22 Դեկտեմբեր 2013, 17:48
1755 |

Նոր կյանքին ընդառաջ

Դեկտմեբրի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բարեգործական տրամադրություն էր: Շուրջ 40 սիրիահայեր «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին էին ներկայացրել իրենց ձեռագործ աշխատանքները: Ոսկերչական իրեր, քաղցրավենիք, ասեղնագործություն, տոնական արդուզարդ դրկիցներին աջակցելու համար, պատրաստել ու վաճառքի էին հանել սիրիացի հայերը: Տոնավաճառի ամբողջ հասույթն ուղղվելու է Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը:

Պատերազմի պատճառով տեղահանված սիրիահայերն այսպիսով փորձում են նոր արմատներ գցել հայրենի հողում, նորից ուղղել կորացած մեջքն ու ամեն ինչ սկսել նոր էջից, սակայն այս անգամ հայրենի հողում: Նրանք խոստովանում են, որ դարերով է ապացուցված՝ հայ ժողովուրդն իր համար ամենադժվարին պահերին դիմակայել է իր արվեստով ու արհեստներով: Այս ցուցահանդես-տոնավաճառն էլ պատմական ճշմարտության արտացոլումն է: Ցուցահանդեսից հետո համերգասրահի դահլիճում կայացավ «Նոր կյանքին ընդառաջ» բարեգործական համերգը հայաստանցի ու սիրիացի հայերի մասնակցությամբ:
Կոմիտասի, Բաբաջանյանի, Խաչատրյանի և այլոց ստեղծագործություններն ունկընդրող հանդիսատեսի համար համերգը կրկնակի բավականություն էր, քանզի հասույթը նույնպես ուղղվելու էր Նոր Հալեպի կառուցմանը:

Համերգին հնչեցին նաև  Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազունք» և «Զանգակներ» համույթների, «Շառավիղ» մանկական երգչախմբի կատարմամբ:

Այս թեմայով