01 Մարտ 2016, 20:14
2936 |

Հյուրանոցային բիզնեսի հայ հանճարը. Մարկ Հոպլամազյան

Ազգությամբ հայ ամերիկացի գործարար Մարկ Հոպլամազյանն 2006-ի նոյեմբերից ղեկավարում է աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկը՝ Hyatt Hotels Corporation-ը, որը 627 հյուրանոց ունի աշխարհի 5 մայրցամաքի 52 երկրում, և թիվն անընդհատ աճում է։ Հոպլամազյանը ընկերություն եկավ, երբ մոլեգնում էր միջազգային ֆինանսական ճգնաժամը: Սակայն նրան հաջողվեց հաղթահարել դժվարություններն ու ճգնաժամից դուրս գալ անգամ ավելի լավ վիճակում, քան կար մինչև դրա սկսվելը: Նա վստահ է, որ ռազմավարությունը ծագում է աճի արդյունքում և դեմ է բիզնես պլաններում «աճի ռազմավարություն» տերմինի կրրառմանը: Հոպլամազյանի օրոք կորպորացիան բացեց 200-ից ավելի նոր հյուրանոց, այդ թվում` 2013 թվականին Երևանում:

Իսկ ինչպե՞ս է նա հաջողության հասել: Հարվարդի համալսարանում ու Չիկագոյի համալսարանի բիզնեսի դպրոցում ուսանելուց հետո Հոպլամազյանը սկսել է իր ուղին բիզնեսում, շատ արագ նկատվել ու առաջ գնացել աշխատասիրության և հստակ սկզբունքների շնորհիվ.

 1. Մի դադարեք սովորել. «Երբ ես նոր էի եկել Hyatt, առաջին 1,5 տարին աշխատելուն զուգահեռ անդադար սովորում էի: Անընդհատ բոլորին հարցեր էի տալիս` սա ինչ է, սա ինչպես է, սա ինչի համար է: Ինձ չէր կաշկանդում այն, որ ստորադասներս ինձանից շատ գիտեին»: 

2. Խնդիրներին փորձեք նայել մի քանի տեսանկյունից. «Լավագույն գաղափարները, որ ես փորձել եմ իրագործել Hyatt-ում, քաղել եմ այլ բիզնեսներից: Դա շատ լավ խթան է, և հուսով եմ, որ մեր մյուս աշխատակիցներին էլ է դրդում առաջադրված խնդիրներին նայել այլ տեսանկյունից, դուրս գալ հյուրանոցային բիզնեսում ընդունված սահմաններից: Երբ ես ստանձնեցի հյուրանոցային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը, առաջին հերթին գնացի այլ բիզնեսներում մասնագիտացած մարդկանց` սրճարանների, ավտովարձույթի, կարուձևի սրահների ղեկավարների հետ խորհրդակցելու: Յուրաքանչյուրի հետ տարբեր խնդիրներ էի քննարկում, և փորձում ոչ ստանդարտ լուծում տալ»:

3. Լսեք. «Լիդեր լինելու համար ամենաանհրաժեշտ հմտություններից մեկը լսել կարողանալն է»:

4. Գործակցության նոր ուղիներ որոնեք. «Օրինակ` ԱՄՆ-ում հյուրանոցային բիզնեսը գործակցում է Կառավարության հետ` տեսարժան վայրերը գովազդելով` փորձելով ավելացնել երկրի գրավչությունն օտար զբոսաշրջիկների համար: Ի վերջո զբոսաշրջիկների մեծ հոսքը 2 կոմին էլ ձեռնտու է»:

5. Առաջնորդվեք ժողովրդավարական սկզբունքներով. «Մարդկանց ինչ-որ բան անել ստիպող ղեկավարների ժամանակաշրջանը վաղուց անցել է: Այժմ բիզնեսում էլ են հարաբերությունները ժողովրդավարական դարձել: Նոր սերնդին չեն հետաքրքրում ստանդարտներն ու կոչումները: Նրանց հետաքրքրում են գաղափարները: Նրանք փորձում են հասկանալ` ինչպես կարող են ներգրավվել գործընթացներում և դրանց մի մասնիկը դառնալ: Եթե չես կարողանում մարդկանց գրավել ու կարողանալ ճիշտ երկխոսության մեջ մտնել, արագ կորցնում ես լավագույններին»:

6.  Երբեք մի բացառեք ձախողումները. «Բաց եղեք ձախողման հնարավորության համար: Սովորեք սովորել ձախողումներից: Փորձեք ընդլայնել մարդկանց աշխարհայացքը»:

Այս թեմայով