ ներառում է 77 000-ից ավելի հայերեն հոդվածներ՝ ստեղծված հենց հայ օգտատերերի կողմից: Հայկական առաջին հասարակական ոչ պրոֆեսիոնալ հանրագիտարանային խորհուրդը հետագայում դարձավ հայկական վիքի-համայնք, իսկ այօր այն գիտա-կրթական հասարակական կազմակերպություն է՝ «Վիքիմեդիա-Հայատան» անվանումով:
Համացանցի լայն հնարավորությունները հաշվի առնելով՝ Վիքիպեդիան չի սահմանափակվում երկար ու տխուր տեքստային ֆորմատով: Այն ունի իր առանձին ենթաբաժինները, որտեղ օգտատերերը կարող են ներբեռնել լուսանկարներ ու մեդիա նյութեր, որոնք նույնպես հանրագիտարանային մեծ արժեք են ներկայացնում:

Ու հասարակական մասնակցությունը խթանելու նպատակով 2010-ին Հոլանդիայում անցկացվեց «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթը:

Արդեն 3 տարվա պատմություն ունեցող մրցույթին առաջին անգամ այս տարի մասնակցում է նաև Հայաստանը: Մրցույթի նպատակն է հուշարձաններն ու պատմամշակութային ժառանգությունը թվայնացնելը:

Վիքի բեռնված լուսանկարների առավելությունը ազատ արտոնագիրն է, յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել դրանք սեփական հետազոտությունների համար: Մրցույթն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպիչները պարբերաբար նախաձեռնում են ֆոտոզբոսանքներ երկրի տարբեր անկյուններում: Ակամայից լուսանկարիչ դարձած օգտատերերը մրցակցում են միմիանց հետ, ինչի արդյունքում բարձրանում է լուսանկարների որակը: Սեպտեմբերի վերջին կամփոփվեն հայաստանյան մրցույթի արդյունքները, որոնցից էլ պարզ կդառնա՝ երկիրը կմասնակցի միջազգային մրցույթին, թե ոչ:

Այս թեմայով