29 Հունվար 2015, 21:16
7727 |

Ճանապարհորդություն դեպի գոյություն չունեցող երկիր

Լեոնարդո դա Վինչին մնաց պատմության մեջ որպես Վերածննդի դարաշրջանի խորհրդանիշ: Նա անվերջ ստեղծագործում էր, քանի որ չէր ուզում ապրել կարծրատիպերին կուլ գնացած աշխարհում: Մարդկությունը նրա հայտնագործություններից շատերին հասավ միայն դարեր անց: Հետաքրքիր է, որ որոշ գիտնականներ Լեոնարդոյի վառ երևակայությանն են վերագրում նաև Կիլիկիայի Կալինդրա քաղաք կատարած ճանապարհորդության մասին իր հիշողությունները: Ամեն դեպքում Լեոնարդոն նշում է «հայկական նամակներում» իր այցի ստույգ վայրը. «Արմենիայի այդ մասում գտնվելիս…»: Դե հիմա թող գիտակները, եթե ուզում են, վիճեն՝ դա Վինչին եղել է Հայաստանում, թե ոչ…

Փորձի աշակերտը
Լեոնարդոն եթե ուզենար ծպտված հայտնվել հայկական հողի վրա, կարող էր դա անել հազար ու մի ձևով: Էլ ո՞վ կարող էր ուզածը գաղտնի պահել, եթե ոչ Ջակոնդայի հեղինակը: Սիրային կապից անօրինաբար ծնված որդին, ում մեծահոգաբար ընդունել էր հոր ընտանիքը, մեծացավ ու դարձավ նույնքան խելամիտ, որքան զգուշավոր:

Տարիների ընթացքում նրա զգուշավորությունը վերածվեց ծածկամտության. չնայած Լեոնարդոյից հետո մնացած հազարավոր վավերագրական վկայություններին՝ նրա կյանքի մասին կան շատ քիչ տվյալներ: Նրան նույնիսկ ժամանակակիցները քիչ գիտեին: Ի շարս այլոց՝ չէին հասկանում նաև նրա կենսակերպը. վարպետը չէր ուտում միս, ժամը մեկ քնում էր տասնհինգ րոպե՝ արհամարհելով գիշերվա քունը: Omo sanza lettere - «անտառաճանաչ» Լեոնարդոն, ինչպես ինքն էր իրեն անվանում (ապօրինի երեխաները չունեին համալսարանում սովորելու իրավունք), հանճարեղորեն գաղտնագրում էր իր նշումները:

Մարդկությունը միայն «հասունացմանը» զուգահեռ պետք է ըմբռներ նրա գաղափարները, որոնցից էր սուզանավի կառուցումը ջրասույզների համար ստույգ հրահանգներով: Բացի դրանից, գրում էր միայն ձախ ձեռքով, աջից ձախ ու հայելային արտացոլմամբ. դա Վինչիի ձեռագրերը կարդում են հայելիով: Այս շարքից է նաև «Հայկական նամակները» պարունակող Codex Atlanticus-ը՝ «Ատլանտյան կոդեքսը»:

Փաստարկ հօգուտ նրանց, ովքեր պնդում են, որ Լեոնարդոն եղել է Հայաստանում
Նա չէր վստահում այլոց փորձին, ամեն ինչին անձամբ էր հասնում ու հպարտ ստորագրում Leonardo Vinci dissepolo della sperientia («Լեոնարդո դա Վինչի՝ փորձի աշակերտ»):

Photo by Mario Taddei, www.mariotaddei.net
Photo by Mario Taddei, www.mariotaddei.net

Բաբելոնյան սուլթանի ծառայողը
«Գիշերվա վերջին արևը սկսում է լուսավորել լեռները». այսպես է Լեոնարդոն բնութագրում Տավրոսը՝ համեմատելով այն գիսաստղի հետ: Երբ արևի և լեռների միջև հայտնվում են ամպեր, առաջանում է լույսի ու ստվերի զարմանահրաշ խաղ. Տավրոսը «տրոհվում է երկու, երեք մասի՝ երկարելով կամ կարճանալով»: Բարձունքի ճանապարհի կեսին «օդը դառնում է այրող, այստեղ երբեք չի փչում քամի: Այստեղ երկար գոյատևել կարող են միայն գիշատիչ թռչունները, որոնք ապրում են Տավրոսի բարձրաբերձ ծերպերում: Այստեղ միայն շլացուցիչ սպիտակ ժայռեր են»: Լեոնարդոյի խոսքերը զուգակցվում են ժամանակից դեղնած մագաղաթի վրա արված էսքիզներով: Հեղինակը չի սահմանափակվում միայն նկարագրությամբ. նա «Արևմտյան Հայաստանի ստորին հատվածում էր», երբ տեղի ունեցավ սարսափելի ջրհեղեղ «Տավրոսում առաջացած ճեղքվածքի պատճառով»:

