Ամսագիր Սեպտեմբեր 2013 100 տարվա կառուցապատում

28 Օգոստոս 2013, 12:22
70 |

100 տարվա կառուցապատում

Երևանն այսօր այն չէ, ինչ 15 տարի առաջ, իսկ 15 տարի առաջ այլևս այն չէր, ինչ կես դար առաջ: Մայրաքաղաքը շարունակ փոխում է իր դեմքը՝ կրելով ժամանակի քաղաքական, մշակութային փոփոխությունների, գաղափարախոսությունների ու մտածելակերպի դրոշմը: Թե ինչպիսին էր Երևանը անցյալ դարի սկզբին, ինչ Երևան ունենք այսօր և ինչպիսի Երևան կարող ենք ունենալ ապագայում, մտորում է ճարտարապետ Կարեն Բալյանը:

Հին Էրիվանը
«Երևանի այսօրվա ծավալատարածական, քաղաքաշինական և, առհասարակ, ճարտարապետական խնդիրները հասկանալու համար պետք է 100 տարով հետ գնանք»,— ասում է ճարտարապետ Կարեն Բալյանը: Ցարական Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող այն ժամանակ՝ դեռ Էրիվանը, անգամ մայրաքաղաքի կարգավիճակ չուներ: Քաղաքի մի շերտը նեղ, ծուռումուռ փողոցների ցանց էր, կավից ու մանր քարերով կառուցված ցածրիկ բնակելի տներով, ուր ապրում էին կովկասյան թաթարները (ովքեր իրենց հետո պետք է ադրբեջանցի կոչեին), մասամբ նաև՝ պարսիկները: Մյուս շերտը բաղկացած էր երկհարկ առանձնատներից ու հասարակական կառույցներից, որոնք առնչվում էին ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանին և պատկանում էին հայերին՝ քաղաքի վերնախավին: Այդպիսին էր Երևանի պատկերը, ուր 1919-ին եկավ wԹամանյանը: Տարիներ հետո ռուս լրագրողներից մեկը երևակայելի նկարագրություն է թողել, թե ինչպես է նշանավոր ճարտարապետը հայացքը հառում Երևանին՝ ասելով. «Այստեղ հանդիպել են վատ Եվրոպան և վատ Ասիան»:
Այն քաղաքը գրեթե ոչ մի առնչություն չունի այսօրվա Երևանի հետ: «Երբ Թամանյանը ձեռնամուխ եղավ Երևանի գլխավոր հատակագծի ստեղծմանը, մի կողմից նպատակ ուներ վերակենդանացնելու մեր ավանդույթները, մշակույթը, ազգային յուրօրինակ ճարտարապետությունը (Օպերայի շենքը, Կառավարության շենքը և այլն), մյուս կողմից՝ չէր արժևորում այն Երևանը, որն արդեն կար: Միայն եկեղեցիներն էին, որ ամեն կերպ փորձում էր պահպանել, թեև դա նրան չհաջողվեց. ըստ կոմունիստական գաղափարախոսության՝ քաղաքներում հնարավորինս վերացվում էին եկեղեցիները», — պարզաբանում է Բալյանը: Այս իմաստով՝ Երևանը դարձավ հնի և նորի միջև հակասությունների հարթակ:
Նոր Երևանը, Թամանյանի պատկերացմամբ, իդեալական քաղաք էր: Ու թեև Թամանյանի իդեալական քաղաքը երբևէ իրականություն չդարձավ, փոխարենը, Բալյանի խոսքով, նրան հաջողվեց հստակ ուրվագծել քաղաքի ուղղվածությունն ու բաց հորինվածքը դեպի Արարատ և մեր պատմական տարածքներ: «Նոր Երևանի ստեղծումը դարձավ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո ողջ հայության համար ազգային գաղափարի արտահայտում: Սևակի այն խոսքը, թե մեր ազգային գաղափարը անընդհատ շարժումն է դեպի Մասիս, իր նյութականացումը ստացավ նոր Երևանի ստեղծումով, որը մեր ժողովուրդն իրականացրեց կես դարի ընթացքում և որից նորագույն ժամանակներում, կարծես, հրաժարվել է: 20-րդ դարի երկու խոշոր հայրենադարձություններից հետո Երևանը յուրօրինակ Մեքքա դարձավ աշխարհով մեկ սփռված հայերի համար: Կարելի է նաև ասել, որ Արարատին նայող Երևանը դարձավ այն կետը, որից սկսվեց հայերի տուրիզմը Հայաստան», — ասում է ճարտարապետը:

