19 Մարտ 2013, 14:15
2101 |

Վին Չունի հայկական դպրոցն աշխարհի լավագույններից է

Ձեռքեր ջարդեր, կոկորդ պոկել, աչքեր հանել, վիզ ոլորել՝ հակառակորդին էն աշխարհ ուղարկելու այս բոլոր արագ ու անցավ մեթոդներին տիրապետում են վին չունի (ՎՉ) վարպետները: Բայց իմանալ դեռ չի նշանակում կիրառել: Սա քունգ ֆույի մարտական համակարգերից մեկն է, որն առաջացել է մոտ 300 տարի առաջ: «Վին չուն» չինարեն բառացի նշանակում է «գարնան պես գեղեցիկ» կամ «գարնանային երգ»: Բայց յուրաքանչյուրին չի տրվում այս մարտարվեստն ուսումնասիրելու հնարավորությունը. այն պահանջում է արժանի աշակերտներ: Վին չունի հայկական ֆեդերացիան հիմնվել է 2002-ին: Վերջերս էլ 30 երկրում ներկայացուցչություն ունեցող Վին չունի պրոֆեսիոնալ եվրոպական կազմակերպության (EWTO) ղեկավար, գրանդ-վարպետ Քեյթ Ռ. Քեռնսփեխթը հայկական դպրոցն անվանեց աշխարհի լավագույններից մեկը:

Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Ավագյանի աշակերտ Հովհաննես Մուշեղյանը EWTO-ի 3-րդ աստիճանի աշխարհում առաջին ու ամենաերիտասարդ ուսուցիչն է: Այդ կոչմանը նա արժանացել է 20 տարեկանում: Էլեն Սրապյանն էլ առաջինն էր, ով 15 տարեկանում ստացավ 1-ին աստիճան: Նրանց անունները գրված են Հայդելբերգում՝ EWTO-ին պատերին: Եվ սա այն դեպքում, երբ վին չունը համարվում է աշխարհի առաջատար մարտարվեստներից մեկը, որով զբաղվում է շուրջ 6 միլիոն մարդ: Ուսուցիչ Սուրեն Ավագյանը վարպետության 5-րդ աստիճանի հասած առաջին հայն է: Այդ պատճառով էլ այսօր հայկական վին չունը չինականի ու վիետնամականի դասին է պատկանում ու համաշխարհային բրենդ համարվում:

- Գոյություն ունի, օրինակ, հոնգկոնգյան վին չուն՝ կոշտ, առնական, վիետնամական՝ ավելի մեղմ, կանացի: Կա նաև հայկականը, որը պարունակում է որոշ տարրեր բոլոր ուղղություններից: Մենք փորձեցինք դրանք բոլորը միավորել, ու կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց՝ հաշվի առնելով, որ մեր դպրոցը ճանաչվեց աշխարհի ուժեղագույններից մեկը, - պատմում է Սուրեն Ավագյանը:

Մյուս մարտարվեստներից վին չունը տարբերվում է նրանով, որ մարդիկ դրանով սկսում են զբաղվել սովորաբար երեսուն տարեկանից հետո, երբ կյանքի ճանապարհի որոշ հատվածն արդեն անցած են լինում: Սահմանափակումներ՝ ֆիզիկական, տարիքային, քաշային, չկան, բայց, այնուամենայնիվ, ամեն մարդ չի կարող վին չունով զբաղվել:

- Վին չուն սովորելու համար առաջին հերթին պետք է այնպիսի մարդ լինել, որպեսզի ուսուցչիդ մոտ քեզ վարժեցնելու ցանկություն առաջանա: Երկրորդը՝ պետք է կարողանալ, իսկ դա ոչ մեկից կախված չէ. Վին չունն ինքն է ընտրում: Եվ երրորդը՝ պետք է հասնել այն բարձրագույն աստիճանին, երբ կողքիններդ ուզենան քեզնից սովորել: Վին չունի դպրոցը աշակերտներ չի փնտրում, քանզի ճշմարտությունը փնտրողն ինքն է գտնում դպրոցի ճամփան: Ով չի փնտրում, չի գտնում, իսկ եթե փնտրում է ու չի գտնում, ուրեմն վիճակված չէր: Վին չունը կյանքի ու մահվան, ներդաշնակության ու կատարելության, ճշմարտությունը ճանաչելու ճանապարհն է: Սուրեն Վահեևիչի դպրոցը փակ է՝ չի ընդունում աշակերտներ: Բայց սովորողներից յուրաքանչյուրը, հասնելով աշակերտական 3-րդ աստիճանին, մեկ հոգի հրավիրելու իրավունք է ստանում: Հայկական վին չունն ունի 6 աշակերտական, 2 ուսուցչական ու 1 վարպետական աստիճան: Դպրոցն ավարտելու համար պետք է հասնել 6-րդ աշակերտական աստիճանին: Վին չունի հայկական դպրոցի ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ մարդ է այն ավարտել՝ Հովհաննես Մուշեղյանը: Բայց EWTO-ի աստիճանների համակարգը տարբերվում է հայկականից. նրանք 12 աշակերտական ու 12 վարպետական աստիճան ունեն: Վարպետականներն էլ իրենց հերթին բաժանվում են ուսուցչական, վարպետական ու գրանդ-վարպետականների:

- Երեխա ժամանակ հիանում էի Ջեկի Չանով՝ կուռքս էր: 14 տարեկանում եկա Վին չունի դպրոց ու ավարտեցի 2,5 տարի հետո, - պատմում է Հովհաննեսը: Դրանից առաջ այլ սպորտաձևեր էլ էի պարապել՝ ձեռնամարտ, մարմնամարզություն, բայց միայն այստեղ գտա այն, ինչ փնտրում էի՝ ազատություն: Վին չունը շատ բան է սովորեցնում՝ համբերություն, կենտրոնանալու ունակություն՝ ուշադրություն չդարձնելով շուրջդ տեղի ունեցողին: Տիրապետածս տեխնիկան էլ չեմ ասում:
Դուրս գալիս է նաև, որ մենք չունենք մրցումներ: Ինչի՞ համար մրցել: Որ ապացուցեմ, որ ուժե՞ղ եմ: Հա՛, կապացուցեմ մեկ անգամ, երկու, երեք, էլի՝ հետո՞: Մենք պարապմունքների ժամանակ մարտեր ենք կազմակերպում, որտեղ կռվում ենք իսկականից: Բայց Վին չունը ինքնահաստատվելու համար չէ: Ավելին՝ Վին չունով զբաղվողի մեջ չպետք է չարություն լինի: Երևի սրա պատճառով է, որ այստեղ գալիս են շատերը, բայց մնում՝ քչերը:

Հայաստանում չկան Վին չունի մրցումներ. այստեղ ուղղակի սովորում են մարտարվեստը, նոր գիտելիք ու ունակություններ ձեռք բերում: Դրա համար էլ հակառակորդին սպանելու կարիք չի լինում: Պարապմունքների համար սահմանված ժամանակ էլ չկա. տղաները պարապում են այնքան, ինչքան կարող են:

Պարապմունքների մեթոդաբանությունը պարզ է: Ես դիտում էի, թե ինչպես էին մարտիկները զույգ-զույգ կատարում չի սաո՝«կպչուն ձեռքեր» շարքից վարժություններ: Սկզբում կռվում էին բաց, հետո կատարում նույն վարժությունը փակ աչքերով: Բայց աչքերը միաժամանակ չէին փակում: Սկզբում մարտիկներից միայն մեկն էր փակ աչքերով, հետո նոր՝ երկուսը: Ինձ դանակների տեխնիկան էլ ցույց տվեցին:

Շունչդ կտրվում է, երբ դիտում ես տասը վայրկյանանոց կամ նույնիսկ ավելի կարճ մարտեր: Առաջին հերթին ապշում ես շարժումների անհավանական արագությունից՝ վայրկյանում ավելի քան 10 հարված: Երկրորդը՝ անհանգստանում ես իրար հետևից կոշտությամբ գետնին շպրտվող մարտիկների ոսկորների համար: Առանձնակի տպավորվում ես ծնկներով ու արմունկներով հասցվող ավարտական հարվածներից, որոնցով ասես պարտվողի վերջն են տալիս: Հովհաննեսը խոստովանում է, որ սա հատուկ տեխնիկա է, որի միջոցով ուղղակի նմանակվում են ուժեղ հարվածները. իրականում դրանք անցավ են: Չգիտեմ՝ նրանց համար անցավ է, թե ոչ, բայց պարապմունքի վերջում իմ կերած պատահական հարվածը հազիվ թե կարողանամ փափուկ անվանել. այն ջախջախիչ ուժ ուներ:

 

Այս թեմայով