15 Հունիս 2014, 22:50
3891 |

Շիկացած մրցաշար

Գրեթե 3 տարի է, ինչ Հայաստանի տարբեր քաղաքներում պտտաձողերի ու զուգաձողերի վրա հայ ատլետները կատարելագործում են իրենց վարպետությունը։ Իսկ որտեղ պրոֆեսիոնալ մարզիկներն են, այնտեղ էլ այդ մարզաձևի ֆեդերացիան։ Street Workout & Streetlifting ֆեդերացիան իր մարզիկներն ու ներկայացուցիչներն ունի Հայաստանի շուրջ 11 քաղաքներում։ Սակայն հայ ատլետները դեռևս ոչ մի միջազգային մրցաշարին չէին ներկայացել։ Բացը լրացնելու համար Street Workout & Streetlifting ֆեդերացիան հունիսի 15-ին կազմակերպել էր Հայաստանի նախըտրական բաց առաջնությունը, որի հաղթողը երկիրը պետք է ներկայացնի Մոսկվայում կայանալիք Street workout-ի աշխարհի գավաթին։ Հայաստանյան նախընտրական փուլին գրանցվել էին 16-ից 25 տարեկան շուրջ 15 մասնակից տասը քաղաքներից։

Մասնակիցերի պատրաստավածությունը դատում էին պրոֆեսիոնալ մրցավարներ Հայաստանից ու Վրաստանից։ Հունիսյան կիզիչ արևի ներքո, երբ ներբանները հալվում են տաք ասֆալտի վրա, ատլետները շիկացած պտտաձողերի վրա անհավանական համարներ էին ցուցադրում։

Ժյուրիի որոշման համաձայն այս տարի Հայաստանը Մոսկվայի գավաթին ներկայացնելու է 17-ամյա Գագիկ Ավագյանը Վերին Արտաշատից։ Պատանին ոգևորված էր իր հաղթանակից ու ասաց, որ այն անսպասելի էր իր համար։ Իսկ Վրաստանի Street Workout & Streetlifting ֆեդերացիայի նախագահ Միշիկո Ժվանիան ասաց, որ համոզված է՝ Գագիկը բոլոր հնարավորություններն ունի Մոսկվայից հաղթանակով վերադառնալու համար։

 

Այս թեմայով