03 Ապրիլ 2013, 17:33
6051 |

Քառակի սպանվածը

«Պրոֆեսիոնալ հեղափոխական»՝ ամենից շատ այս խոսքերով են նրան բնութագրում պաշտոնական աղբյուրներում: «Զինյալ ահաբեկիչ, կողոպտիչ, արկածախնդիր»՝ այսպես էին անվանում նրան այն մարդիկ, ովքեր բոլշևիկյան հեղափոխության ժամանակ կորցնելու բան ունեին: Սիմոն Տեր-Պետրոսյան անունը նա ստացավ ծնվելիս, իսկ պատմության մեջ մտավ կարճ մականունով՝ Կամո:

1907-ի հունիսի 13-ի առավոտյան Պետական բանկի թիֆլիսյան մասնաճյուղի հաշվետարն ու գանձապահը կառքով տանում էին մայրաքաղաքից ուղարկված մեծ գումար՝ քառորդ մլն ռուբլի: Նրանց հետևում էր մեկ այլ կառք՝ երկու զինված հրաձիգներով: Երկու կառքերն էլ գտնվում էին կազակների շարասյան պաշտպանության տակ: Հանկարծ իշխան Սմբատովի տան կտուրից կառքերի վրա նետվեց սարսափելի ուժգնության մի ռումբ, որի պայթյունից մեկ կմ շառավղով գտնվող տների ապակիները ջարդ ու փշուր եղան: Գրեթե միաժամանակ շարասյան վրա մայթերից նետվեց ևս մի քանի ռումբ, ինչ-որ անցորդներ էլ ռևոլվերներից կրակ բացեցին: Հրապարակում խուճապ սկսվեց: Քննիչներին ոչ ոք չէր կարողանում նորմալ բացատրել, թե փողն ուր անհետացավ: Միայն վկաներից մեկին էր հաջողվել տեսնել, թե ինչպես էր վարգաձի հեծած սպայական համազգեստով մեկը հրապարակով անցել, նետվել դեպի պայթեցված ու ծխացող կառքը, ինչ-որ բան ճանկել այնտեղից ու ռևոլվերից աջ ու ձախ կրակ տեղալով՝ անհետացել: Բայց մինչև այդ հրապարակից հեռանալիս, հասցրել էր նույնիսկ իրեն ընդառաջ եկող ոստիկանապետին ողջունել: Սպայական համազգեստով ծպտյալը Սիմոն Տեր-Պետրոսյանն էր, ավելի հայտնի որպես Կամո…

