09 Դեկտեմբեր 2013, 15:19
1775 |

Ցուցասրահը՝ թատերաբեմ

Մի գործառույթի համար ծառայող տարածքն այլ նպատակով օգտագործելը ենթադրաբար պետք է արդարացված լինի: «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը դեկտեմբերի 7-ին իր ելույթի համար թատերական դահլիճի փոխարեն ընտրել էր «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ցուցասրահը: 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում թատրոնի դերասանները խաղացին հատվածներ «Պիեսներ մահվան մասին» շարքի ներկայացումներից:

«Զինվորներ», «Մահացու հիվանդ», «Մարդասպան», «Ինքնասպան»՝ չորս ներկայացում, չորս հանդիպում մահվան հետ, չորս դրամա և երեք դերասան: Միմյանց դեմ պայքար, կենաց և մահու պայքար, պայքար ինքդ քո դեմ, ինքդ քո արարքի, քո «ես»-ի դեմ՝ ներկայացումների զգայական և դրամատիկ բովանդակությունը, որով առաջնորդվում էին դերասաններն ու նրանց մարմինները՝ տրվելով երաժշտությանն ու ներքին մղումներին և անկեղծանալով հանդիսատեսի հետ:

Ցուցասրահի շրջանաձև կառուցվածքը դերասաններին հնարավորություն էր ընձեռել հանդիսատեսին ևս ներկայացման յուրօրինակ մասնակիցը դարձնել: Երկու հանդիպակաց հատվածներում տեղադրված փոքրիկ բեմերում ներկայացումները խաղում էին մեկումեջ, որպեսզի հանդիսատեսն էլ իր հերթին յուրաքանչյուր դրվագից հետո շարժվեր դեպի մյուս բեմահարթակը: Ցուցասրահի ճերմակ պատերը, դերասանների սև հագուստն ու նվազագույն կողմնակի լուսավորությունը, փաստորեն, իսկապես այն ամենն էր, ինչ հարկավոր էր պարային պլաստիկան՝ որպես «ցուցանմուշ» մատուցելու համար:

Այս թեմայով