Ամսագիր Դեկտեմբեր 2012 «Կոպեկանոց» չգնա՞նք

25 Դեկտեմբեր 2012, 18:18
1903 |

«Կոպեկանոց» չգնա՞նք

Արձակագիր Գուրգեն Խանջյանը խոսում է այն մասին, թե ինչու «Կոպեկանոցի» ու հին երևանյան մյուս սրճարանների վերացման հետ շատ բան կորավ քաղաքից:

Երևանը հեռացող քաղաք է, նա սրընթաց հեռանում է, գալիս է թախիծը, կարոտախտը: Ես, պատահում է, երևակայությամբ դարձնում եմ, կոլաժում, մոնտաժում եմ իմ քաղաքի ժամանակը՝ փողոցներ, այգիներ, խանութներ, սրճարաններ, մարդիկ, հարաբերություն-ներ, շփումներ՝ կորստյան վախը մոռացության մշուշից դուրս է հանում նրանց, դնում թղթի վրա՝ ստեղծելով պատրանք, թե քաղաքը չի չքվում, մնում է:
«Սանասար, Բաղդասար», «Սկվազնյաչոկ», «Արաքս», «Պապլավոկ», «Անահիտ», «Դերասան», «Կազիրյոկ», «Արգիշտի», «Կոպեկանոց»՝ Քաղաքային սրճարաններ, որոնք տասնամյակներ շարունակ ունեցել են իրենց մշտայցելուները, քաղաքային ավանդույթ, կոլորիտ են ձևավորել, վերացան, մնացել է միայն «Կազիրյոկը» (տիկին Հռիփսիմեի համառ սիրո շնորհիվ), արագ վերացան, ասես դարանած ինչ-որ թշնամի վաղուց առիթի էր սպասում: Ավանդույթի մաս կազմող էլի շատ բաներ վերացան՝ կինոթատրոններ, խանութներ, պուրակներ, նրբանցքներ, բակեր, տրամվայներ, ցայտաղբյուրներ: Չենք սիրում մեր քաղաքային ավանդույթները, քաղաքային կոլորիտի նշանները, սրանից տրամաբանական եզրակացություն՝ չենք սիրում մեր քաղաքը, միայն շահագործում ենք: Երևանի նկատմամբ գերմեծ սիրո անդադար, տեղիանտեղի խոստովանությունները, բյուրավոր ոտանավորներն ու երգերը երևի թե ենթագիտակցորեն մեղք քավելու արտահայտություն են:
Հատկապես ցավալի էր «Կոպեկանոցի» (նաև ասում էին՝ «Նկարիչների կաֆե») կորուստը, ասես սրբատեղի լիներ, նրա մշտայցելուների անունները թվարկելն իսկ պատիվ է՝ Հրաչյա Ներսիսյան, Հովհաննես Շիրազ, Կոստան Զարյան, Երվանդ Քոչար, Սեյրան Խաթլամաջյան, Վրույր Գալստյան, Ռուբեն Ադալյան, Լևոն Ներսիսյան, Էդմոն Ավետյան, Սամվել Խանդիկյան, Ռուբեն Հովնաթան, Յուրա Բաբայան, Սիփան Շիրազ, Խորոզ, Ազատ Շերենց, Ֆրունզիկ Մկրտչյան՝ ահա այսպիսի սրճարան, որ տասնամյակներով այս մարդկանց ներկայության, նրանց հանդիպումների, խոսքուզրույցի, կատակների, բանավեճերի ասպարեզն էր, վերացվեց, փոխանակ նրանց պատկերներով ցուցատախտակներ փակցվեին: Վերացրին, վերածեցին ռեստորանի՝ «Էյֆելյան աշտարակ», չաշխատեց, հիմա փորձում են ուրիշ ինչ-որ բան անել, երևի էլի ռեստորան, ասենք՝ «Բաբելոնի աշտարակ», «Հոլիվուդ», «Մայամի բիչ», «Արբատ», «Սանսեթ», «Մալիբու», եսիմ էլի ինչ բու բու բու (չեմ պատկերացրել, թե այսքան օտարամոլ, այսքան սնոբ ենք, խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենն ու ռուսաստանյանը պարտադրվում էին, հիմա ո՞վ է պարտադրում):

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով