21 Մարտ 2015, 01:24
2027 |

Ուշադրությու՛ն, զորամաս են մտնում ուրախության ավտոբուսները

Պատմություն սահմանային զորամասի, մի քանի ժամ ուրախության ու զինվորական կյանքից շեղված օրվա մասին:

Շաբաթ-կիրակիները զինվորների համար հանգստյան օրեր են: Ավելի շատ ազատ ժամանակ, սպորտային միջոցառումներ, խաղեր ու ժամանց: Երկուշաբթիից ուրբաթ ամեն զինվոր սպասում է հենց այդ երկու օրվան: Ամիսների ընթացքում հանգստյան օրերի բովանդակությունը քիչ է փոխվում: Հայաստանի հյուսիսարեւելյան զորամասերից մեկը ամեն րոպե լարված հերթապահություն է իրականացնում սահմանային ամենալարված կետերից մեկում:

«Մայր Մանե» սոցիալական-հասարակական կազմակերպությունը որոշեց խախտել հանգստյան օրերից մեկի կարգացուցակը: Ուրախություն բերող երկու ավտոբուսները զորամաս մտան առանց աղմուկ, հեռացան՝ զինվորներին բարձր տրամադրություն ու ժպիտ պարգեւած: «Գարունը զորամասում» խորագրով համերգը զորամասի ակումբում հավաքեց սահմանը օրուգիշեր հսկող զինվորներին:


«Լեռնապար» համույթը լավ պատրաստվել էր խորհրդանշական համերգին: Գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը թեպետ ներկա չէր համերգին, բայց սաներին հորդորել էր մի լավ ուրախացնել զինվորներին: Պարողները միաձայն պնդեցին՝ ինչ բեմում էլ հանդես գանք, ինչ հանդիսատեսի առաջ էլ պարենք, միեւնույն է՝ ամենից թանկ ու արժեքավոր ծափահարությունները զորամասերում ենք լսում:


Արմա Գալոյանը 7-րդ դասարանի աշակերտուհի է: Փոքրիկ երգչուհին երբեք բաց չէր թողել հնարավորությունը, մի քանի հայրենասիրական, նաեւ էստրադային երգ էր պատրաստել ու եկել զորամաս:

Երգիչ Գևորգ Հաճյանը նույնպես ռազմական ու հայրենասիրական երգերի մեծ ցանկ էր պատրաստել: Սահմանին կանգնող զինվորը, նրա խոսքով, զորակցություն պիտի զգա:


Երիտասարդ երգիչ Հովիկ Սարդարյանը նույնպես ուրախ էր ժպիտ պարգևել հայ զինվորին։


Համերգի ավարտին «Լեռնապար» համույթը յարխուշտա էր պարելու: Զորամասի նվագախումբն անջատեց պարեղանակի ձայնագրությունը, բարձրացավ բեմ ու կենդանի երաժշտությամբ տվեց ռազմապարի մեկնարկը: Լեռնապարցիները նման անակնկալի չէին սպասում: 

Զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը հյուրերի ժամանման մասին նախօրոք գիտեր: Համերգի մասին զինվորներին ոչինչ չէր ասել: Շատերը մարտական հերթապահությունից նոր են վերադարձել, թող անակնկալ լինի:

Երբ համերգն ավարտվել էր, զորամասի հրամանատարի տեղակալը հյուրերին խնդրեց զբաղեցնել հանդիսականների աթոռները: «Մեր զորամասը լավության տակ մնացողներից չի, ծառայողների մեջ տաղանդավորներ շատ կան, մեծ նվագախումբ ունենք, որ ձեզ հաստատ կզարմացնի»,-վստահաբար ասաց նա: Եվ իսկապես՝ նվագախումբը սիրողական էր, կատարումները պրոֆեսիոնալ:


Հրամանատարները համերգի մասնակիցներին ուղեկցեցին զինվորական ճաշարան: «Խորոված-խաշլամա չունենք,- համեստորեն ասաց զորամասի հրամանատարը,- բայց ամեն ինչ շատ համեղ է, ոչ ոք դեռ լուրջ դժգոհություն չի ներկայացրել սննդից: Զինվորների հետ անպայման պետք է ճաշեք»:




«Գոհար» երգչախմբի մեներգչուհի Էլյա Թաշչյանը սովոր է մեծ բեմերում ու հազարավոր հանդիսատեսի առաջ հանդես գալ: Այս դեպքում լսարանը մեծ չէր, բայց տպավորությունները` ոչ պակաս հսկայական դահլիճներից ստացածներից։

Այս թեմայով