01 Դեկտեմբեր 2014, 19:04
3922 |

Տոնավաճառը, ճախարակներն ու կանայք

Տոներն արդեն սարերի հետևում չեն, իսկ Ամանորի և Սուրբ ծննդյան մոտալուտ գալստյան մասին ամենից վաղ սկսում են ազդարարել տոնավաճառները: Դեկտեմբերի 6-ին Երևանի միջազգային կանանց միավորման (IWAY) նախաձեռնությամբ Սուրբ ծննդյան տոնավաճառ տեղի կունենա Նկարիչների միությունում: Միավորումն աջակցության համար մշտապես ընտրում է հասարակության ամենախոցելի շերտին՝ կանանց և երեխաներին: Այս տարվա տոնավաճառը բացառություն չէ. միջոցառման ընթացքում հավաքագրված գումարը կուղղվի Գորիսի շրջանում բնակվող գործազուրկ կանանց զբաղվածության ապահովմանը:

Միավորման շուրջ 90 անդամների մեծամասնությունը կանայք են՝ ընդ որում, ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի՝ զբաղված կանայք հանուն կանանց զբաղվածության: Երբ որոշում էին, թե ուր պետք է ուղղեն այս տարվա տոնավաճառից ստացված հասույթը, պարզվեց, որ Գորիսի հարակից Շինուհայր գյուղում բրդի արտադրամաս կա, որը վաղուց արդեն կարգին չի գործում: Այդպես էլ որոշվեց հավաքված գումարով արտադրամասի համար գնել 20 ճախարակ, կանանց սովորեցնել, թե ինչպես մանել բուրդն ու գործել, իսկ արդյունքում գործված գորգերն ու կարպետները վաճառքի հանել: Ե՛վ կանանց զբաղվածության հարցը կլուծվի, և՛ բրդի ավելցուկի:

Տոնավաճառն իր բովանդակությամբ դասական է՝ ձեռագործ աշխատանքների, քաղցրավենիքի, անուշեղենի, աջակցող 10 դեսպանությունների ազգային մշակույթը ներկայացնող զանազան իրերի և ուտեստների վաճառք: Փոքրիկները կունենան իրենց մանկական անկյունը, կզվարճանան Ձմեռ Պապի հետ, քանի դեռ ծնողները կմասնակցեն լուռ աճուրդին՝ վաճառվող իրերի առջև դրված թղթի վրա գրի առնելով այն գինը, որը պատրաստ կլինեն վճարել և աջակցել միավորման նպատակներին: Տոնավաճառի ժամանակ սպասվում է նաև մեծ վիճակահանություն, որտեղ կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Միջոցառումը կտևի առավոտյան 10:00-ից 19:00:

Այս թեմայով