Այս դեպքից 15 տարի առաջ՝ 1892-ին, Գորիում 10 տարեկան Սիմոնը վրաց իշխանի սպանած երկու երիտասարդների հրապարակային մահապատժի ականատեսն էր: Անհավատալի զուգադիպությամբ ներկաների մեջ էր նաև 14-ամյա Ստեփան Շահումյանը (հետագայում գնդակահարված Բաքվի 26 կոմիսարներից մեկը) ու 24-ամյա Ալեքսեյ Պեշկովը՝ ապագա Մաքսիմ Գորկին: Փոքրիկ Սիմոնը բարձրաձայն աղաչում էր Աստծուն, որ պարանը կտրվի, որ հրաշք տեղի ունենա, որ դատապարտյալները փրկվեն ու արդարություն հաստատվի: Բայց մահապատիժն ի կատար ածվեց: Այս դիպվածը շատերը համարում են հանգուցային Կամոյի կյանքում. հենց այն, ըստ նրանց, որոշեց նրա հետագա ճակատագիրը: Մի կողմից, այս ծանր ապրումները չէին կարող չազդել երեխայի վրա: Կամոյին ճանաչողների մոտ ընդհանուր կարծիք կար, որ նա, իրոք, մի քիչ խենթ էր կամ ցնդած: Այլ կերպ հավանաբար չէր կարողանա դիմակայել իրեն բաժին ընկած դժվարություններին, չէր կարողանա իրեն ու մյուսներին ենթարկել սարսափելի փորձությունների: Մյուս կողմից էլ կախաղանն ու անպատասխան աղոթքի այս դրվագը դարձավ նրա հետագա կյանքի խորհդանիշը: 1903-ի նոյեմբերին Կամոյին առաջին անգամ ձերբակալեցին, բայց մեկ տարի էլ չանցած նա փախավ բանտից: 1905-ին թիֆլիսյան ապստամբության ժամանակ նա ընկել էր կազակների ձեռքն ու կախաղան բարձրացվել: Բայց պարանը կտրվել էր. 13 տարի անց նրա մանկական աղոթքը հասել էր երկինք: Հետո բանտում նա ներկայացել էր որպես ուրիշ բանտարկյալ ու նորից հանգիստ կարողացել ազատվել: Կամոյին հաջողվում էր կենդանի մնալ՝ ամբողջ ընթացքում ապրելով մահվան եզրին… Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանն իր մականունը ստացավ Ստալինից, երբ միասին զբաղվում էին ցարական փողերը կուսակցական գանձարանի օգտին օտարելով: Սիմոնը ռուսերեն ուժեղ ակցենտով էր խոսում: Այնքան ասաց «Կամո՞ ատնեստի, կամո՞ ատդատ» (ռուս. «ո՞ւմ տանել, ո՞ւմ տալ», թրգմ.), որ կուսակցական մականունն այդպես էլ ամրագրվեց՝ Կամո: Այն տարիներին նոր թափ հավաքող հեղափոխական շարժմանն անհրաժեշտ էին մեծ գումարներ: Դրա համար էլ Լենինը թույլատրեց այսպես կոչված «էքսերը» (էքսպրոպրիացիա՝ «օտարում» բառից, թրգմ.)՝ պարզ լեզվով ասած՝ կողոպուտը: Կամոն այս գործում բոլշևիկների համար անփոխարինելի դարձավ: Նրա ծառայողական ցուցակը շատ երկար է՝ հանդուգն զինված հարձակումներ փող կրող շարասյունների վրա, զենքի ու պայթուցիկի մեծ ծավալների առք ու մաքսանենգություն, ընդհատակյա տպարանների հիմնում: Բայց Կամոյի ու Ստալինի հակացարական գործունեության ամենաաղմկահարույց դրվագը, անկասկած, 1907-ի հունիսի 13-ին Թիֆլիսի Էրիվանյան հրապարակում կազմակերպած կողոպուտն էր: Փոստատար կառքի վրա զինված հարձակման ժամանակ հափշտակվեց շուրջ 250 000 ռուբլի՝ ներկայումս 5 մլն դոլարին համարժեք գումար: Կամոն անձամբ մասնակցում էր հարձակումներին ու փողերի հետագա անօրինական տեղափոխմանը Ֆինլանդիա՝ Լենինին: Կամոն այս գործն արեց արտասովոր հնարամտությամբ. օգտագործեց բազմաթիվ գաղնտատեղիներ, ճամպրուկներ ու կրկնակի տակով տակառներ, աստառի տակ կարած հատուկ գոտիներ և այլն: Այս կողոպուտն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց, որ ռուսական ոստիկանությունը սկսեց առանձնահատուկ զբաղվել դրանով. գողացված թղթադրամների համարներն ուղարկեցին Եվրոպայի բոլոր ոստիկանական բաժանմունքներ (այն ժամանակ Ինտերպոլի մասին նույնիսկ երազել չէին սկսել): «Թիֆլիսյան էքսպրոպրիացիայի փողերը, - գրում է Կրուպսկայան, - չէր կարելի օգտագործել: Նրանք 500-անոցներով էին, որոնք պետք էր միաժամանակ փոխել արտասահմանյան տարբեր քաղաքներում»: Փողերը փոխել փորձելիս բռնվեց Լիտվինովը՝ արտաքին գործերին ապագա ժողկոմը, Սեմաշկոն՝ առողջապահության ապագա ժողկոմը, գրող, հայկական ազգային շարժման գործիչ Կոստան Զարյանն ու այլք: 1907-ի նոյեմբերին Կամոն էլ մատնությամբ ձերբակալվեց Բեռլինում: Հետագա դեպքերը դասական օրինակ դարձան խորհրդային գաղափարախոսական քարոզչության զինանոցում, իսկ ավելի ուշ գրվեցին բժշկահոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքում: Որպեսզի խուսափի Ռուսաստան արտահանձվելուց, որտեղ նրան անխուսափելի մահապատիժ էր սպասում, Կամոն ձևացրեց, թե հոգեկան հիվանդ է: Գերմանական Ալթ Մոաբիթ բանտում անց կացրած երկու տարիների ընթացքում նա պահպանեց կատարյալ խելագարի կերպարը. խոսում էր անկապ-կցկտուր արտահայտություններով, շաբաթներով չէր քնում, խցի պատին նեցուկ կանգնում, երևակայական ճանճեր էր որսում, աղմուկ բարձրացնում, փորձում ինքնասպանություն գործել, թռչուններ վարժեցնում… Հսկիչները, որոնք կասկածում էին, իբր նա ձևացնում է, տեղափոխեցին նրան բանտի կլինիկա՝ հաստատելով մշտական բժշկական հսկում հատուկ պայմաններում: Մասնավորապես, Կամոն զրոյից ցածր օդի ջերմաստիճանով խցում յոթ օր անցկացրեց ներքնազգեստով ու բոբիկ՝ պատի մոտ անշարժ կանգնելով ու ոչ մի խոսք չարտաբերելով: Կլինիկայի տնօրենը չէր կարողանում հավատալ, որ նորմալ մարդը՝ հագին միայն ներքնազգեստ, կարող էր ցրտի նկատմամբ այդքան անտարբեր լինել: Բայց բանտարկյալի խելագարության մեջ վերջնականապես համոզվելու համար նրան ենթարկեցին մեկ այլ ցավոտ փորձության: Սակայն ո՛չ եղունգների տակ խրված ասեղները, ո՛չ էլ շիկացած երկաթի այրոցները ոչ մի արդյունք չտվին. Կամոն ծպտուն չհանեց: Նրա «ցավազրկողը» հենց իր ֆանատիզմն էր, հեղափոխական գաղափարներով տարված լինելը:

Կամոյին պաշտոնապես ճանաչեցին հոգեկան հիվանդ, բայց միևնույնն է, 1909-ին հանձնեցին Ռուսաստանին, որից հետո ուղարկեցին Թիֆլիսի Մետեխի բանտը: Այնտեղ անցկացրեց ևս երկու տարի՝ շարունակելով հոգեկան հիվանդ ձևանալ: 1911-ի օգոստոսի 15-ին Կամոն, սղոցելով կապանքներն ու ճաղերը, կարողացավ փախչել բանտի հիվանդանոցից: 1913-ի հունվարին նրան նորից ձերբակալեցին փոստային կառքի վրա հարձակվելու հերթական փորձի համար: Բժշկական զննումը ցույց տվեց, որ հոգեկանը լրիվ առողջ է: Փորձաքննության արդյունքում պարզվեց նաև, որ քառամյա խելագարությունը ուղղակի ձևականություն էր եղել: Բայց չորս տարի կտտանքների դիմանալ ու խելագար ձևանա՞լ՝ սա չտեսնված բան էր: Կամոյի համար հերթական խաղ էր՝ թեկուզ տանջալի ու դաժան:

Փաստերն ասում են, որ Կամոն ի ծնե էյդետիկ էր, այսինքն՝ մարդ, ով ունի բացառիկ (հայելային) տեսողական հիշողություն: Էյդետիկներն ի զորու են իրենց ստեղծած կերպարները ներշնչել մյուսներին: Պատահական չէ, որ Կամոն բնածին դերասան էր ու ուներ ծպտվելու ու կերպարանափոխվելու հատուկ տաղանդ. ունակություններ, որոնք չափազանց արժեքավոր էին ընդհատակյա աշխատանքներում: 1913-ին դատարանը Կամոյին կախաղանի միջոցով մահապատժի դատապարտեց: Բայց այս անգամ էլ վերջին պահին հրաշք տեղի ունեցավ. Ռոմանովների դինաստիայի իշխանության գալու 300-ամյակի կապակցությամբ Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանի մահապատիժը փոխարինվեց քսանամյա տաժանակրությամբ:

1917-ի փետրվարյան հեղափոխությունը Կամոյին ազատություն շնորհեց ու կյանքի նոր փուլի սկիզբ դարձավ. ընկեր Կամո՝ հեղափոխության հերոսը, մարդ-լեգենդը… ու նույն արկածախնդիրը: Բնավորությամբ խաղամոլ Կամոն քաղաքացիական պատերազմի ժամանակ էլ էր ցուցաբերում արկածախնդրությունների ու ռիսկերի հանդեպ իր սերը: Նա Դենիկինի թիկունքում գործողություններ անցկացնելու համար դիվերսիոն ջոկատ ստեղծեց: Բայց մի հանգամանք նա անտեսել էր. այն, ինչին կարող էին ինքն ու պողպատե նյարդեր ունեցող իր հետախույզները դիմանալ, այլ մարդկանց ուժերից վեր էր… Կամոյի հավատարիմների մի խումբ, հատուկ հագած սպիտակ գվարդիականների համազգեստ, պարապմունքների ժամանակ անտառում հարձակվեց նրա ջոկատի վրա: Մարտիկներին գերի վերցրեցին, զինաթափեցին, կապեցին ու շարք կանգնեցրին իբր թե գնդակահարելու համար: Գերիներին առջև հրամանատարի արնաթաթախ «դիակն» է… Անմիջապես կողքն էլ «սիրտը»՝ գետնին ընկած արնոտ մի գունդ… Ներում կշնորհվի նրանց, ովքեր կզղջան կամ իրենց իրենց կոմունիստների թշնամի կհայտարարեն: Ջոկատում վախկոտներ չհայտնվեցին: Բայց մարտիկներից մեկը խոստովանեց, որ Պիլսուդսկու գործակալն է: Կամոն այսպիսով կարողացավ բացահայտել դավաճանին: Սակայն մարտիկներից մեկն այս գործողությունից այնպես ազդվեց, որ նա հոգեպես խանգարվեց: Այդ մարտիկը Ֆյոդոր Ալիլուևն էր՝ Ստալինի ապագա կնոջ՝ Նադեժդայի եղբայրը:

Սիմոն Տեր-Պետրոսյանը, նույն ինքը՝ Կամոն, իր ժամանակների Չե Գևարան, մահացավ 1922-ին Թիֆլիսում՝ հեծանվով տուն վերադառնալիս ընկելով քաղաքի միակ բեռնատարի տակ. ծովում կենդանի մնացածը խորտակվեց մի կաթիլ ջրում: Կամոյի մահվան շուրջ մինչև հիմա էլ շատ հարցեր կան: Վարկածներից մեկի համաձայն գիշերային «վթարը» կազմակերպվել էր Ստալինի հրամանով, որն ուզում էր ազատվել իր բազմաթիվ մութ գործերի ականատեսից ու անմիջական մասնակցից: Հնչում է ճշմարտանման, քանի որ դժվար է հավատալ նման «պատահականության»: Ավելին, այսօր հայտնի է, որ 1910-ին Ռուսական սոցիալդեմոկրատական աշխատավորական կուսակցության անդրկովկասյան տարածաշրջանային կոմիտեն, որ հետաքննում էր թիֆլիսյան «էքսի» ու մի քանի այլ «էքսպրոպրիատորական» գործեր, որոշում կայացրեց կուսակցությունից հեռացնել բոլոր նրանց, ովքեր աջակցել էին Տեր-Պետրոսյանին Թիֆլիսի բանկի թալանման մեջ: Այս անձանց մեջ էր նաև Իոսիֆ Ջուգաշվիլի-Ստալինը:

Կյանքի օրոք արդեն լեգենդի վերածված Կամոն այնուամենայնիվ դարձավ պրոֆեսիոնալ հեղափոխականի, գաղափարի ֆանատիկոս. գաղափարի, որի համար պատրաստ էր հատել նորմալ մարդկային կյանքի սահմանները: Երբեք չենք իմանա՝ որն էր նրա պողպատե դիմացկունության ու ահռելի կամքի ուժի գաղտնիքը: Կամոն այն տարավ իր հետ՝ թողնելով իրենից հետո միայն Կամո-մարդու հիշատակը՝ գրավիչ, սարսափելի, ուժեղ ու գաղափարին անմնացորդ նվիրված:

 

 "Ереван" ամսագիր, N3-4, 2005

 

Այս թեմայով