«Մեր գլխին տասը ժամ անընդմեջ փորձանք էր գալիս: Սկզբում մեզ դաղեցին ու ծեծեցին մրրկահողմերը, հետո հովտում բարձրացավ սաստիկ ձնաբուք, որն ավիրեց քաղաքի մեծ մասը, ներքևի մասն էլ ջուրը հեղեղեց: Հանկարծ սկսվեց հորդառատ անձրև և գահավեժ ջրերի հզոր հոսանքն իր մեջ առավ ավազ, ցեխ, քարեր, արմատախիլ ծառերի արմատներ, ճյուղեր ու տարավ իր հետ: Հետո սկսվեց մեծ հրդեհ, բայց պատճառը միայն քամիները չէին. իրենց սև գործն էին արել 30 000-ի հասնող ավազակները, ովքեր թալանել էին երկիրն ու շարունակում էին այն ավիրել («Հայկական նամակներ», Codex Atlanticus): Լեոնարդոն առաջարկում է տարբերակ ջրհեղեղի խնդիրը լուծելու համար՝ «գտնել ջրի համար ելք Տավրոսի լեռների միջով»: Միևնույն ժամանակ խնդրում է «Բաբելոնյան սրբազան սուլթանի տեղակալ Սիրիայի դավադարին», ում ուղղված է «Հայկական նամակներից» մեկը, չզայրանալ հետաձգումից: Նա պարտավոր էր ուղեկցել սուլթանին, ով 1477-ին ստուգում էր Տիգրիսի և Եփրատի հովտում բոլոր ամրոցների վիճակը, սակայն չկարողացավ դա անել, քանի որ զբաղված էր ավերածությունների պատճառի ուսումնասիրմամբ ու նկարագրմամբ:

Փաստարկ հոգուտ նրանց, ովքեր պնդում են, որ Լեոնարդոն եղել է Հայաստանում
Փաստաթղթերն ապացուցում են, որ նա եղել է Ֆլորենցիայում 1472, 1475, 1478 ու 1481 թվականներին, Միլանում՝ 1483-ին ու 1487-ին: «Հայկական նամակների» շնորհիվ հնարավոր եղավ պարզել, թե նա ինչ էր արել այն ժամանակահատվածներում, որոնց մասին չկային տվյալներ. Լեոնարդոն եգիպտոսի սուլթան Քայիթ բեյ Բաբելոնցու ճարտարագետն էր:

Գմբեթ քառակուսու վրա
Լեոնարդո դա Վինչին դեռ Ֆլորենցիայում էր հիանում քառակուսու վրա գմբեթ կառուցած ազգի վարպետությամբ: «Իտալիային բախտ վիճակվեց երկրորդ անգամ Եվրոպային ծանոթացնել արևելաարիական գմբեթի հետ: Վերածնունդն ընդունեց հայկական պարզ գմբեթի էական առավելությունը և երկար ժամանակ հատուկ տեղ հատկացրեց դրան եվրոպական ճարտարապետության մեջ»: Այսպես 20-րդ դարի սկզբին կգրի ավստրիացի արվեստի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկին: Լեոնարդոն առաջինն էր գմբեթային կառույցների այս ձևն օգտագործած եվրոպացիներից. սա ցույց են տալիս «դեպի Հայաստան ճանապարհորդության» ընթացքում նրա արած ճեպանկարները: Ի դեպ՝ այն ժամանակ Կիլիկիայի հայկական թագավորությունն արդեն չկար. 1375-ի ապրիլին Եգիպտոսի մամլուքները ներխուժեցին Կիլիկիայի Սիս մայրաքաղաքը, 1424-ին էլ Եգիպտոսի սուլթանի զորքերն ամբողջովին տիրեցին երկրին: Սակայն դա Վինչին իր այցելության վայրը շարունակում է համառորեն անվանել Արմենիա:

Փաստարկ հօգուտ նրանց, ովքեր պնդում են, որ Լեոնարդոն եղել է Հայաստանում
Լեոնարդոն վաղ հասակից երկար ժամանակ էր անցկացնում Ֆլորենցիայի Սան Մինիատո բազիլիկայի բակում: Բազիլիկայի գլխավոր զոհարանի վերևում փայլում էր San Miniatio Rex Ermenie գրությունը: Այնտեղ կլանված լսում էր երկարամորուս հոգևորականների պատմությունները հայի մասին, ով 250 թվականին քրիստոնեություն քարոզելու համար նահատակվել էր Տոսկանայում:

Կարճատև խելագարություն
Ի՞նչը դրդեց պատվերների պակաս չունեցող dipintore-ին՝ գեղանկարչին, Ֆլորենցիայի Compagnia di San Luca եղբայրության՝ նկարիչների հովանավոր սուրբ Ղուկասի միության անդամին գնալ Հայաստան: 1476-ի ապրիլին առյուծի մռութի տեսքով մատնությունների արկղում, որոնք տեղադրված էին իտալական եկեղեցիներում, հայտնվեց բարքերի մաքրությամբ անհանգստացած անանուն մեկի տեղեկացումը, որտեղ մեղադրվում էր ոսկերիչ Յակոպո Սալտարելլիի տասնյոթամյա աշակերտը: Վերջինս, ըստ մեղադրանքի, սեռական ծառայություններ էր մատուցում «տասնյակ տղամարդկանց», որոնց շարքում էր նաև Լեոնարդո դա Վինչին: Լեոնարդոն, ով իր տաղանդով ու վարքով արդեն շփոթեցնում էր ֆլորենցիացիներին, ձերբակալվեց ու մեղադրվեց արվամոլության մեջ: Ֆլորենցիայի հանրապետությունում նման արարքը պատժվում էր տուգանքով, անարգանքի սյունով, խարանումով, աքսորով, որոշ դեպքերում՝ հրկիզմամբ: Նույն տարվա հունիսին նա և ևս երեք տղամարդ արդարացվեցին, սակայն այս պատմությունը շատ ազդեց երիտասարդ նկարչի վրա: Ավելին՝ աղմկոտ իրադարձությունը փոխեց իշխան Լորենցո Մեդիչիի (Շքեղի) վերաբերմունքն իր հանդեպ. Լեոնարդոն միակն էր Ֆլորենցիայի բոլոր նշանավորներ նկարիչներից, ով զրկվեց պետության առաջնորդի հովանավորությունից: «Ցասումը կարճատև խելագարություն է», - եզրակացրեց դա Վինչին՝ համակվելով նախկինում հարազատ քաղաքի ճնշող մթնոլորտից ազատվելու ուժեղ ցանկությամբ: Շուտով «Ատլանտյան կոդեքսի» հինգ էջերում հայտնվեց Լեոնարդոյի առաջին հայտնագործություններից մեկի՝ «ներսից զնդանները բացելու մեքենայի» պատկերը:

Փաստարկ հօգուտ նրանց, ովքեր պնդում են, որ Լեոնարդոն եղել է Հայաստանում
Ֆլորենցիայից Փոքր Ասիայի ափեր տանող ճանապարհը մեկ ամսից ավելի չէր տևում: Կիլիկիա կարելի էր հասնել կանոնավոր երթեր իրականացնող նավերից մեկով: Մշտական կապ հաստատվեց, երբ Ֆլորենցիայի հանրապետությունը տիրեց Պիզային ու Լիվորնոյում գնեց նավահանգիստ: Սա հեշտացրեց նաև Եվրոպա արևելյան ապրանք՝ մետաքս, համեմունք, զարդեր ներմուծող հայ առևտրականների գործունեությունը…

Terra Armena
Լեոնարդոն գեղանկարչություն սովորել էր այդ տարիների լավագույն նկարիչ ու թերևս նաև լավագույն ուսուցիչ Անդրեա Վերոկյոյի արվեստանոցում: Վերոկյոյի բոտեգան (bottega - «կրպակ, գեղանկարչական արվեստանոց») Գիբելինա փողոցում էր, որի մերձակայքում ցայսօր պահպանված դեի Գրեչի փողոցում արևելյան արհեստավորների՝ հույների ու Կիլիկիայի հայերի կրպակներն էին:

Փաստարկ հօգուտ նրանց, ովքեր պնդում են, որ Լեոնարդոն եղել է Հայաստանում
«Գեղարվեստի մասին շարադրության» մեջ Լեոնարդոն հիշատակում է Terra Armena-ն: Նրանից բացի ոչ մի նկարիչ չի օգտագործել այս մուգ դեղին ներկը: Միգուցե հայկական հողի գույնի ներկը դա Վինչին բերել էր Արմենիայից…

***
Լեոնարդոյի գրառումները ցույց են տալիս, որ նա այնտեղ մտադիր էր գրել փորձանք ու ավերածություններ գուշակող ինչ-որ մարգարեի մասին, ում հայերը սկզբում ուղարկել էին զնդան, բայց հետո ազատել՝ տեսնելով, որ մարգարեություններն իրականանում են:

Հայտնի չէ՝ այս աշխատությունը գրվել է, թե ոչ: Միգուցե մի օր մի տեղից հայտնվի Լեոնարդոյի հայաստանյան տպավորությունների մասին ձեռագիրը՝ գոյություն չունեցող երկիր կատարած ուղևորության նկարագրությամբ: Չէ՞ որ մեծ վարպետն ինքն էլ վստահ էր՝ «գաղտնիքը երկար թաքցնել անհնար է. մարդկանց խոսքը ջրի հոսք է, ամեն ինչ նետում է ափ»:

«Ереван» ամսագիրN12, 2009

Այս թեմայով