Ստալինիզմ կամ հակաթամանյանականություն
«Թամանյանից հետո եկած ճարտարապետների սերունդը սկսեց գործել նրա դեմ, մայրաքաղաքի ազգային դիմագծի, ազգային ու համահայկական նշանակությանը հակառակ, — շարունակում է Բալյանը: — Ընդ որում, նրանք դա միանգամայն գիտակցաբար էին անում՝ ընդառաջ գնալով ստալինյան ճարտարապետության թելադրանքին, որի գաղափարախոսությամբ էլ համակված էին»: Քաղաքը ազգային հայեցակարգով էր զարգանում, մինչդեռ նոր ճարտարապետները, ինչպես նաև այդ շրջանի որոշ քանդակագործներ այս կամ այն կերպ մասնակիցը դարձան այդ հայեցակարգի մաս կազմող բոլոր կարևոր հանգույցների փոփոխման՝ սկսած հրապարակից, որից դեպի Արարատը բացվող տեսարանը նույնքան բաց և պարզ էր, որքան այսօր Կասկադից: Հակաազգային քաղաքաշինության շրջադարձային կետերից մեկը դարձավ Կենտկոմի (այսօրվա Ազգային ժողովի) շենքի կառուցումը 1950-ին: Այն ցուցադրաբար մեջքով շրջվեց դեպի Մասիսը: Նույն ժամանակահատվածում կանգնեցվեց Ստալինի արձանը, որին նայելու համար երևանցիները մեջքով էին շրջվում դեպի Արարատը: «Ստալինյան ճարտարապետությունը տոտալիտար էր՝ անպայման մոնումենտալ և անպայման դասականացված, զուրկ ազգային գաղափարից, ազգայինը ընդամենը ավանդական ձևերի օգտագործման մեջ էր, լայն իմաստով դա ապազգային ճարտարապետություն էր», — բնորոշում է ճարտարապետը:

68-ի աշնան Երևանը
Բայց ահա եկան 50-ականները, երբ հետպատերազմական իրադրության մեջ միլիոնավոր մարդկանց բնակավայրով ապահովելու խնդիր էր ծառացել, և ստալինյան ճարտարապետությունն այլևս միջոց և հնարավորություններ չուներ զարգանալու: «Այդ տոտալիտար, մոնումենտալ կառույցների հեղինակներից ոմանք, որ բարձր պրոֆեսիոնալիզմի ճարտարապետներ էին և ամենայն մանրամասնությամբ մշակում էին յուրաքանչյուր պատուհան, կամար, սյուն ու շքամուտք, այլևս չգիտեին՝ ինչ անել: Ստալինյան ճարտարապետությանը հաջորդեց այնպիսին, որը մինչ օրս էլ չի կորցրել իր արդիականությունն ու գրավչությունը: Խոսքը հայկական մոդեռնիստական ճարտարապետության մասին է, որն իր հատկանիշներով չզիջեց անգամ եվրոպական ճարտարապետությանը», — նշում է Բալյանը: Որոշ փորձառու վարպետներ, հատկապես նրանք, ովքեր ունեին նախապատերազմական արդիական կոնստրուկտիվիստական անցյալ, կարողացան հաղթահարել ստալինյան ճարտարապետության ծանր ու արմատացած կարծրատիպը: Նոր ոճի ստեղծման առաջին շարքերում կանգնեցին բազմաթիվ երիտասարդ ճարտարապետներ, ում փայլուն մտքի թռիչքն ու ստեղծարարությունը ծնունդ տվեցին երևանյան մոդեռնիստական ճարտարապետությանը: Հենց այդ ժամանակ ստեղծվեց այն Երևանը, որն այսօր անդարձ կորցնում ենք օր օրի, «68-ի աշնան Երևանը»:
Ճարտարապետը հիշում է, որ 1968-ին մայրաքաղաքը տոնում էր ծննդյան 2750-ամյակը: «Ես այդ ժամանակ դպրոցական էի և շատ լավ հիշում եմ, որ Աբովյան փողոցում մարդիկ դուրս էին եկել տներից և հյուրասիրում էին միմյանց: Երևանի բնակչությունը և բազմաթիվ հյուրերը միասնություն էին կազմում. քաղաքի տարածքը կարծես բեմահարթակ լիներ, որտեղ դերասաններն ու հանդիսատեսը խառնված էին միմյանց, ինչպես իրականն ու թատերականը: Այդ ամենը կարծես տարերային բնույթ ուներ, բայց և ուներ իր հմուտ ռեժիսուրան՝ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ», — պատմում է նա:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով