19 Ապրիլ 2013, 11:00
99 |

Ուղղահայաց

Լեռնագագաթների վեհությունն ու ժայռերի անառիկությունն անդադար հմայում են աննվաճելին նվաճելու սիրահարներին: Մեկի համար ալպինիզմը սպորտաձև է, մյուսի համար` հանգստի տեսակ, իսկ երրորդների համար` գլուխ գովելու ոչ շատ հաջող տարբերակ: Բայց նպատակը մեկն է` կանգնել գագաթին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե բավական է տիրապետել գիտելիքների, հմտությունների ու կարողությունների, որոնք թույլ կտան հաղթահարել տարբեր բարձրության ու թեքության լանջերի եղանակային ու ռելիեֆային արգելքները` ձնոտ, քարքարոտ ու սառցեպատ:

Սովետական Միության փլուզումից հետո ալպինիզմը Հայաստանում տևական ժամանակ ստվերում էր: Եվ քանի որ սա օլիմպիական մարզաձև չէ, այն ոչ ոք չէր ֆինանսավորում: Բայց ոչ վաղ անցյալում' 2010-ին, լեռնային բարձունքներ գրավելու սիրահարները հիմնեցին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան:

- Հայաստանում զբաղվում էին ալպինիզմով, բայց դա կրում էր անհատական բնույթ, այսինքն ալպինիստներին միավորող կազմակերպություն, որպես այդպիսին, մենք չունեինք: Որոշեցինք այս սպորտաձևի զարգացման ու հասարակայնացման համար պայմաններ ստեղծել' հիմնելով ֆեդերացիան,- պատմում է ֆեդերացիայի փոխնախագահ, մանկավարժական գիտելիքների թեկնածու Սուրեն Դանիելյանը:

Ֆեդերացիան ալպինիստների նախապատրաստումն ապահովող մեկամսյա անվճար դասընթացներ է անցկացնում: Իսկ բոլոր նրանք, ում հաջողվում է անցած դասընթացի վերաբերյալ քննություն հանձնել, ստանում են համապատասխան վկայականներ: Մեկ ամիս տևողությամբ դասընթացը ներառում է 16 առարկա' ալպինիզմի ծագման պատմությունը Հայաստանում և աշխարհում, վնասվածքների դեպքում ցուցաբերվող առաջին օգնություն, հանգույցներ կապելու հմտություններ, արտակարգ իրավիճակներում վարքագծի կանոնները, յոգա, էկոլոգիա, աշխարհագրություն և այլն: Այս առարկաների ուսումնասիրմանը հատկացվում է 20 դաս' 10 տեսական և 10 գործնական:

Գործնական պարապունքների մի մասը ձմռանն անցկացվում է «Գրանդ Սպորտում», քանի որ Հայաստանի միակ արհեստական ժայռն այնտեղ է գտնվում: Իսկ արդեն գարնան գալու հետ պարապունքները շաբաթական երկու անգամ անցկացվում են Նորավանքի ու Արզնու իրական ժայռերի վրա:

Բոլոր առարկաներն ընդգրկող վերջնական քննությունից զատ, որի հիման վրա էլ տրվում կամ չի տրվում վկայականը, ամեն անցած առարկայից հետո ուսանողները միջանկյալ քննություն են հանձնում: Այսպիսով, ամեն ամիս դասընթացն ավարտում է տարբեր տարիքի մարդկանցից բաղկացած 6-ից 8 հոգանոց խումբ: Երկու տարվա ընթացքում նախնական պատրաստում է անցել 13 խումբ: 14-րդը հերթի մեջ է, այն իրեն կոչում է «Լեգեոն-14»: Նրանց միջանկյալ քննությանը ես ոչ միան ներկա էի, այլև անմիջական մասնակցություն էի ցուցաբերում: Դա հանգույցներ կապելու քննությունն էր: Պարզվում է' գոյություն ունի հանգույցների մոտ 2400 տեսակ, որոնցից նրանք պետք է ցույց տային 6-ը, ինչպես նաև բացատրեին' որն ինչ նպատակի է ծառայում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե բարդ բան չկա: Բայց յուրաքանչյուր հանգույցի համար ընդամենը մեկ փորձի հնարավորություն է տրվում, և անհաջողության դեպքում քննությունը ձախողվում է: Իսկ դա նշանակում է, որ հետագա ուսուցումն անհնար է. ուսանողը դուրս է մնում խմբից: Քննությունն ընդունող Սուրեն Դանիելյանը մեկնաբանում է այդաստիճան խստության պատճառները.

