11 Հուլիս 2017, 18:18
23333 |

«Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամի հայտարարած մկրցույթի անդրանիկ մրցանակակիրը Արմեն Այվազյանն է

Այս տարի Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում ավարտական քննությություններից մեկից հետո տեղի ունեցավ «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամի և ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդի կողմից համատեղ կազմակերպված «Լավագույն ուսանող» անդրանիկ մրցույթը: Հաղթողը հինգերորդ կուրսի ուսանող Արման Այվազյանն է:

Առաջին խորհրդանշական մրցանակ-հուշանվերը ճարտարապետ Արամ Խաչատրյանի անձնական Պարկեր ֆիրմայի գրիչն է որը հաղթողին հանձնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Հիմնադրամի կողմից սահմանված մեկ միլիոն դրամ պարգևավճարը Արման Այվազյանին կհանձնվի 2017թ. նոյեմբերի 11-ին:

Մրցույթին մասնակցել էին բուհի Ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի ավարտական կուրսի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Այն ընթացել է երկու փուլով: Ընտրության չափանիշներն էին  ուսանելու տարիներին ուսանողի առաջադիմությունը, մարդկային որակները, իրականացրած ճարտարապետական նախագծերի քանակը և բարդությունը: Ընտրությունը կատարվել է նաև հարցազրույցների, հոգեբանական թեստերի միջոցով:

 

29-ամյա Արման Այվազյանը Եղեգնաձոր քաղաքից է: Ճարտաապետությունությունը նրա երկրորդ մասնագիտությունն է, առաջինը՝ գեղանկարչությունն է: Արմանից հետաքրքրվեցինք՝ Երևան քաղաքի վերաբերյալ ի՞նչ տեսլական ունի, ի՞նչը կցանկանար փոխել: «Երևանում, իհարկե, ամբողջը խառնվել է իրար, ներդաշնակությունը խախտված է, - ասում է Արմանը, - եթե պահանվեր Թամանյանի նախատեսած ընդհանուր ճարտարապետական ոճը և այն որոշակի առումով մոդերնիզացվեր՝ պահպանելով ընդհանուր գծերը, ճիշտ կլիներ: Կարելի էր առանձին մասերի բաժանել ու առանձին մասերում պահպանել մեկ ոճը, բայց այդպես չէ հիմա: Բայց, իհարկե, առաջին հերթին կուզեի փոխել մարդկանց վերաբերմունքը քաղաքի նկատմամբ. քաղաքը պետք է սիրել, Երևանը սիրո պակաս ունի»:

- Ըստ Ձեզ՝ Երևանն ունի՞ դեմք. ինչպիսի՞ն է այն: Ի՞նչ կարելի է անել, ինչպե՞ս փոխել.

- Ո՛չ, չունի: Գաղափարները շատ են, շրջում ես քաղաքում ու անընդհատ գաղափարներ են ծնվում. մեր մասնագիտության մարդը չի կարող առանց դրանց:

- Ի՞նչ նորամուծություններ ես հանդիպել աշխարհում, որոնք կուզեիր տեսնել Երևանում:

- Նախևառաջ, կուզեի բնապահպանական ակցենտը լիներ Երևանում ամեն քայլափոխին. այն չկա կամ շատ հազվադեպ է:

Ո՞րն է Երևանի ամենասիրված վայրը հարցին Արմանը պատասխանեց.

- Գրիգոր Լուսավորչի եկեղեցին. այն համարձակ ճարտարապետական լուծում է, առանձնանում է խոշոր դետալներով, ինչ-որ տեղ ավարտուն չէ, մասամբ ասես «հում» լինի, պարզություն կա, քանդակներով հագեցած չէ, բայց դա ավելի է մեծացնում եկեղեցու գրավչությունը: Եկեղեցու դիրքը նույնպես լրացուցիչ շուք ու հանդիսավորություն է հաղորդում թե՛ հենց շինությանը, և թե՛ շրջակայքին:

Զրույցի ավարտին պարզեցինք, որ Արմանը յուրաքանչյուր շաբաթ-կիրակի մեկնում է Եղեգնաձոր՝ կարևոր առաքելությամբ: Հայ առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ սրբազանի հետ միասին նախաձեռնել են ճարտարապետության նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեցող շնորհալի երեխաների կրթության կազմակերպումը: Արմանն այժմ գծանկար, գծագրություն և կոմպոզիցիա է դասավանդում  20-25 պատանիների ու աղջիկների, ովքեր ցանկություն  են հայտնում դառնալ ճարտարապետ: Արդեն 4-րդ տարին է, ինչ խմբակը գործում է, այն իրականություն է դարձել «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում: Արմանը դժվարանում է նշել բուհ ընդունված իր աշակերտների քանակը՝ շատ են:   

Նա իր այս աշխատանքը չափազանց կարևոր է համարում, քանի որ Հայաստանը ճարտարապետների ու շինարարների երկիր է, և ցանկալի է, որ այդպիսի դասընթացներ կազմակերպվեն հանրապետության ողջ տարածքում:

Արմանը նշում է, որ առանց այս նախաձեռնության իր աշակերտների համար այս մասնագիտությունը կմնար երազանք, և ավելացնում. «Ես ինքս հեշտ ճանապարհ չեմ անցել և ուրախ եմ, որ աշակերտներիս համար սա իրագործելի է»: 

Խորհրդանշական մրցանակի հանձնման արարողության ժամանակ, վերհիշելով իր ուսանողին՝ Արամ Խաչատրյանին, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ջերմագին խոսքեր ասաց կյանքից անժամանակ հեռացած իր սաների մասին.

 

«Արամը յուրահատուկ ընդունակություններով և սկզբունքային անձ էր, անհատականություն: Դժվարանում եմ խոսել նրա մասին անցյալով, համարում եմ, որ այժմ էլ նա մեր կողքին է: Տպավորված եմ եղել նրա որոշումներից, տարբեր խնդիրները դնելու և դրանք հաղթահարելու կարողությունից: Նա երկար տարիներ աշխատեց «Զվարթնոց» օդանավակայանի համակարգում որպես ճարտարապետ, և կարելի է ասել, որ Ստեփանակերտի օդանավայականի նախագծումը նրա նախաձեռնությունն էր, և սա նույնպես դարձավ ճարտարապետների երկու սերունդի թիմային աշխատանքի հրաշալի արդյունք»:  Ավարտելով խոսքը՝ Բարսեղյանը կարևորեց Արամ Խաչատրյանի ընտանիքի՝ ճարտարապետի մասնագիտության ջատագովմանն ուղղված ջանքերը:

 

Արամ Խաչատրյանի եղբայրն իր հերթին նշեց, որ եղբոր հիշատակ վառ պահելու նպատակով վերականգնել է նրա հիմնադրած կազմակերպությունը՝ «Ակադա Ստուդիոն», արդեն կան ընթացող նախագծեր, և Արման Այվազյանին հրավիրում է աշխատանքի: 

 «Ճարտարապետ Արամ Խաչատրյան» հիմնադրամը ստեղծվել է 2016թ. տարի՝ ճարտարապետության ոլորտի տաղանդավոր երիտասարդներին օժանդակելու նպատակով: Հիմնադիրը «Ակադա Ստուդիո» ճարտարապետական կազմակերպության հիմնադիր Արամ Խաչատրյանի մայրն է՝ գրող Սուսաննա Դարբինյանը:

Այս տարի հուլիսի 15-ին Օշական գյուղում կանցկացվի հիմնադրամի կողմից  կազմակերպված ևս մեկ հետաքրքիր նախաձեռնություն՝ «Ասմունքի փառատոն», որին մասնակցելու են մայրաքաղաքից և շրջաններից ժամանած դպրոցականներ: Նախատեսված է այցելություն Օշականի եկեղեցի, թանգարան, ինչպես նաև հետաքրքիր ժամանց երեխաների համար:   

 

Այս թեմայով