25 Մարտ 2016, 21:02
3021 |

Նոր ստարտափեր` նոր մոտեցմամբ. Նուբար Աֆեյան

«Մեկ հաջողակ ընկերություն ղեկավարելն արդեն իսկ լավ է, իսկ ինչպես նկարագրել այն մարդու հաջողությունները, որ հիմնել է նման 38 ընկերություն»,- գրում է Forbes-ը` նշելով, որ ամերիկահայ Նուբար Աֆեյանի հաջողության գրավականն իր իսկ  մշակած նոր մոտեցումներն են բիզնեսին:   Նա տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ է, իսկ բիոտեխնիկայի ասպարեզում 100-ից ավելի գյուտ է պատենտավորել:

Նուբար Աֆեյանը ծնվել է հայկական ընտանիքում 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1983 թվականին ավարտել է Մաքգիլ համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետը, 1987 թվականին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը` ստանալով կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում։

 

24 տարեկանում Նուբար Աֆեյանը որոշում է հիմնել իր առաջին ընկերությունը: Այնուհետև 10 տարի շարունակ Աֆեյանը ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար 2-րդ ամենահաջողակ ընկերությունը` PerSeptive Biosystems-ը: Այդ տարիների ընթացքում հայազգի գործարարը հասցրել է ևս 5 ընկերություն հիմնել:

1999-ին Նուբարը, վերլուծելով ստարտափերի իր փորձը, մշակել է դրանց ստեղծման մեթոդն ու հիմնել Flagship Ventures ընկերությունը, որն իր VentureLabs բաժնի օգնությամբ նոր ընկերություններ է հիմնում և կողմնակի ներդրումներ անում ստարտափերում: VentureLabs-ում Աֆեյանը զբաղեցնում է գլխավոր գործադիր տնօրենի և գործընկեր կառավարչի պաշտոնը: Այս ընկերության շնորհիվ նա արդեն տասնյակ ստարտափեր է հիմնել, հիմնականում բնական գիտությունների և կայուն զարգացման ոլորտներում:

Նուբար Աֆեյանի ամենահաջող ստարտափերից մեկը Moderna Therapeutics ընկերությունն է: 2009-ին հիմնադրված ընկերությունը, որտեղ 300 մարդ է աշխատում, գնահատվում է $3 մլրդ:

Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը։ Նա Applera-ի գլխավոր փոխնախագահն է, տնօրենը, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերութան ստեղծումը։ Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է։  

Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել է «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։

 

Այս թեմայով