11 Փետրվար 2013, 17:44
1659 |

Դիրքերում կանգնած ռեպերը

Արցախցի ռեպերը պարզվեց՝ շուտով գալու է Երևան` հերթական երգը ձայնագրելու: Հիանալի առիթ բացահայտելու Ֆասոնի իրական ֆասոնը:

Անունը` Կոլյա Շահգելդյան
Բեմական կեղծանունը` Ֆասոն
Տարիքը` 25 տ.
Ընտանեկան դրությունը` ամուսնացած
Բնակության վայրը` Արցախ, Քարվաճառ
Աշխատանքը` պայմանագրային զինծառայող
Կոչումը` ռեպեր

Coolio “Gangster’s  paradise”՝ ամեն ինչ սկսվեց հենց այս երգից, երբ լսեցի միանգամից հավանեցի: Հետո իմ կիսանգլերենով մի կերպ բառերը թարգմանեցի ու հասկացա, որ մեջը բողոք կա` անհավասարության ու ռասայական խտրականության դեմ: Դրանից հետո սկսեցի խորանալ ռեպ ժանրի մեջ ու դպրոց մագնիտոֆոնով էի գնում: Իմ սիրած երաժշտությունը միշտ հետս էր, այն ժամանակ տարված էի Eminem-ով: Մի օր  էլ ընկերս մտավ դասարան, ինձ նորից մագով տեսավ ու ասաց` “ինքը, իրա ֆասոնը”….Անունս մնաց Ֆասոն:

Առաջին կատարումս Արցախի բարբառով էր, կոչվում էր “Ա լյավ Իգոր”: Ավելի շատ հումորային էր՝ պատմող արցախցի Իգորի և մի երևանցու զրույցի մասին, լեզվի տարբերության, բայց միևնույն ժամանակ նրանց միջև տարբերություն չդնելու: Հիշում եմ՝ Արցախի ջահելության կեսը անգիր գիտեր այդ երգը:

Սկզբում այս ամենը ուղղակի սիրողական մի բան էր, բայց հետո, երբ տեսա՝ արածս գնահատվում ա, ոգևորվեցի ու շարունակեցի: Ձայնագրեցի երկրորդ երգը: Արցախյան ազատամարտի մասին էր: Դիմեցի ռադիոկայաններից մեկին, համաձայնեցին ձայնագրել:

Ես չէի կարող այդ ժամանակ գրել, ասենք, “կլուբների”, փողերի, թանկարժեք կյանքի ու ապրուստի մասին, ես գրում եմ էն, ինչ տեսել եմ, իսկ ես պատերազմ եմ տեսել, ականի վրա պայթող մարդիկ, վիրավորներ ու Արցախի հաղթանակը: Ես որոշեցի, որ իմ ուղղությունը պիտի լինի հենց հայրենասիրական ռեպը, ուրիշ ոչինչ: Երկրորդ երգս՝ “Զարթնեք-հելեք”, մի քիչ ցենզուրայից դուրս էր, բայց հետո հասկացա, որ դա այդքան էլ ճիշտ չի, քանի որ ինձ չեն լսի աղջիկները, ինտելեկտուալ մարդիկ: Որոշեցի ավելի լրջացնել:

Մի քիչ ամոթ ա խոստովանել, բայց ես էդ ժամանակ չգիտեի, թե ոնց ա հնարավոր  YouTube-ով երգս “ռասկռուտկա” անել: Իմ երգերը հիմնականում բջջայիններով էին տարածվում: Բայց հետո այդ տեխնոլոգիաներին էլ տիրապետեցի: Ոչ մի բարդ բան չկա:

Այնուհետև մոտ մեկուկես տարի թողեցի ամեն ինչ, որովհետև անցա ծառայության: Հիմա էլ երկու ամիս տանն եմ, մի ամիս` դիրքերում՝ Օմարի լեռնանցքում:  Երբ գիտես, որ ընտանիքդ քեզնից ա կախված, չես կարող ասել` “ես գնում եմ իմ երազանքի հետևից”:

Բայց ամեն ինչ նորից սկսվեց, երբ “32 ատամ”-ը հրավիրեց Երևան, հասկացա, որ իմ արածը չի անտեսվել ու նորից անցա գործի: Հիմա պարբերաբար Երևան եմ գալիս ձայնագրվելու: Մինչև երգի վերջնական տեսքի գալը չեմ մնում Երևանում, հաճախ դիրքերում կանգնած եմ լինում, երբ տղերքը զանգում, ուրախ լուր են ասում՝ երգս արդեն պատրաստ ա:

Հայրս տենց էլ չըմբռնեց իմ սիրած գործի իմաստը, մինչև հիմա էլ ասում ա `“ էնքան ես էդ նաուշնիկներով ման եկել, գժվել ես”: Մեկ-մեկ էլ կատակով ասում ա` “ռեպիդ ես տալիս” “լեզվիդ տալու” փոխարեն:

Երևանում ավելիին հասնելը համեմատաբար հեշտ է: Կարող ա գրպանումս փող չլինի, բայց գամ ու ձայնագրվեմ, այդ ամենը գալիս է ճիշտ պահվածքից: Բայց դեռ էնքան փող չունեմ, որ տեսահոլովակ ձայնագրեմ, կարող եմ ինչ-որ սիրողական մի բան նկարել, բայց լուրջ բանը պետք է լուրջ մատուցվի: Ես ոչնչից իմ ուզածին եմ հասել, դա էլ կլինի:

Այս թեմայով