- Սխալվել չի կարելի, քանի որ սարերում երկրորդ հնարավորություն կարող ես և չունենալ, ու մեկ սխալ կապված հանգույցը կարող է որոշիչ դառնալ:
Սակայն լինում են նաև բացառություններ: Աննշան սխալի դեպքում կարելի է կրկին փորձել, բայց այս անգամ արդեն փակ աչքերով: Ինձ սովորեցրեցին «նապաստակի ականջներ» կապել, որն ավելացնում է հանգույցի ամրությունը, ինչպես նաև օգտագործվում է, երբ թելի ամրացման համար անհրաժեշտ են երկու տարբեր կետեր: Ինձ հաջողվեց միայն 10-րդ անգամից: Քննությունը ոչ ոք չձախողեց, ճիշտ է' սխալներ թույլ տված երկու ուսանողներ վերջում ստիպված էին բոլոր հանգույցները փակ աչքերով կապել, ինչն, ի դեպ, նրանց մոտ հիանալի ստացվեց.

- Ես պարապել էի, նախապատրաստվել, բայց հուզմունքը խանգարեց առաջադրանքն առաջին փորձից կատարել: Երբ նստում ես քննություն ընդունողի դիմաց, ամեն ինչ պարզվում է' շատ ավելի բարդ է, քան ենթադրում էիր,- ասում է ուսանողուհի ու գրող Ելենա Շուվաևան:

Չնայած ֆեդերացիայի գոյության ոչ մեծ ժամանակահատվածին' դրա ներկայացուցիչներն անցյալ տարի արդեն հասցրել են մասնակցել մրցաշարի: Իրանցիների հետ նրանք առաջինը գրավեցին Իրանի ամենաբարձր կետը' հանգած հրաբուխ Դեմավենդը (5610 մ ծովի մակերեսից): Նշեմ, որ մրցաշարին մասնակցում էր 216 ալպինիստ աշխարհի 25 երկրներից: Բացի այս բարձունքից, հայ ալպինիստները բարձրացել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը (5642 մ ծովի մակերեսից) և Կովկասի ամենաբարձր գագաթներից մեկը' Կազբեկը (5047 մ ծովի մակերեսից):

- Լեռան նվաճումը մարտահրավեր է մարդուն: Եվ այստեղ գլխավոր մրցակիցդ բոլորովին էլ սարը չէ, այլ դու ինքդ: Բարձունքը գրավելիս ալպինիստը պետք է հիշի, որ հաղթահարում է ոչ թե լեռը, դա անհնար է, այլ ինքն իրեն ու իր վախերը,- ասում է ուսանող Սուրենը:- Բոլորին չգիտես ինչու թվում է, թե սա շատ վտանգավոր սպորտաձև է, այնինչ ալպինիզմն այս ցուցանիշով միայն 7-րդ տեղում է: Եթե կան գիտելիքներ, տրամաբանություն ու հավասարակշռվածություն, ապա վտանգը նվազագույն է: Ի դեպ, ամենատարածված վտանգն այն է, երբ ալպինիստները կորում են ու ստիպված են լինում գիշերել սարերում: Ամռանը ողջ մնալու հնարավորություն դեռ կա, իսկ ահա ձմռանն այդպիսի սխալի գինը շատ բարձր է. եթե թաքստոց չկա, դա 90 տոկոս հավանականությամբ մահ է: Այդ իսկ պատճառով չի կարելի մոռանալ, որ ալպինիզմում կարևոր է ամեն մանրուք' սկսած ճիշտ ընտրված նասկիներից, վերջացրած ճիշտ կապված քուղերով: Եվ, իհարկե, ամենակարևորը հոգեբանական գործոնն է: Ալպինիստը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի բոլոր խոչընդոտներին: Յուրաքանչյուր ալպինիստ պետք է հստակ իմանա' ինչով է հիմնավորվում իր լեռ բարձրանալը: Եվ Աստված չանի, թե դա աղջկա կամ ընկերների մոտ գլուխ գովելն է: Սարերը դա չե՛ն սիրում:

Այս թեմայով